Կրակի երկիր, Հայաստանս

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Բարև,  երկիրս։ Կներես, որ իմ ոչ էական հարցերով խլում եմ քո խիստ կարևոր ժամանակը։ Գիտեմ՝ զբաղված ես։ Բայց, կներես, փորձիր ավելի ուշադիր լինել։ Ախր, առանց այն էլ այնքան  քիչն ունես, որ որևէ բան կորցնելն արդեն աններելի է։

Շոգ է, չէ՞։ Անձրև էլ չկա։

Դե հա, նորմալ է որ նման շոգին ու երաշտին հրդեհ լինի։ Գիտեմ, որ դու «ամեն ինչ» արել ես՝ կրակը մարելու,  Խոսրովի անտառը փրկելու համար։ «Նաիրիտի» ծուխն էլ մի կողմ թողնենք։ Լեռներիդ նայե՞լ ես։ Գոնե լրատվությունը կարդա։ Տեսե՞լ ես, թե Արագածդ մեկ օրում ինչ դարձավ, հետո երեք օրն էլ բավական չեղավ գոնե փրկված կեսը պահելու։ Տեսե՞լ ես ոնց են լուսավորվում լեռնային գյուղերդ։ Դա չէր նրանց պայքարած գիշերային լուսավորությունը։ Սխալ ես հասկացել, երևի։

Զբաղված էիր՝ գիտեմ։ Իսկ գուցե կարևոր չէ՞ր, կամ ուղղակի անտեսե՞լ ես: Տեսե՞լ ես մարդիկդ ոնց են փորձում նորից հին ու սովորական գիշերներին անցնել:  Ամսի երեքից առանց էլեկտրականության «կյանքը» լուսավորվում է մինչև Աշտարակ, ու երևի դրանից այն կողմ էլ, չգիտեմ։

Ճիշտ չէր։ Սխալ էր մոռանալ, որ օրեր առաջ Խոսրովի անտառում օգտագործված ուղղաթիռը Բյուրականում էլ պետք կգար։

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Սխալ էր սպասել, որ այստեղ էլ այրվող տարածքը գնալով մեծանա, որ ծուխը, կրակն ու մուխը անցնեն  կիլոմետրեր, որ այն, ինչ կարող էր, պիտի արվեր երկնքում, չարվեր կրակների մեջ ու մարդկանց ձեռքերով։

Արդեն երեք օր անտառում 200-ից ավելի մարդ կա։ Հրդեհից երկու օր հետո ՊՆ ուղղաթիռներն էին գնացել օգնելու մարդկանց․ բոլորն են այնտեղ, թվում է։ Գիտեմ, հիմա հաստատ գիտեմ, որ մարդիկ իրոք փորձում են, անում են հնարավորը, երբեմն էլ՝ անհնարը, բայց գիտե՞ս՝ անտառ է, մեծ։ Միայն մարդկային ուժը կարող է և բավական չլինել: Նույնիսկ այստեղից երևում է՝ բավական չէ:

Գիտե՞ս, ուղղակի մեզ հետ ինչ-որ բան այն չէ։

Կներես։ Մի քիչ մտածիր քո ու մեր մասին։