Sargis Melkonyan

Հաղթանակին հասնելու ուղին

«Բեղուն գրչի ու մուլտիմեդիայի հնարավորություններն օգտագործելու համար»

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

2016 թվականի ապրիլ ամսին ես էլ դարձա պատանի թղթակից՝ միանալով մի ցանցի, որում այն ժամանակ 600-ից ավելի թղթակիցներ կային։ Ու ինչպես ցանկացած թղթակից, ես էլ մասնակցեցի «Մանանա» կրթամշակութային կենտրոնի կողմից կազմակերպված քառօրյա դասընթացին, որտեղ սովորեցի լրագրության, դոկումենտալ կինոյի ու լուսանկարչության հիմունքները։ Դասընթացից հետո կյանքում առաջին անգամ նկարեցի դոկումենտալ ֆիլմ, իսկ ֆիլմ նկարելն ինձ համար երազանք էր։ Դե պատկերացրեք, թե ինչքան ուրախ էի ու ինչքան երջանիկ։ Դրան հաջորդեց ակտիվ թղթակցությունը, Եվրոպայի օրվա լուսաբանումը, հետո մեդիա ճամբար, կարոտած դեմքերի հետ հանդիպում, նոր ընկերներ, գիտելիքներ ու ծանոթություն մեդիա ոլորտի դեմքերի հետ․․․

Էս մի տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ոնց որ իմ հետ չկատարվեին: Մի տեսակ շատ մեծ էր փոփոխությունը՝ գյուղի հասարակ տղայից դարձա «գյուղի BBC», փոխեցի որոշածս մասնագիտությունը (առաջ ուզում էի բժիշկ դառնալ, բայց հիմա՝ ռեժիսոր), սկսեցի ապրել նոր կյանքով, որտեղ ոչ թե հասարակ առօրյայից բողոքողն էի, այլ բողոքողին գտնողը և նրա բողոքը աշխարհին ներկայացնողը։ Այս և շատ այլ առումով «Մանանան» մեր մեջքին կանգնած է: Նա մեզ տրամադրել է մի հարթակ, որը բաց է հողագործի, դերասանի, նկարչի, արվեստագետի, արհեստավորի և անգամ փողոցում գիշերողի, մեր հույզերի ու զգացողությունների համար։ Նա մեզ ծանոթացրել է մարդկանց հետ, ում առավոտ շուտ գրես, թե գիշերվա միլիոնին, պատրաստ են քեզ պատասխանելու և ճիշտ խորհուրդներ տալու, առանց տրտնջալու կամ բողոքելու։ Նա բացել է իր դռներն ու սիրտը մեզ՝ արդեն 1000-ից ավելի պատանի թղթակիցներիս համար։ Նա ապրում է մեզ հետ՝ մեր իրական Հայաստանում, հետաքրքրվում է մեր առօրյայով։

Իհարկե, ակտիվ թղթակցությունը ևս կարևոր է, որովհետև գրելով մենք ոչ միայն գրում ենք մեզ համար, այլ ողջ հայ ժողովրդի։ Գրում ու ասում ենք աշխարհին, որ «այ, տեսեք մեզ մոտ մի հատ սենց հրաշք մարդ կա», որ կյանք կա նաև քաղաքից ու ֆեյսբուքից դուրս։ Ու հենց այստեղ՝ գյուղերում է իրական կյանքը՝ մեր կյանքը։

Ու երբ արդեն 17.am-ում ունեմ 40-ից ավելի նյութ, ֆոտոշարքեր, հարցազրույցներ, ֆիլմեր ու մասնակցել եմ «Մանանայի» ամենամեծ կինո և ֆոտոնախագծերին, ուղևորվել եմ մեդիա ճամբար, ես ինձ զգում եմ աշխարհի ամենաերջանիկ ու հպարտ մարդկանցից մեկը։

Մեր շարքերն օրեցօր համալրվում են նոր անդամներով, մեր բանակն օրեցօր մեծանում է, իսկ մենք՝ արդեն կոչում ստացած թղթակիցներս ուղղակի պարտավոր ենք ավելի շատ գրել, որովհետև մեր նյութերը գուցե օգնում են ինչ-որ նորակոչիկի, ով փորձում է նյութ գրել։

Իմ և Ագարակ համայնքի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում «Մանանա» կենտրոնին և «Մանանա» թիմի բոլոր անդամներին իրենց անձնվեր աշխատանքի, գերմարդկային վերաբերմունքի ու լավագույն խորհուրդների համար։