iza Astsatryan

Հալիձորի սեպտեմբերի մեկը

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի, Սյունիքի մարզ, գ. Հալիձոր

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի, Սյունիքի մարզ, գ. Հալիձոր

Առավոտ էր, ժամը 7:00, զարթուցիչս` մայրս, ձայն տվեց.
-Իզա՜…
-Հա՜,-ասացի ես:
-Վե՛ր կաց, կուշանաս,- ասաց մայրս:
-Հա՜, հեսա,- ասացի ես ու աչքերս փակեցի, բայց գիտակցեցի, որ կուշանամ: Դե ինչ, որոշեցի վերջապես վեր կենալ ու անցյալում թողնել ամառային տրամադրությունս: Բայց շա՜տ դժվար էր: Դե գիտեք, ամառային արձակուրդները անցյալում թողնելը պարզապես դաժան է:

Այդ փորձությունը հաղթահարելով, աչքերս մի կերպ բացեցի, պատրաստվեցի ու գնացի դպրոց: Շուտ գնացի, որովհետև միջոցառման մասնակիցները պետք է շուտ գնան ու միշտ «մի մարդու նման»: Ինչպես ամեն միջացառման, այս միջոցառմանը ևս ես մասնակցում էի, այնպես որ ելք չկար, պետք է շուտ գնայի: Հասա դպրոց, սեպտեմբերմեկյան տրամադրություն էր, բայց ուսումնատենչ աշակետներս, որոնք առաջին դասարան էին գալիս, դեռ չէին եկել, իսկ ես նրանց անհամբերությամբ էի սպասում:

Մինչև բոլորը կգային, միջոցառումը կսկսեինք, որոշեցինք լուսանկարվել, ինչու ոչ, նաև սելֆի անել: Շուտով առաջին դասարանցիները ժամանեցին, ծաղիկներն ու սեպտեմբերմեկյան ժպիտները անպակաս էին:
Միջոցառումը սկսեցինք, որը լիքն էր երաժշտական և պարային համարներով, իսկ մեզնից հետո ելույթ ունեցան առաջին դասարանցիները, նվերները ստացան, ապա հայտարարեցին դասարանների և դասղեկների անունները, որպեսզի գնանք և սպասենք ուսումնական տարվա առաջին դասին: Ասեմ, որ տարեցտարի ավելի երկար ենք կանգնում ու սպասում մեր դասարանի անվանը: Վերջապես մեր դասարանի հերթն է, ուրախ-ուրախ մտանք դպրոց: Մեր դասասենյակը նույն լուսավորն էր մնացել: Դասարանում նոր դասընկեր չկար, ոչ էլ ինչ-որ մեկը դուրս էր եկել, մենք նույնն էինք մնացել, թե՛ մեր կատակներով, թե՛ մեր կազմով: Ինչպես միշտ, այս տարի ևս մեր դասարանում նստատեղի «կռիվ էր», բայց պերճախոսներս մեր ուզած տեղերը նստեցինք, ու մեր դասղեկը հարցրեց, թե այս տարի ով ինչ նպատակ ունի: Քանի որ առաջին նստարանին ես էի, ինձանից էլ սկսեցինք:
-Ինչպես ամեն տարի, այս տարի ևս բոլորիս նպատակը լավ սովորելն է,-ասացի ես:
-Իմ կարծիքով պետք է լավ ընկերներ լինենք, իրար սիրենք ու հարգենք,- ասաց Գոհարը, ով իմ կողքին էր նստում:

Այդպես բոլորս էլ խոսեցինք, հետո ուսուցչուհիս անդրադարձավ մասնագիտական կողմնորոշմանը: Գրեթե բոլորս կողմնորոշվել էինք այդ հարցում, իսկ կատակողները իրենց չէին կորցնում:
Զանգը հնչեց: Այսօր դասերը և՛ քիչ էին, և՛ կարճ: Մեկ դասաժամ էլ արեցինք ու ասացին, որ գնանք տուն, բայց մենք որոշեցինք դասարանով մնալ, մի լավ կարոտներս առնել ու մի հանճարեղ բան մտածել: Նստեցինք, ժամը ժամից անցավ, հանճարեղ բան չեկավ միտքներս, արդեն տուն գնալ էր պետք: Որոշեցինք շարունակել հաջորդ օրը ու գնացինք տներով:

Դե ինչ, սեպտեմբերմեկյան տոնն ավարտվեց: Բայց նախքան հոդվածս ամփոփելը, ուզում եմ Հալիձորի իմ դասընկերների անունից շնորհավորել բոլորին գիտելիքի օրվա կապակցությամբ և ուսման մեջ նորանոր հաջողություններ մաղթել: