Կյանքս` պարով, պարս կյանքով է լեցուն

Հարցազրույց Ագարակ համայնքի գյուղապետի տեղակալ, «Տոնացույց» ազգագրական երգի-պարի խմբի անդամ Ռուբեն Կարապետյանի հետ

-Պարոն Կարապետյան, մի փոքր պատմեք ձեր մասին:

-Նախ ասեմ, որ մեր գյուղը հիմնադրվել է 1918 թ.: Գյուղի հիմնադիրները եկել են Վան-Վասպուրականից: Ժողովուրդը Անդրանիկի խմբի անդամների ուղեկցությամբ փախել է Էրգրից եկել-լարել է այստեղի թուրքերին ու հիմնել Ագարակը, բայց գյուղը բազմիցս հիշատակվել է պատմության մեջ: Առավել մասսայական հիշատակումները սկսվել են 5-6 րդ դարերից, երբ Արշակունի արքաները սկսեցին այստեղ հաստատվել ու կառուցեցին ՍԲ Ստեփանոս եկեղեցին:

Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես այս գյուղի առաջին սերունդներից եմ: Ծնվել եմ 1942 թվականին, երբ Խորհրդային երկիրը խիստ պատերազմական վիճակում էր: Շատ ծանր տարիներ էին, բայց ժողովուրդը միահամուռ աշխատում էր թիկունքում, որ հաց ու հագուստ հասցներ զինվորին: 1949 թվականին ընդունվել եմ Ագարակի յոթնամյա դպրոցը: Յոթերորդ դասարանն ավարտելուց հետո՝1956 թվականին, ընդունվել եմ Ձորափի միջնակարգ դպրոցը: Սովորել եմ միջին, միջինից մի փոքր ավելի: Տասներորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել եմ շինարարական տեխնիկում: Այնուհետև Աղաջանյանի անվան մեխանիզացիայի տեխնիկում: Երկու տեխնիկում եմ ավարտել՝միջին մասնագիտական կրթություն ստացել, և՛ որպես մեխանիզացիայի, և՛ տնտեսագետ-նորմավորողի մասնագիտությամբ: Ծառայել եմ սովետական բանակում: Եղել եմ տանկիստ: Եկել ու աշխատել եմ Արզնի Շամիրամ ջրանցքի տեխնիկական ապահովման կետում տասնհինգ տարի: Երեսուն տարի աշխատել եմ արհմիության ղեկավար ու հիմա էլ այդպիսի գրանցում ունեմ: Բնակարաններ եմ բաժանել, ավտոմեքենաներ եմ բաժանել… Շատ հետաքրքիր է եղել իմ աշխատանքը: 1997 թվականից աշխատում եմ գյուղապետարանում՝ որպես գյուղապետի տեղակալ:

-Այսքան տարի աշխատում եք գյուղապետարանում. Ինչո՞վ կառանձնացնեք Ագարակը հարևան գյուղերից:

-Տարիներ առաջ Ագարակ և Ոսկեվազ գյուղերի միջև մրցույթ էր: Ագարակը պիտի բնութագրեր Ոսկեվազին, Ոսկեվազը՝ Ագարակին: Մենք ներկայացրեցինք ոսկեվազցիներին որպես աշխատասեր, փառահեղ ժողովուրդ, ելակ աճեցնող, խաղաղասեր… Նրանք մեզ ներկայացրեցին մազապուրծ անհագուստ տկլոր փախած եկած վայրի ժողովուրդ, որ չգիտեն ինչը ինչից է… Խոսքն առողջ դատողության մասին է: Մենք մեր հարևանների հետ միշտ համերաշխ ենք եղել: Չնայած այսպիսի բնութագրին, այսօրվա Ագարակը շեն է ու ծաղկուն, և մենք հպարտ ենք, որ այդ մազապուրծ ու անհագուստ ժողովրդից այսպիսի առողջ ու մտածող սերունդ է ծնվել:

Այսօր Ագարակը հպարտ է իր արժանավոր զավակներով, ովքեր ջանք, եռանդ ու միջոցներ չեն խնայել իրենց ծննդավայրը հնարավորինս բարեկեցիկ դարձնելու համար: Այսօր մենք ունենք գործող եկեղեցի, որտեղ ամեն կիրակի Պատարագ է մատուցվում, ունենք հուշարձան-կոթող, որը հավերժացնում է Եղեռնի, Մեծ Հայրենականի և Արցախում ընկածների հիշատակը: Ունենք խաղահրապարակ, սպորտդահլիճ, կանգառ: Եվ այս ամենն իրականություն է դարձրել Ագարակի պատվավոր համագյուղացի, բարերար Հրաչյա Պողոսյանը: Ագարակն առաջինն էր, որ մեծարեց լեգենդար «Արարատի» ֆուտբոլային թիմի հաղթանակի քառասնամյակը, և հենց Հրաչյայի օգնությամբ էլ գյուղի կենտրոնում վեր խոյացավ քարե հուշակոթողը:

-Մենք գիտենք նաև, որ դուք զբաղվում եք պարարվեստով: 

-Պարել սովորել եմ իմ պապերից, ովքեր գաղթել են: Հարսանիքների ժամանակ փոքր հասակում տեսել եմ ու հետաքրքրվել եմ: Պապիկս է ինձ սովորեցրել պարել, քանի որ այն ժամանակ պարի խմբեր չկային: Պարի խմբեր սկսել են գործել 1956-1957 թթ.: Ագարակը պարի խումբ ուներ, մենք պարում էինք, իսկ 1961 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնում մեր պարի խմբով ելույթ ունեցանք: Փառատոնի ընթացքում հաղթող ճանաչվեց մեր գյուղը: Ընդհանուր առմամբ, պարում էինք ազգային պարեր՝ քոչարի, լուրկե, քերծի, զինվորական պարեր, ասքյարի, մայրոկե, մայրոնե… Հետագայում, բոլորովին վերջերս, ստեղծվեց ազգագրական «Տոնացույց» խումբը Հասմիկ Բաղրամյանի ղեկավարությամբ, ընդգրկվեցինք այդ խմբի մեջ: Ոչ ոք ինձ չի ասել էս ոտքը այստեղ դիր… Ես ինչպես սովորել եմ իմ պապերի, պարում եմ այդպես: Իսկ «Տոնացույցի» երեխաներին ես եմ սովորեցրել, թե որ ոտքը ինչպես պիտի դնեն: Հիմա նրանք պարում են իմ գլխավորությամբ:

-Ինչո՞ւ որոշեցիք պարել: 

-Նախ պարը արվեստ է, երիտասարդ և առողջ է պահում մարդուն: Պարելիս հոգին ամուր է լինում, մարդն իրեն համարձակ ու զգաստ է զգում: Հետո ես որոշել եմ պարել, քանի որ այդ կերպ կարող եմ սերունդներին փոխանցել իմ պապերի ու ժողովրդի էությունն ու ազգային առանձնահատկությունը: Իմ կողմից սխալ քայլ կլիներ չպարելը, քանի որ մեր պապերը փախել-եկել են, որ փրկեն հայ մշակույթը, իսկ ես, որ հայ եմ, ոչ մի քայլ չձեռնարկե՞մ հայի էության պահպանման ու հաջորդ սերունդներին փոխանցելու համար: Գյուղի մշակույթի տանը բացարձակ անվճար դասընթացներ եմ կազմակերպել երեխաների համար, եկել են, սովորել են… Հիմա, ինչպես ասացի, «Տոնացույցում» եմ պարում ու սովորեցնում երեխաներին:

-Իսկ հե՞շտ է երեխաների հետ աշխատանքը:

-Երեխաների հետ աշխատանքը իհարկե դժվար է, բայց ինչքան էլ դժվար լինի, շատ հաճելի է: Ամեն մի երեխա մի մոլորակ է. շփվելով նրա հետ, դու բացահայտում ես իր էության մեջ մի այնպիսի որակ, որ քեզ կզարմացնի, ու հաստատ կցանկանաս, որ դու էլ այդպիսին լինես: Երեխաներն օժտված են առողջ դատողությամբ: Ես դա եմ սովորում երեխաներից:

-Ինչպիսի՞ն պիտի լինի հայը, որ աշխարհին օրինակ ծառայի:

-Ոչ թե պիտի լինի, այլ կա: Մենք օրինակ ենք ծառայում ցանկացած ժողովրդի: Ես շրջել եմ ողջ Եվրոպայով: Եղել եմ Իտալիայում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Չեխիայում… Ամեն տեղ հայ կա, ու այդ հայն ինչ որ բանով տարբերվում է մյուսներից: Ես Ղազախստանում եմ եղել 70-ականներին: Այնտեղ շինբրիգադի վարպետ կար, հայ էր: Ամբողջ շրջանը իր անունով էր երդվում: Մենք պիտի լինենք ուշադիր, ունենանք առողջ դատողություն և խոնարհ լինենք:

-Ասացիք, որ շրջել եք Եվրոպայով: Պարե՞լ եք այնտեղ: Ինչպե՞ս են ընդունել եվրոպացիները հայ մշակույթը:

-Պարել եմ Ռուսաստանում, Լատվիայում, Իտալիայում… Իտալիան մեր պարն ընդունեց հաճույքով: Հաճույքով ասելը քիչ է, ընդունեց մեծ սիրով, զարմանքով, որ մեր մեջ կա այսպիսի ձգտում, շարժ: 2013թ. Պարի մրցույթի ժամանակ հայկական պարը հաղթեց եվրոպականին, ու դիպլոմը շահեցինք մենք: Մրցույթի ժամանակ նաև ազգային ճաշատեսակներ էին պատրաստում: Մենք ձեռնամուխ եղանք տոլմա պատրաստելու գործին: Մենք տոլմա փաթաթեցինք ու մրցանակ շահեցինք: Բոլոր ժողովուրդներն էլ զարմանքով են ընդունել հայկական պարը:

-Ինչպիսի՞ն պիտի լինի մարդը: 

-Համար առաջին պայմանը ազնվությունն է՝ անկախ ամեն ինչից:

-Ի՞նչ տարբերություն եք տեսնում նոր և ավագ սերնդի միջև: 

-Սերուդը փոխվել է՝ լավ ուղղությամբ: Նոր սերունդն ավելի զարգացած է, գրագետ, բանիմաց: Նոր սերունդը գիտի` երբ ամուսնանա, ում հետ: Մեր ժամանակ հայրն ուզում էր, որ աղջիկը էս մարդու հետ ամուսնանա: «Մամ, դու ուզում ես, պապ, դու ուզում ես, ուրեմն ես էլ եմ ուզում»: Գտնում եմ, որ ժամանակակից սերունդն ավելի զարգացած է:

-Ի՞նչ ունենք սովորելու աշխարհից:

-Իտալիայի Նորմա քաղաքում մենք դուրս էինք եկել հեծանիվ քշելու: Մի տասնչորսամյա աղջիկ մեր հետևից էր գալիս հեծանիվով: Գալիս է հեծանիվով, կանգնում է, իջնում, ասֆալտի վրայից մի բան է վերցնում, գցում աղբամանը: Իջնում էր, մի ապակու կտոր վերցնում, գցում աղբամանը: Ես կցանկանամ, որ իմ երկրում էլ այդպես լինի, որ երեխաները մտածեն, որ եթե այս բանը իրեն չի վնասում, ուրիշ մեկին կարող է վնաս տալ: Մենք աշխարհից մաքրասիրություն ունենք սովորելու:

-Ի՞նչ հետաքրքիր դեպքով կկիսվեք:

-Ես եղել եմ Հնդկաստանում: Սուրճ եփելու սարք՝ էլեկտրական սրճեփ էինք տարել վաճառելու: Բոմբեյ (այժմ` Մումբայի) քաղաքում մի դարբնոց մտանք: Մտել ենք այնտեղ: Հնդիկ դարբինները շատ էին սուրճ խմում: Հիմա նրանց բացատրում ենք, որ ջուրը լցնում ես մեջը, եռում է, սուրճ ես ավելացնում, խառնում, սուրճը պատրաստ է: Նայում են բոլորը զարմացած. էս ի՞նչ է: Հնդկաստանում, Բոմբեյի պես վայրում է՞լ մարդ չիմանա` ինչ է էլեկտրական սրճեփը: Ըստ երևույթին, Անգլիան նրանց հետամնաց է պահել: 2-րդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Ագարակում գերիներ կային, նրանք ձեռքով, մուրճով քարերը կոտրում էին, որ ասֆալտ պատրաստեին: Դրանից մի քանի տարի հետո մեր մոտ ասֆալտի գործարան բացվեց: Իսկ 2002 թվականին, երբ ես Հնդկաստան գնացի, այնտեղ դեռ մուրճով էին ասֆալտ պատրաստում: Ինձ զարմացրել է, հաճելի է թվացել նաև այս:

Չեխոսլովակիայի գյուղերում, ամեն տուն ուներ իր ծաղկանոցը, ու այդ ծաղկանոցը միայն կանայք էին մշակում: Ինձ սա ևս շատ հետաքրքիր թվաց:

-Ի՞նչ կմաղթեք:

-Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն: Միայն խաղաղության ժամանակ մենք կարող ենք լավ պետություն ու ժողովուրդ ունենալ: Առողջություն մեր հայերին ու բոլորին…

 

Հարցազրույցը վարեցին` Դիանա Հովսեփյանը, Սարգիս Մելքոնյանը, Լենա Խաչատրյանը, Անահիտ Նազարյանը, Տաթև Հակոբյանը