Կորած-մոլորածը Մաշտոցի պողոտայում

Սովորական օր էր, «Մանանա»-յից վերադառնում էի տուն: Մեկ էլ մաման զանգեց.
-Շուտ մի բան նստի, արի «Փակ շուկայի» մոտ, քեզ ենք սպասում, Աշոտի ծնունդն ա, պիտի գնանք:

Ես շտապում եմ կանգառ, մի հարմար տեղ գտնում և սկսում սպասել: Երթուղային չկա, որն էլ տանում է, լիքն է: Հեռախոսս նորից զնգաց.

-Միլե՞ն, նստե՞լ ես:
-Չէ, մա՛մ, կանգառում եմ:
-Դե արագացրու՛:

Ըհը, 70-ը եկավ, բայց որ եկավ՝ ի՞նչ, մի ոտքս հազիվ տեղավորվի: Վա՜յ, ազատ ավտոբուս:

- «Փակ շուկա» գնու՞մ եք:
-Չէ՛:

Վերջապես եկավ 75-ը: Շուտ մտա ու մի հարմար տեղ գտա կանգնելու համար: Խցանում էր, երթուղայինը շատ դանդաղ էր շարժվում:

-Ալո՛, Միլե՞ն:
-Նստել եմ, մա՛, 75,- ասում եմ ու միանգամից մտածում.

«Ի՞նչ նստել, դե արի ու մի ասա՝ շախմատի ձի դարձանք:»

-Ու՞ր ես հասել:
-SAS-ի մոտ եմ, մա՛:
-Չեմ լսում:
-Լավ, էլի:

Մի տղա երեխա կողքիս կանգնած անընդհատ կոնֆետ է ուզում իր մայրիկից, ով ինչ-որ բարբառով շարունակ համոզում է, որ չունի: Ես հիշում եմ, որ դպրոց տարած կոնֆետս չեմ կերել, փորձում եմ էդ նեղ պահին սողոսկել պայուսակիս մեջ և գտնել կոնֆետը:

-Վերցրու էս կոնֆետը,- ասում եմ և ձեռքս պարզում տղային: Նա խելոք-խելոք վեցնում է:
-Բա ի՞նչ պետք ա ասես,- հարցնում է որդուն մայրը և միանգամից դառնում ինձ,- Չարենցավան էինք գնացել, որ էրեխուս նկարեին, պիտի էդ ֆոտոն ֆեյսբուքում դնեն:
-Հա՜,- իմիջիայլոց ասում եմ ես ու մտածում.

«Իմ սև սիրտ, Ձեր ֆեյսբուք:»

-Նենց էլ ցուրտ էր էնտեղ, Երևանում տաք ա:

Անտարբեր ժպտում եմ: Մինչև «Փակ շուկա»  դեռ մի քանի կանգառ կա, ես ուշանում եմ, իսկ երթուղայինը շարժվում է կրիայի արագությամբ և գնալով լցվում է: Արդեն չեմ կարողանում նայել պատուհանից, որ հասկանամ, թե որտեղ եմ, մեկ էլ զգամ՝ մտանք թունել:

-Վա՜յ, «Փակ շուկան» անցանք,- մտածում եմ ու միանգամից պատկերացնում ինձ սպասողների դեմքերը:
-Մետրոպոլի մոտ կարո՞ղ եք պահել:
-Չէ՛:
-Չէ՞:  Կորած եմ:

Հասանք Մետրոպոլ, երթուղայինը կանգնեց:

-Չե՞ք իջնում:
-Կարո՞ղ եմ:
-Բա կանգնել եմ, որ իջնես:

«Այ քեզ բան: Համ ասում է՝ չեմ կարող կանգնել, համ ասում է՝ չե՞ս իջնում:»

Հավաքում եմ ողջ համարձակությունս, զանգում մամային: Չի պատասխանում: Զանգում եմ եղբորս:

-Վահրա՛մ, մամայի հե՞տ ես:
-Չէ:
-Օ՜ՙ, ոչ:

Զանգում եմ պապային, բացատրում կատարվածը:

-Որտեղ իջել ես, էնտեղ էլ սպասի, կգանք հեսա,- ասում է հայրս՝ զարմանալիորեն չբարկանալով:

Նորից զանգում եմ մամային:

-Մա՛մ, լսի, իջել եմ, բայց ուրիշ տեղ, պապան գիտի, սպասում եմ Ձեզ:
-Անջատվա՛ծ,- ասում է մայրս ու անջատում:

«Ախր ինչի՞ եմ անջատված: Ես ո՞նց էդ քսաներեք հոգանոց երթուղայինից կարողանայի դուրս նայել, եթե մեջը մոտ հիսուն հոգի մարդ կար: Չէի էլ հասկանում, թե ուր էինք հասել, որ ասեի՝ կանգառում պահեք»:

Դրսում ցուրտ է ու մութ: Ինձ համար քայլում եմ հետ-առաջ, հետ-առաջ: Մեկը տեսնի, կասի՝ գիժ ա: Լարում եմ տեսողությունս, նայում մեքենաների հոսքին և փորձում գտնել մեր ոսկեգույնը: Մեկ էլ մի մեքենա մոտենում է մայթին ու կանգնում: Փաստորեն պապան էր:

-Լավ է ակնոցով էի,- մտածում եմ ես ու շտապում մեքենայի մոտ:
-Ա՞յ կորած-մոլորած:
-Մամա՛:

Ծիծաղում են, բայց ես ախր չէի կորել: Հասնում ենք տատիկենց տուն, որ մի քանիսին էլ վերցնենք ու գնանք: Բայց…Պարզվում է՝ ծնունդը հետաձգվել էր: