Մինչ նոր հանդիպում 17.am-ում

mariana manukyan

Ողջույն, ես Մարիանան եմ, 2017 թվականին շատ նպատակներ ունեմ, որոնք ցանկանում եմ իրագործել: Դրանց մեծ մասը կապված է 17.am-ի հետ: Ես նոր թղթակից եմ և հիմա գրում եմ իմ աոաջին նյութը: Ցանկանում եմ պատմել իմ, իմ անվան և իմ ծագման մասին:

Այո` ճիշտ նկատեցիք, իմ անունը գրված է մի ն-ով, և դա սխալ չէ: Ինձ շատ է դուր գալիս իմ` մի ն-ով անունը, որով էլ ես տարբերվում եմ մյուս մարիաննաներից: Հայրիկս ցանկացել է ինձ Մարիամ անվանել: Իսկ մայրս և եղբայներս մի փոքր ձևափոխելով` ինձ անվանել են Մարիանա: Անունս իրականում էլ առաջացել է Մարիամ անունից: Մինչ Մարիամ Աստվածածնի ծնունդը, նշանակել է դառնության ծով, որի հետ ես բոլորովին համաձայն չեմ: Մարիամ Աստվածածնի ծնունդից հետո այն նշանակում է Տիրուհի:

Իմ անունը միշտ գրում են երկու ն-ով, նույնիսկ դասամատյանի մեջ է այդպես գրված: Ես միշտ պայքարում եմ իմ անվան ճիշտ գրելաձևի համար:

Պատմելով իմ մասին` կարծում եմ նախ պիտի ներկայացնեմ արմատներս: Թեև ես ծնվել եմ Երևանում, սակայն իմ հայրիկը մարտունեցի է: Իմ պապերը այնտեղ են գաղթել պատմական Հայաստանի Մուշ քաղաքից` փախչելով 20-րդ դարասկզբի ջարդերից: Հայրիկս պատմել է, որ Մանուկյանների ազգը շատ հարուստ է եղել և կարասով ոսկիներ է թաքցրել մեր հողերի, ծառերի տակ, սակայն գաղթի ժամանակ ոչինչ չեն կարողացել վերցնել իրենց հետ: Հաստատվելով Մարտունի քաղաքում` սկսել են նոր կյանք: Ահա, թե որտեղից է սերում իմ ազգը և ես:

Կհանդիպենք: