Շուկա. «Մայլի բազար»

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Կարծում եմ՝ ոչ բոլոր գյուղերին է այսպիսի հնարավորություն ընձեռվում՝ բերքը քաղել և հենց տեղում էլ վաճառել սպառողին:

Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչների մի մասի բախտը բերել է, քանի որ տան բակը գտնվում է հենց ճանապարհի վրա: Գյուղամիջյան ճանապարհը տանում է դեպի Աղվերանի հանգստյան գոտիներ, և ի օգուտ բնակիչների՝ այդ ճանապարհով են անցնում բազմաթիվ զբոսաշրջիկներ և երևանցիներ, Հայաստանի այլ վայրերից հետաքրքրասերներ, հայտնի և անհայտ դեմքեր: Մեր տան բակն էլ գտնվում է հենց ճանապարհի վրա, այդ պատճառով հենց մեր տան դիմաց է հավաքվում «մայլի բազարը». հարևաններ, բարեկամներ, բոլորն իրենց այգու բերքը գեղեցիկ շարում են մեր դարպասի դիմաց:

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Շուկան «դնելուց» առաջ միշտ նախաբանը այսպիսին է լինում.

-Աղջի, պրծեք, օրը ճաշ դառավ, խնձորս քաղել եմ, բերել եմ, «բազառ» չե՞նք դնըմ:

-Տո բա ի՞նչ ենք անըմ է, դու իջի, հեսա իմ աբրանքներն էլ վերցեմ, գամ:

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Այսպես ամեն առավոտ ժամը 09:00-ի մոտակայքում, հատկապես՝ շաբաթ և կիրակի օրերին, գյուղամիջյան ճանապարհը գտնվում է եռուզեռի մեջ:

Այս շուկան նաև տարբերվում է նրանով, որ չունի հատուկ տաղավար, այլ դրա փոխարեն ունի ապրանքներ, որոնք բնական են և պահանջված: Օրինակ՝ դեղաբույսեր՝ ուրց, երիցուկ, խնկածաղիկ, ձիաձետ: Երևանցիները շատ են սիրում երիցուկի թուրմով թեյ, այդ պատճառով էլ երիցուկն ամենապահանջվածն է: Այս խոտաբույսերը վաճառում է տարեց մի կին, ով իր ձեռքով է հավաքում դրանք և անգիր գիտի, թե որը ինչով է օգտակար:

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Այս սեզոնին նաև վաճառվում է խնձոր, տանձ, լոբի, պնդուկ: Այս բազմազան շուկայում վերջերս ըստ պահանջարկի ավելացել են նաև դարբնի ձեռքով պատրաստված աշխատանքներ՝ մոխրամաններ, մոմակալներ, որոնք նույնպես ուշադրության են արժանանում զբոսաշրջիկների կողմից:

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Շուկայում ժամանակը շատ հետաքրքիր է անցնում: Դե, եթե բոլոր տատիկները հավաքվեն իրար գլխի, ըստ ձեզ՝ ի՞նչ կստացվի: Ոչ միայն բամբասանք, այլ նաև հետաքրքիր պատմություններ, հիշողություններ անցյալից: Պատմում են, որ այս գյուղամիջյան շուկան հին պատմություն ունի: Այն ժամանակ ապրանքներ շատ էին բերում՝ արկղերով, ոչ թե հիմիկվա նման՝ մի կիլո, երկու կիլո: Ու առաջ մեքենաները մեկ-մեկ չէին կանգնում, այլ միանգամից էին ամբողջ ապրանքը գնում:

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Իսկ ինչ վերաբերում է ապրանքների գներին, երևանցիները այդքան էլ համաձայն չեն գների հետ.

-Հեն ա՝ քաղաքում էլ էր էլի էս գինը…

Բայց մենք ամեն ինչ թարմ-թարմ ենք քաղում:

Ինձ թվում է՝ շատ գյուղացիներ, որոնք չունեն այսպիսի շուկա ունենալու հնարավորություն, հենց հիմա բարի նախանձով նախանձեցին Կոտայքի մարզի Արզական գյուղին: