emanina

Կների՞ ինձ

-Էմ, արագ արի՜ այստեղ:

Մայրիկի այս խոսքերից հետո շտապ իմ սենյակից վազեցի խոհանոց, «Չլինի՞ ինչ-որ վատ դեպք է պատահել»: Միջանցքով անցա և արդեն պետք է մտնեի խոհանոց, երբ մայրիկը շրջվեց և նկատեց ինձ: Ջղային հայացք գցեց ինձ վրա ու ասաց.

-Ինչ անփույթ ես, հիմա ծաղիկը կնեղանա:

Սկզբում ես չհասկացա նրա այդ բառերի իմաստը, բայց մի քիչ հետո նկատեցի, որ միջանցքով անցնելուց կպել էի այնտեղ դրված մայրիկի ամենասիրելի բույսին: Բայց դե այնպես, մեկ է` ծաղիկի նեղանալը, ո՞րն է: Կնեղանա ինձանից և էլ չի՞ աճի: Հա, ինչ աբսուրդ բաներ ես ասում, մամ: Այդ խոսքերից հետո նա մոտեցավ բույսին ու դրա տերևները ուղղեց, հետո անգամ շոյեց: Ասում եմ՝ ինչ զարմանալի է, մի բանը այնքան սիրել, որ անձնավորել ամեն աստիճանի: Տալ զգացմունքներ, զգայարաններ…

Արդեն այդ խոսքերից հետո, ես ինքս ինձ վատ զգացի: Չլինի՞ ցավեցրեցի տերևները, հիմա կնեղանա ինձանից ու էլ չի աճի: Մայրիկս էլ կտխրի, որ սիրած բույսը էլ չաճի: Ախր, ես մեղավոր չեմ, է: Միամիտ ստացվեց, ես չէի ուզում, չէի նկատել, որ այն արդեն այնքան էր մեծացել, որ տերևները հասնում էին միջանցքի դռանը: Ասում եմ էլի՝ անուշադիր եմ շատ: Ու անհասկանալի հայացքով դեռ երկար նայեցի մայրիկին ու փորձեցի հասկանալ:

Ինձ մեղավոր զգալով մոտեցա ծորակին, բաժակի մեջ մի քիչ ջուր լցրեցի ու խմեցրեցի նրան: Ասում եմ՝ երևի թե կների ինձ  չէ՞:

Էսպիսի դեպքեր, երևի շատերիս տներում է եղել: Երբ ծաղիկը նեղացել է մեկից` իրեն անփույթ դիպչելու կամ տերևները վնասելու ժամանակ: Հա գիտեմ, շատ տարօրինակ բան է, որոշ պայմաններում, բայց դե, պետք է ընդունել այնպես, ինչպես կա:

-Հա, մամ, ի՞նչ էիր ուզում ասել ինձ, դե որ ձայն տվեցիր:

-Ոչինչ, արդեն մոռացա: