arxiv

Կրկնվող պատմություն

Տասնյակ տարիներ առաջ Ղարսում բնակվում էր մի շատ մեծ ընտանիք` Էսթերն իր ամուսնու և տասը երեխաների հետ: Նրանք ապրում էին հաշտ ու համերաշխ, երբ անսպասելիորեն սկսվեցին ջարդերը: Առանց ավելորդ վայրկյան կորցնելու` Էսթերի ամուսինը ճանապարհեց կնոջն ու երեխաներին, իսկ ինքը հարևանների հետ բարձրացավ լեռները` թշնամուն դիմադրելու, մինչև որ կանայք հեռանան Ղարսից:

Էսթերն այնքան էր շփոթվել, որ չէր հասցրել գոնե հաց վերցնել` երեխաներին կերակրելու համար, իսկ նրանք այնքան շատ էին: Ճանապարհը երկար էր, շատ երկար: Փոքրիկներն ամբողջովին ուժասպառ էին եղել, նրանք քաղցած էին: Էսթերի տարազի զարդերը ոսկուց էին, և նա փոխանակում էր դրանք հացի հետ ու կերակրում երեխաներին:

Ճանապարհին Էսթերի տասը զավակներից ութը հիվանդություններից մահացան: Մնացին երկուսը` Մարգոն և Աղասին: Երբ անցնում էին Արաքս գետը, Էսթերը ջուրը թափեց մնացած ոսկին, որպեսզի երեխաներին ամուր բռնի: Երբ հասան Ալեքսանդրապոլ, հանգրվանեցին եկեղեցու բակում: Մինչ Էսթերը հաց էր փնտրում, Աղասին ամբոխի մեջ կորավ: Էսթերն ու Մարգոն սկսեցին փնտրել երեխային, հարց ու փորձ անել, բայց փոքրիկին ոչ ոք չէր տեսել: Մի քանի օր անց Էսթերի ծանոթներից մեկը հայտնեց, թե տեսել է Աղասուն ամերիկյան մանկատանը: Էսթերը շտապեց մանկատուն, սակայն ամերիկացիները երեխային չտվեցին, որովհետև ոչ մի փաստաթուղթ չկար: Էսթերին միայն մի ելք էր մնում. գողանալ փոքրիկին: Այդպես էլ արեց:

Պետք էր ապրել, և Էսթերն ի սեր ողջ մնացած երկու զավակների, ապրում էր:

Էսթերն իմ մայրիկի տատիկն էր: Այս պատմությունն էլ շատերի դառը կենսագրությունն է, որ այսօր նորից կրկնվում է:

Մարիաննա Հովհաննիսյան, 15տ., 1999թ.