Հայոց պատմության կենդանի դասերը

Արդեն չորս տարի է, անցնում եմ  «Հայոց պատմություն» առարկան: Այդ  տարիների ընթացքում շատ դասեր ենք անցել պատերազմների, ճակատամարտերի, ցեղասպանությունների մասին: Սովորաբար դասի ավարտին ուսուցչուհին հարցնում էր` հասկացե՞լ ենք արդյոք դասը, ու ես, գրեթե միշտ, գլխիս շարժումով ասում  էի`այո: Հետո անցանք Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին: Ուսուցչուհիս նշեց, որ  շատ կարևոր շրջան է, և պետք է լավ յուրացնենք: Խոսեցինք մարդկային զոհերի ահռելի թվերից: Լսելով կորուստների մասին, իսկապես խղճացի անմեղ զոհերին, միանգամից փորձեցի համեմատել կորուստները, բայց…

Ես նոր սերնդի ներկայացուցիչ եմ, այն սերնդի, որը չէր տեսել, սակայն լսել էր բազմաթիվ պատերազմների մասին: Բայց  այդ օրն էլ եկավ, ու մեր սերունդն էլ տեսավ պատերազմ: Հիմա էլ պատերազմը ընթանում է: Ճիշտ է, բոլորիս համար էլ ծանր էր, բայց իմ և  իմ ծնողների, ուսուցիչների, տատիկ-պապիկների արձաքանքը նույնը չեղավ: Նրանք այդ ամենը տեսել էին  1991-1994 թվականներին: Նրանց արդեն ծանոթ էին «պատերազմ, պայթյուն, զենք, կրակոց» արտահայտությունները: Մինչդեռ իմ և իմ տարեկիցների համար դա մի վատ երազ էր, որից ցանկանում էինք շուտ արթնանալ, միևնույն ժամանակ, հասկանալով, որ դա երազ չէ, այլ իրականություն:
Ապրիլի երկուսն էր, երբ վատ լուրեր  լսեցինք սահմանից: Բոլորս միանգամից տխրեցինք, հիշեցինք դիրքերում կանգնած մեր եղբայներին, հարազատներին:  Ինձ այլևս չէր հետաքրքրում դասն ու դպրոցը, համացանցը: Միայն լուրերին էի հետևում, ու արցունքներս ակամայից թափվում էին: Այդ ժամանակ  հասկացա, որ թիվը կապ չունի, որ մեզ համար  ամեն մի զինվոր  սրբություն է, որ պետք չէ խղճալ, այլ  ուղղակի զգալ է պետք… Ու ես զգացի այդ աննկարագրելի ցավը… Միայն այդ օրերին հասկացա, թե ինչ է հայրենասիրությունը, ինչ է հայրենիքի համար կյանք տալը:

Ընդամենը հաշված օրերի ընթացքում հարյուրավոր  մարդիկ կամավոր անդամագրվեցին և մեկնեցին առաջնագիծ, կանգնեցին հայ զինվորի  կողքին:
Չգիտեմ` հպարտանա՞մ, թե՞ տխրեմ, որ իմ Սյունիքից էլ շատերը մասնակցեցին, մասնակցում են, և ցավոք, նաև զոհվեցին: Երևի հպարտանամ,   որ սյունեցին ու սիսիանցին միշտ էլ պատրաստ են պայքարելու և հաղթելու, բայց մեկ է, տխրում եմ նրա համար, որ նրանք զոհվեցին: Ապրիլի չորսն էր, երբ լսեցինք Սիսիանի զոհերի մասի: Նրանք  ընկան Մարտակերտի շրջանում. «Մայիս Միրզոյան, Արմեն Բեգլարյան, Սեդրակ Ասրյան, Եղիշ Նիկալյան, Սերգեյ Դանղլյան»: Անուններ, որ կարդում և անցնում ենք, բայց նրանցից ամեն մեկը մի տան սյուն, մի ընտանիքի հայր էր, զավակ:

Պատերազմը հիմա ինձ համար ընդամենը թվեր չեն, հաշվարկ չէ, օրեր ու տարիներ չեն: