Mane Minasyan

Գիտե՞ք, կկարոտեմ…

Նորից բարև, վաղուց չկայի, չէ՞, գիտեմ, շատ եմ «թամբալացել»:

Հիմա եկել եմ բացատրություն տալու, մի քիչ էլ իմ առօրյայից խոսելու համար:

Դե երևի արդեն գիտեք՝ շրջանավարտ եմ:

Շրջանավարտ. եթե այս բառը փորձենք վերլուծել, ապա «շուրջ + ավարտ», չէ՞:

Ավարտվում է մեր կյանքի ամենապայծառ ու կարևոր փուլերից մեկը:

Ավարտվում է՝ մեզ մի քիչ մեծացնելով:

Ավարտվում է իրենից թողնելով հիշողություն՝ ողջ կյանքիս համար:

Ավարտվում է կյանքիս մի էջն էլ փակելով:

Գիտե՞ք, երբ մարտ-ապրիլ ամիսներին ասում էի «Վերջին զանգ», սիրտս այսքան արագ չէր զարկում: Իսկ հիմա, երբ հետհաշվարկը սկսել ենք ու ամեն առավոտ դասարան մտնելով ջնջում ենք օրացույցի ևս մեկ թիվ, հասկանում եմ, որ ուզում եմ գրիչի թանաքն ավարտվի, ու օրերը չջնջվեն:

Գիտե՞ք, երբ ամեն օր փորձի ենք գնում, ես ուզում եմ այդ ժամանակ ժամացույցը կանգնի, ու մեր փորձը չավարտվի:

Գիտե՞ք, ես երևի շատ կկարոտեմ: Չէ: Ես արդեն կարոտում եմ:

Կարոտում եմ իմ ավագ դպրոց բերող առաջին սեպտեմբերի մեկը, երբ իրար չճանաչող մի խումբ մարդիկ հավաքվել էին նոր դպրոցում ու փորձում էին հասկանալ, թե ուր են ընկել:

Կարոտում եմ առաջին դասերը, ուսուցիչների մի տեսակ հայացքները, որոնք փորձում էին մեզ նմանեցնել ինչ-որ մեկին:

Կարոտում եմ այն օրը, որը երեք տարվա ընթացքում մեկ անգամ եղավ, երբ երկրորդ ժամին փորձեցինք դպրոցից փախչել, բայց ճանապարհին բռնվեցինք ու որպես արդարացում ասացինք, թե իբր սոված էինք:

Կարոտում եմ ամեն ժամից հետո ուսուցչանոցի դռան մոտ դասղեկին սպասելը:

Կարոտում եմ, դեռ չավարտած կարոտում եմ:

Կարոտելու եմ, հենց ավարտեմ՝ ավելի շատ: