anush mkrtchyan

Ձեզ շատ սիրող Անուշ

Հեռվից լսվող աքաղաղի ձայնը ստիպեց ինձ արթնանալ խորը քնից: Չէ, մոռացել էի, գյուղում չէի, ու ցավոք ինձ արթնացնողը զարթուցիչս էր: Երևի կռահեցիր, որ քաղաքում էի մրցանակաբաշխության համար: Արթնացել էի 9-ին, բայց արդեն ժամը 1-ն էր: Հորաքրոջս աղջկա հետ մետրոյով հասանք Երիտասարդական: Արդեն նշված վայրում էինք: Ու սկսվեց: Նոնային տեսա, հետո Սոնային, հետո Տաթևին, Գայանեին ու Սերոժին, Դավոն հեռվից ձեռքով արեց , հետո Կարինեի հետ գրկվեցինք…

Լավ, չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել: Ներսում ենք: Սկսվեց: Նարեկին չէի տեսել, դու մի ասա՝ հաղորդավար է: Հայացքով բարևեցի: Արդեն լավագույն 100-ի անուններն էին հայտնում, ու ես անվերջ սպասում էի անվանս ու «հանրահայտ» գլխարկովս նկարին: Մեկ էլ, ըհըն, Նարեկն ասաց՝ Անուշ Մկրտչյան… Օֆ, սիրտս տեղն ընկավ: Հիմա, արդեն հատուկ մրցանակներն են հայտնում: Ջան, Գայանեի անունը տվեցին, ուխ, Կարինեն էլ ստացավ, վախ, Անին էլ բեմ բարձրացավ…

Այս խոսքերով ձանձրացնում էի Տաթևին, ով ինձ պես իր անվանն էր սպասում: Եվ ահա… Չէ, ոչ մի «ահա», իմ անունը էդպես էլ չլսվեց: Բայց մի րոպե, այդ բոլորը ոչինչ: Հերթով գտնում եմ մրցանակակիր ընկերներիս , ավելի պինդ գրկում, շնորհավորում, ու ինքս իմ մեջ հիշում, իրենց հետ անցկացրած ամեն վայրկյանը: Վերջում սելֆիներ, նորից գրկախառնություններ՝ այս անգամ բաժանման:

Չգիտեմ՝ մյուս տարի Նարեկը կլինի հաղորդավար, թե չէ, բայց իմ անունը հաստատ կլսեք հաղորդավարի շուրթերից:

Հ.Գ. Ձեզ շատ սիրող՝ Անուշ շենիկցի: