Կոթիի վաղվա օրը

 

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Ես Գարիկ Գանջալյանն եմ, ծնվել եմ 1999թ. Տավուշի մարզի Կոթի գյուղում: Սովորում եմ Կոթիի Շ. Շահնազարյանի անվան դպրոցի 12-րդ դասարանում: Ապրում եմ ծնողներիս և քրոջս հետ: Սիրում եմ զբաղվել լուսանկարչությամբ, լուսանկարներիս հիմնական թեման Կոթի գյուղի բնաշխարհն է: Սիրում եմ զբաղվել սպորտով: Հանդիսանում եմ դպրոցի աշակերտական խորհրդի սպորտային կազմակերպիչ:

«Հայրենիքի դարպասներ»  ՀԿ-ի հովանավորության շնորհիվ 2015թ. հոկտեմբերի 1-ից հաճախում եմ Դիլիջանի Թումո կենտրոն, որտեղ ուսումնասիրում եմ ռոբոտաշինություն, ֆիլմերի ստեղծում և անիմացիա: Այս տարի ավարտում եմ դպրոցը և ցանկանում եմ դառնալ պրոֆեսիոնալ լուսանկարիչ, ինչպես նաև շարունակել ուսումս բարձրագույն ուսումնական հաստատությունում:

Ապրելով սահմանամերձ Կոթի գյուղում, մանկուց ականատես եմ եղել սահմանին տիրող իրավիճակին: Չնայած իրեն բաժին ընկած ծանր ճակատագրին, Կոթին շարունակում է իր գոյությունը` կերտելով իր փառավոր պատմությունը: Դեռ մանկուց իմ սիրելի զբաղմունքներից էր լսել գյուղի մեծերի պատմությունները գյուղի մասին, նրանում ապրող ժողովրդի հերոսական արարքների մասին, որոնք ցույց են տալիս անսահման սերը դեպի հայրենի գյուղը: Երևի դա է պատճառը, որ իմ մեջ ապրում է անսահման սեր գյուղի նկատմամբ և հպարտություն, որ ես այդ հերոսական անցյալ ունեցող ժողովրդի մի մասնիկն եմ:

Ցավալի է տեսնել, թե ինչպես է տարիների ընթացքում օր-օրի ավելանում այն տների թիվը, որտեղ այլևս լույս չի վառվում: Մարդիկ լքում են հայրենի օջախները` օտարության մեջ ավելի լավ կյանք գտնելու ակնկալիքով: Սակայն չեմ կարող ասել, որ այդ մարդիկ մեղավոր են, քանի որ օր-օրի ավելացող թշնամու գնդակների թիվը և այլևս գոյատևելու ոչ մի պայման չունենալը մարդկանց ստիպում է սրտում խորը թաղել իր գյուղի հանդեպ ունեցած սերը և արցունքն աչքերին փակել տան դարպասները և հեռանալ, միևնույն ժամանակ, հոգու խորքում հույս ունենալով, որ մի օր անպայման նորից կբացվի այդ դուռը:

Չեմ կարող ասել, թե ապագայում ուր կտանի ինձ կյանքիս ուղին, սակայն մի բան հաստատ կարող եմ ասել, ինչպես ես, այնպես էլ ցանկացած ԿՈԹԵՑԻ, անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է գտնվում, չի կարող մոռանալ իր արմատները, իր պատմությունը: Հաստատ կարող եմ ասել, որ յուրաքանչյուրի ցանկությունն է`  վերջապես տեսնել իր գյուղը խաղաղության մեջ: Համոզված եմ, կգա այդ օրը, անպայման կգա:

Ահա թե ինչն է ինձ հուզում: