Հալիձորի երեխաները

Ինձ համար դա մի ուրիշ աշխարհ է, որտեղ անգամ ամենապարզ երևույթը կարող ես իդեալական դարձնել: Դա մի գունավոր թելի կծիկ է կարծես, որը բացելով` նոր աշխարհ ես բացահայտում: Իսկ երբ թվում է, թե գտել ես կծիկի ծայրը, այն անհաս մի բան է դառնում ու շարունակում քեզ ձգել դեպի կատարելություն: Լուսանկարչությունը ճաշակ է թելադրում ու հրամայական դառնում սեփականն ունենալու գործում:

Ես մի հասարակ աղջնակ եմ, ով երազում է իր աշխարհը կառուցել ու իր տեղն ու դերն ունենալ մոլորակի վրա: Շատ խուճուճ են երազանքներս, երբեմն`շատ հստակ, բայց գիտեմ, որ կյանքից կարևորագույն ձեռքբերումը լինելու է լուսանկարչության հմտություններ ձեռք բերելը… Դա էլ արվեստ է, որի լեզուն ճիշտ հասկանալով միայն կարող ես գտնել քոնը: Սիրում եմ ասելիքս բարձրաձայնել լուսանկարչության լեզվով, ապրել բնության ամենասքանչելի կանաչի մեջ ու կերտել այն գեղեցիկը, որով ապրել է պետք, հենց այնպես…

Վերջերս 17-ում տեսա երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մրցույթի հայտարարություն: Լինելով անփորձ մեկը, ով միայն սիրողական նկարներ է արել, բայց մասնակցության մեծ ցանկությամբ որոշեցի իրական ու մաքուր կերպարներ կերտել` իմ աչքերով: Հալիձորի ցերեկներում մանկություն ապրող ճստիկ-պստիկներ էին վազվզում, մոտեցա, զրուցեցի, ես էլ խաղացի հետներն ու ընկերացա: Նրանց ծնողների թույլտվությունը ստանալուց հետո անցա բուն գործին: Ու նկարեցի գունավոր, գեղեցիկ ու փայլփլուն աչուկներ, ընկերություն, սեր ու լիքը ջերմություն … Ահա իմ հերոսները: