Կորած թաշկինակները

Լուսանկարը` Անահիտ Գասպարյանի

Լուսանկարը` Անահիտ Գասպարյանի

Երկու օր առաջ քայլում էի փողոցով ու ինչ պետքական ու անպետք բաների մասին ասես մտածում էի: Գլուխս լրիվ լցված էր բառերով, որոնք արդեն հոգնել են իրենց գոյությունից և անտեղի շատ ծեծված լինելուց:

Հանկարծ մի միտք. կանացի անձեռոցիկներ… Տղամարդու թաշկինակներ… Թաշկինակդ ո՞ւր է, Դեզդեմոնա:
Մի հետաքրքիր բան նկատեցի: Առաջ բոլորը միայն թաշկինակներ էին օգտագործում, իսկ այսօր հազվադեպ եմ մեկի ձեռքին թաշկինակ տեսնում: Ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ մարդիկ թաշկինակ չեն սիրում: Միգուցե աղջիկները մտածում են, որ թաշինակների վրա շատ մանրէներ կա՞ն, իսկ տղաները չգիտե՞ն դրա մասին: Կամ թե աղջիկները մտածում են՝ այլևս կանացի և նրբագեղ չէ թաշկինակ պահելը:

Սիրում եմ թաշկինակներ՝ բազմապիսի, բազմերանգ ու բազմանախշ: Մանկուց մի սովորություն ունեի: Միշտ դարակից թաքուն վերցնում էի հայրիկիս թաշկինակները, չնայած մայրս նկատում էր դա, բայց բան չէր ասում: Չգիտեմ, գուցե հայրիկի թաշկինակը գրպանումս ես ինձ ավելի պաշտպանվա՞ծ էի զգում:

Հետո միշտ էի այդպես անում, նույնիսկ ավելի մեծ տարիքում: Միշտ տղամարդու թաշկինակներ էի վերցնում, ու այն հարցին, թե ինչու կանացի թաշկինակներ չեմ օգտագործում, պատասխանում էի. «էս մեկը ավելի հարմար է», «Ավելի փափուկ է», կամ թե՝ «էս մեկի գույները ավելի սիրուն են»:

Հիմա էլ եմ նույն կարծիքին, ուղղակի ես էլ թաշկինակ չեմ օգտագործում: Չգիտեմ պատճառը: Բայց կուղղեմ բաց թողածս, վստահ եմ:

Իսկ դու սիրո՞ւմ ես թաշկինակ: