amalya harutyunyan

Կորցնելու մասին

Պատահել է, չէ, որ ինչ-որ իր դնես աչքին լավ երևացող տեղ, բայց մի քանի ժամ հետո կորցնես, չխաբես: Վստահ եմ, որ պատահել է:
Հա, մենք բոլորս մի հմուտ տաղանդ ունենք` կորցնել:
Թեև վստահ չեմ կարող ասել՝ ինչքանով է այդ տաղանդը քո մեջ զարգացած, բայց ինչ վերաբերում է ինձ` ես կորցնելու մեծ վարպետ եմ:
Կորցնել: Կարծում եք դա ինչ-որ բանի բացակայությո՞ւնն է: Մեծ հաճույքով չէի համաձայնվի: Լինում են հանգամանքներ, երբ կորցրածդ քո առաջ է դրված, քեզ մի քանի խոսք կամ մի քանի քայլ է բաժանում նրանից, երբ պետք է ընդամենը պարզես ձեռքդ վերցնելու համար, բայց… Չես կարող, ինչո՞ւ, որովհետև այն արդեն քոնը չէ, քեզ չի պատկանում, դու առանց գիտակցելու, կամ մտածված, դատելով կամ շփոթված, կորցրել ես, ու կորցնելուց անմիջապես հետո սկսել ես գնահատել ու փորձել նորից վերադարձնել: Բայց չե՞ս կարծում, որ ուշ է, որ արդեն կորցրածդ ուրիշը գտել է…
Մեն կարող ենք կորցնել ականջակալները, մազակալը, նոթատետրը, գրքերը, գրիչները, թղթերը:
Այս ամենն ինձ հետ պատահում է ամեն օր:
Բայց արդյո՞ք միայն այս իրերը:
Հա, երբևէ չեմ նշել, որ վեց տարեկանից ստեղծագործում եմ:
Միշտ փորձում եմ պահել գրվածքներս, բայց բոլորը կորցնում եմ:
Այսօր «Արևածաղիկ»-իս (ամսագիր է) համարներն էի պեղել արխիվիցս: Ամսագրերս փոշոտ էին, բացում էի և նյութերիցս ամեն մեկը կարդալով հասկանում էի, որ օրերն էլ են գնացել, ու ես նրանց էլ եմ կորցրել, որ այն պատճառներն ու շարժառիթները, ինչի համար նյութը գրել էի, այլևս չկան:
Հետևաբար մենք անխնա պահերն ու օրերն էլ ենք կորցնում:
Տես, օրինակ երբ տխրում ես, կորցնում ես ժպիտդ, երբ ժպտում ես, կորցնում ես արցունքներդ: Գիշերը երկինքը կորցնում է արևին, իսկ ցերեկը` լուսնին:
Մենք կորցնում ենք հայացքներ՝ մեզ ուղղված կամ լրիվ այլ ուղղությամբ սևեռված, անտարբեր ու չնկատելով անցնում ենք, մենք կորցնում ենք թղթեր, որի վրա հնարավոր է, գրված է աշխարհի ամենակարևոր արտահայտությունը: Մենք կորցնում ենք ակնթարթներ, մտքեր, խոսակցություններ, հնարավորություններ, հիշողություններ:
Բայց գիտես, ամենասարսափելին որն է, երբ մենք կորցնում ենք մարդկանց: Երբ նա կանգնած է դիմացդ, նայում է քեզ, իսկ դու արդեն կորցրել ես նրան: Ու խոսքը ամենևին էլ վեճի, անհաշտության մասին չէ: Դուք ամենահասարակ օրերի նման բարևում եք իրար, գուցե և զրուցում, բայց դուք արդեն առաջվանը չեք, ու քանի որ կորցրել եք պահերը, կորցրել եք օրերը, ու կորցնելով օրերը՝ կորցրել եք հիշողությունները, ու հիշողություններն էլ կորցնելով՝ կորցրել եք իրար…
Ու կորցնելով իրար, կորցնում ես ժպիտդ ու քեզ…
Մենք կորցնում ենք ամեն ինչ, բայց ամենադժվարն այն է, երբ կորցնում ես քեզ, ու այսպիսի մի նյութ է ստացվում`ամեն ինչ կորցրած, ամեն ինչ փնտրելով ու ժպիտը կորցրած թաց աչքերով…