Կոթիի «Սմարթ ապահով սենյակը»

Լուսանկարը՝ Նինա Գանջալյանի

Լուսանկարը՝ Նինա Գանջալյանի

Մեր օրերում տեխնիկական միջոցներն այնքան են զարգացել, որ արդեն ոչ միայն ռոբոտներն են փոխարինում մարդկանց, այլև մարդիկ են նմանվում ռոբոտներին: Տեխնիկական միջոցների զարգացման թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը շատ են, ինչևէ, այսօր կխոսենք միայն դրականների մասին: Մեզանից շատերը գիտեն Հայաստանի մանուկներ հիմնադրամի (Children of Armenia Fund) ու դրա իրականացրած ծրագրերի մասին: Հիմնադրամի ծրագրերից մեկն էլ Հայաստանի տարբեր համայնքներում Սմարթ սենյակների ստեղծումն է: Տավուշի մարզում այդպիսի համայնքները դեռևս երկուսն են՝ Այգեհովիտը և իմ համայնքը՝ Կոթին:

Լուսանկարը՝ Նինա Գանջալյանի

Լուսանկարը՝ Նինա Գանջալյանի

Ծրագրի նպատակը տեխնիկական նոր միջոցներ ստեղծելն ու երեխաներին նոր հնարավորություններ ընձեռելն է: Կոթիում սենյակը գործում է արդեն շուրջ 7 ամիս: Սենյակում 3 մշտական խմբակ է գործում՝ անգլերենի, ռոբոտաշինության և մեդիա գրագիտության: Գործում է նաև անգլերենի ինքնուսույց ծրագիր, որի գլխավոր առավելությունը տարիքային սահմանափակում չունենալն է: Նորագույն տեխնոլոգիաներից նույնիսկ մանկապարտեզ հաճախող փոքրիկները հետ չեն մնում. նրանց համար էլ ուսուցողական դասընթացներ ու մուլտֆիլմի դիտումներ են կազմակերպվում:

Լուսանկարը՝ Նինա Գանջալյանի

Լուսանկարը՝ Նինա Գանջալյանի

Սենյակը «Սմարթ սենյակ» կոչվելու փոխարեն կոչվում է «Սմարթ ապահով սենյակ»: Անվանումը հենց այնպես չի տրվել. այն նկուղային հարկում է, ինչը կարծես պարտադիր պայման է սահմանամերձ համայնքում:
Սմարթ սենյակի համակարգող Նինա Գանջալյանի խոսքով՝ երեխաները մեծ հաճույքով են հաճախում դասընթացներին, ինչի հիմնական պատճառներից մեկն էլ սենյակի առաջինն ու դեռևս միակը լինելն է: Նինան մեծ հաճույքով է աշխատում երեխաների հետ: Կարծում է, որ երեխաների հետ աշխատելը միշտ էլ հաճելի է:

Լուսանկարը՝ Նինա Գանջալյանի

Լուսանկարը՝ Նինա Գանջալյանի

Սմարթ սենյակ արդեն շուրջ 40 երեխա է այցելում, նրանցից որոշները անգամ մի քանի դասընթացների են մասնակցում: Մեկն էլ Անի Էվինյանն է: Անիի խոսքով՝ սկզբում նա նման սենյակի մասին երազել անգամ չէր կարող: Սենյակի բացման մասին իմանալով՝ անմիջապես սկսել է հետաքրքրվել և ամեն ինչ անել դասընթացներին մասնակցելու համար: Մասնակցում է ռոբոտաշինության, անգլերենի և մեդիա գրագիտության դասընթացներին: Ասում է, որ իր համար նման ծրագրի մասնակցելն իսկապես շատ կարևոր է, և որ յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունն իր հիմնավոր պատճառն ունի: Ուզում է լրագրող դառնալ: Ասում է, որ թե՛ անգլերենը, թե՛ մեդիա գրագիտությունը չափազանց կարևոր են ցանկացած լրագրողի համար: Իսկ հարցին, թե ինչ կապ ունի ռոբոտաշինությունը լրագրություն սովորել ցանկացող մարդու հետ, Անին իր պատասխանն ունի. «Ուզում եմ հայրենիքիս համար որևէ լավ բան անել. իմ պատրաստած ռոբոտը կկանգնի սահմանին և իր վրա կվերցնի թշնամու կողմից արձակված ցանկացած փամփուշտ»:
9-րդ դասարանցի Տաթևիկ Սեփխանյանը նշում է, որ COAF-ի նախագծած ծրագիրը՝ Կոթիում Սմարթ սենյակ ստեղծելը, շատ անսպասելի և, միևնույն ժամանակ, անչափ հաճելի իրադարձություն էր իրենց՝ երեխաների համար: Տաթևիկն ամեն ինչ հենց սկզբից հիշեց, պատմեց իր վախերի, ձանձրույթի ու անհասկանալի թվացող դասընթացների մասին. «Սկզբում վախենում էի, չէի հավատում, որ կկարողանամ լրացնել ընդունելության հայտն ու մասնակցել խմբակին: Առաջին մի քանի օրերն իսկապես ձանձրալի էին թվում, որովհետև չէի կարողանում գիտակցել դասընթացների լրջությունն ու կարևորությունը: Հիմա մեծ սիրով եմ մասնակցում թե՛ ռոբոտաշինության, թե՛ մեդիայի և անգլերենի խմբակներին: Շատ տպավորված եմ այս պարապմունքներից ու հատկապես՝ դասավանդող ուսուցիչներից: Նրանք իսկապես ջանք չեն խնայում մեզ ինչ-որ նոր բան սովորեցնելու համար: Այստեղ հնարավորություն եմ ունենում զբաղվել այնպիսի բաներով, որոնց մասին երազել անգամ չէի կարող»: Տաթևիկը հույս ունի, որ դասընթացները երբեք չեն ավարտվի: Ուզում է բավականին լավ անգլերեն խոսել սովորել և ինքնուրույն ստեղծել իր երազած ռոբոտը:

Լուսանկարը՝ Նինա Գանջալյանի

Լուսանկարը՝ Նինա Գանջալյանի

Մայա Հարությունյանի համար ևս Սմարթ սենյակի բացումը ամենաանսպասելի, բայց և ամենաուրախ նորություններից մեկն է եղել: Մեծ հաճույքով է մասնակցում թե՛ անգլերենի, թե՛ մեդիա գրագիտության դասընթացներին: Հաճախ եմ հարցնում, թե ինչ են սովորում Սմարթ սենյակում, ասում է. «Սմարթ սենյակում սովորում ենք այն, ինչը չենք սովորել դպրոցում: Ամեն ինչ ավելի հեշտ է և մատչելի՝ մեր հիանալի ուսուցիչների շնորհիվ: Անգլերենը միջազգային լեզու է, և մեր օրերում այն իմանալը կարծես թե պարտադիր պայման է գիտության ցանկացած բնագավառում»:
Ռոբոտաշինության փոքրերի խմբում էլ արդեն երկրորդ ռոբոտն են նախագծում: Եղբայրս՝ Ժորան, ոգևորված պատմում է դասընթացների մասին ու հորդորում, որ գրեմ ասածները: Ուզում է ծրագրավորող դառնալ, շրջել այլ երկրներում և մի օր իր իսկ ստեղծած խաղերը խաղալ: Հարցին, թե ինչ ռոբոտ է ուզում պատրաստել, մեր ծույլիկը առանց մի վայրկյան անգամ մտածելու պատասխանում է. «Ռոբոտ, որ մարդու փոխարեն գործ կանի, խանութ կգնա, դաս կսովորի»:
Ու երևի տարիներ հետո մարդիկ ռոբոտներից ոչ մի բանով էլ չեն տարբերվի: