Քարտեզը

Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի

Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի

Մահճակալիս պառկած խաղում էի իմ ամենասիրելի խաղալիք՝ թենիսի գնդակով: Արդեն երևի միլիոներորդ անգամ գնդակով խփեցի իմ դիմացի պատին՝ սպասելով, թե երբ գնդակս հետ կգա, և ես դրանով պատին կխփեմ միլիոնմեկերորդ անգամ: Բայց այս անգամ ես վրիպեցի, ու գնդակս ընկավ սենյակիս անկյունում գտնվող հագուստի պահարանի վրա: Ես հասկանով, որ երկար չեմ դիմանա առանց գնդակի «դխկոցների», ստիպված վեր կացա մահճակալիցս ու քայլեցի դեպի պահարանը: Իմիջիայլոց, ես պահարանին հասա 5 րոպե հետո միայն, չնայած այն ինձնից 3 մետրի վրա էր գտնվում: Պատճառն այն էր, որ ես իմ հենց առաջին քայլից ձախ ոտքիս ճկույթով հարվածեցի մահճակալիս ոտքին, և ստիպված եղա առաջիկա 5 րոպեներն անցկացնել հատակին` գոռալով անտանելի ցավից և միգուցե նաև հայհոյելով:

Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի

Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի

Այնուհետև մայրիկս բացեց սենյակիս դուռը, հարցնելով, թե ինչ է պատահել: Ես գտնվելով ցավի ազդեցության տակ, հիմարի պես գոռացի. «Ոչ մի բան էլ չի եղել», որից հետո նա, հասկանալով իմ վիճակը, փակեց դուռը ու գնաց: Ես բարձրացա ու նայեցի պահարանի գլխին:
Գնդակը երևի ընկել էր պահարանի գլխին դրած գրքերի հետևը: Ես ձեռքս երկարացրի ու առանց նայելու սկսեցի ուսումնասիրել, թե ինչ կա գրքերի հետևում: Ահա ինչ-որ «շխկշխկան» թուղթ գտա: Ճմրթված թուղթ: Ըհը: Էս էլ գնդակս: Բայց մի րոպե: Էս ինչի՞ վրա է ընկել: Շոշափելով քրքրված գրքի նմանեցրի: Ու էդ գրքի վրա հավաքելով իմ գտած բոլոր գանձերը, իջեցրի և նստեցի հատակին, այնտեղ, ուր քիչ առաջ ընկած էի:

Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի

Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի

Կոնֆետի թուղթը պարզվեց «սնիկերսի» թուղթ էր, որը ես կերել ու գցել էի այնտեղ մի 2 տարի առաջ: Էմալապատ իրը պարզվեց խխունջների խեցիներից մեկն էր, որոնք ես բերել էի Սևակի տուն-թանգարանի բակից 4 տարի առաջ:
Ճմրթված թուղթը փաստորեն իմ 5-րդ դասարանի օրագրից էր.
«Մայրենի՝ 5, Պատմություն՝ 5, Մաթեմ՝ 1»:
Ամեն ինչ պարզ ա: Մաթեմի 1-ը լուրջ պատճառ էր էջը պոկելու և թաքցնելու համար:
Գնդակս: Ես այն նվեր եմ ստացել պապիցս: Վրայի կանաչ թաղանթը մաշվել-գնացել է, թողնելով գնդակիս տկլոր:
Ու ահա գիրքը: Չէ: Բայց սա գիրք չի: Ա՜… «Карта народов мира»՝ «Աշխարհի ազգերի քարտեզ»: Չէ որ սա ինձ համար, բառիս բուն իմաստով, մի ողջ աշխարհ էր: Այս 2 մետր երկարությամբ ու մի մետր լայնությամբ սովետական քարտեզը փոքր ժամանակ իմ ամենասիրելի զբաղմունքն էր:

Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի

Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի

Ես փակեցի աչքերս ու խրվեցի հիշողությունների մեջ:
Նորից էն 6 տարեկան խուճուճն եմ: Քայլում եմ պահարանի կողմը: Բայց քանի որ ներկայիս 185 սանտիմետրի փոխարեն ես ինձ 95 սանտիմետրանոց երեխա եմ հիշում: Դրա համար ես գնում և բերում եմ աթոռը: Բարձրացա աթոռին, հետո կանգնեցի մատներիս ծայրերին ու սկսեցի փնտրել մի բան: Բայց ես գնդակս չեմ փնտրում, այլ քարտեզս: Վերցրի այն ու վազելով դուրս եկա բակ: Բացեցի այն ու փռեցի բակում, իսկ հետո պառկեցի վրան:
Ահա ես լողում եմ Ատլանտյան օվկիանոսի կապուտակ ջրերում: Հետո քայլում եմ Սահարայի շիկացած ավազի վրա: Ու այդպես ժամեր շարունակ: Թաղից գալիս կանչում էին ֆուտբոլ խաղալու ու ասում էին. «Ի՞նչ ես էդ քարտեզի վրա թավալ տալ, էջի թաղ»: Իսկ ես ասում էի. «Դուք քարտեզով խաղալ չգիտեք, բան չեք հասկանում»: Քարտեզն առնում ու գնում էի ընկերներիս մոտ:
Հետո գալիս էր մայրիկը, կես ժամ շարունակ համոզում, որ գամ տուն: Հետո հասկանում էր, որ ինձ համոզելն անիմաստ է, վերցնում էր քարտեզը ու տանում տուն: Իսկ ես, վախենալով մութ տեղում մենակ մնալուց, ստիպված վազում էի տուն:
Բացում եմ աչքերս ու զգում, որ ապուշի նման ժպտում եմ:
Քարտեզը բացեցի: Մի քիչ հիացա: Հետո ծալեցի ու դրեցի տեղը՝ գրքերի հետևում: Հաջորդ անգամ գնդակը դիտմամբ էդտէղ կգցեմ…