ani harutyunyan erevan

Քաղաքն իմ

Քաղաք իմ… քեզ գծել են մատիտով, հետո ասես լցրել են իմ սիրած բոլոր գույները քո մեջ ու քեզ հարմար տեղավորել իմ սրտում, կամ հակառակը՝ ինձ են տեղավորել քո մեջ: Հիմա, երբ լուսաբացերիդ ու մայրամուտներիդ վկան եմ, դժվար է քեզ պատկերացնել անգամ տասը տարի անց, ուր մնաց, թե հարյուր… Քո գրկում ուղղակի պիտի կանգնեցնել ժամանակն ու նայել քեզ լուռ… Հա, քեզ ամենաշատը սիրում եմ հենց լուսաբացերիդ ու մայրամուտներիդ ժամին, որովհետև այդ պահերին մենք մենակ ենք, ու ես հենց այդ ժամանակ եմ զգում ու ընկալում իրական տեսքդ, ձևդ, հոգիդ… Այդ ժամերին կարող եմ խոսել քեզ հետ ու քո մեջ տեսնել արտացոլանքս: Սիրածս փողոցներն ու տեղերն ինձնից լավ գիտես. դե, դրանք քոնն են, ես էլ քո մեջ եմ, չէ՞… Իմ տուն, իմ քաղաք, քեզ ամեն օր արևածաղիկներ կբերեմ ու կթողնեմ իմ սիրած անկյունում, հետո, երբ քամի լինի, թերթիկները կպոկվեն ու կսփռվեն քո բոլո՛ր անկյուններում, և դու ամեն տեղից կլսես ձայնս, ու կիմանաս, որ ես գժի պես սիրում եմ ամեն անկյունդ յուրովի, միայն թե ունեմ դրանց մեջ իմ ամենասիրածը: Երբ Ֆորշի երգերով պատեմ այգիներդ, իմացի՛ր, եկել եմ, ես եմ։ Ախր Ֆորշն այնքան սիրուն երգեց քեզ ու ավելացրեց, որ սրտից բացի՝ դու ունես հոգի… Դու ունե՛ս հոգի, ես դա գիտեմ հիմա, երբ ապրում եմ քեզ հետ ու քո մեջ և այս նախադասությունը գրում եմ իմ ամենասիրած անկյունում՝ քո ֆոնին… Մարդկանցով էլ ես սիրուն, բայց քո մեջ թող ապրեն նրանք, ովքեր իսկապես կտեսնեն քեզ իրենց ներսում ու կապրեն քեզնով, քե՛զ համար: Դու պատմություն ես քո մեջ ապրող յուրաքանչյուրի կյանքում։ Լինի հարյուր տարի անց, թե ավելի, ուզում եմ` քեզնով ապրեն, քեզ ապրեցնեն, ու դու էլ ապրես իրենցով։ Թող քո գրկի մեջ լինեն ամենաիսկականերն ու մի՜շտ շատ սեր տան քեզ։ Երկա՜ր ապրիր… Հավե՜րժ ապրիր…