Հաղթում ենք

Երբ վտանգը թակում է դուռդ, սկսում ես վերաիմաստավորել, գնահատել կյանքդ: Մենք՝ հայերս, միշտ էլ ստիպված ենք եղել վտանգի առաջ կանգնել, բայց մեր ազգային հպարտությունը  մեզ երբեք թույլ չի տալիս վտանգի առջև խոնարհվել, ծնկի գալ: Դա մեզ համար չէ: Պայքարելն ու հաղթելը մեր արյան մեջ է: Այն, որ այսօր մենք կանք (մինչդեռ ոմանք նախատեսում էին միայն մի հայ թողնել, և այն էլ … թանգարանում), ապացույցն է այն բանի, որ մենք լինելու և պայքարելու ենք միշտ: Գնդակի սկզբունքով ենք ապրում. որքան մեզ ուժեղ են հրում, այնքան ավելի առաջ ենք գնամ:

Այսքան ցավ ու արհավիրք տեսած ազգին հաղթել կլինի՞:

Մեր ողջ ուժը մեր միասնականության մեջ է, և սրանք պարզապես ծեծված խոսքեր չեն: Հայերի մեջ հենց այն եմ սիրում, որ խաղաղ պայմաններում, որքան էլ վիճեն, մեկը մյուսին վատություն անեն և նույնիսկ ատեն, միևնույնն է, անգամ մի փոքր վտանգի դեպքում ամեն ինչ մոռանում են, պայքարում, մեկ հոգի դառնում:

Մենք ուրիշ ենք ամեն ինչով: Մեզ չեն դաստիարակել այնպես, ինչպես իրենց: Փոքր ժամանակ անդադար ընտանիքիս անդամներից լսել եմ այն, որ հակառակորդի փոքր երեխաները մեղավոր չեն, այն, որ իրենց ազգի մեջ էլ շատ կան լավ մարդիկ, սովորեցրել են չատել, բայց և չմոռանալ և ուրիշներին էլ անընդհատ հիշեցնել մեր պատմական անցյալը: Բայց մի՞թե նրանց երեխաները նույնպես դաստիարակվում են այսպես:

Մենք անկաշկանդ նայել ենք նրանց արտադրած ֆիլմերը, երկրպագել նրանց դերասաններին, երգիչներին և հետևել ենք այն սկզբունքին, որ արվեստը ազգություն չի ճանաչում: Բայց  այն պահից, երբ տեսնում ես քո այդքան սիրելի թուրք երգիչների ու դերասանների արձագանքը այս վիճակին, ներսումդ արթնանում է ազգային արժանապատվությունը: Ա՛խր, այլևս ինչպե՞ս սիրես մարդկանց, որոնք արդարացի են համարում մեր քաջորդիների, մեր հզոր եղբայրների մահը: Ու մի կողմ դնենք բանականությունը և այն միտքը, որ բնական է նրանց` իրենց ազգին պաշտպանելն ու արդարացնելը, քանի որ  նրանք էլ այդպես են դաստիարակվել: Ո՛չ, ո՛չ, ես ու ինձ հետ նաև իմ շատ հայրենակիցներ այսուհետ լրիվ ուրիշ ձևով ենք նայելու կյանքին: Որքան էլ լավ ֆիլմեր կամ երգեր լինեն, ամեն անգամ դրանց նայելիս կամ լսելիս, աչքիս առաջ է գալու հայ զինվորի հերոսական կերպարը, ու ինքս ինձ մեղավոր եմ համարելու:

Այս մի քանի օրում մենք շատ բան սովորեցինք: Սկսեցինք գնահատել մեր կյանքի ամեն մի վայրկյանը ու շնորհակալ լինել զինվորներին, որ հսկում են մեր երկրի սահմաններն ու մեզ տալիս են ապրելու և գործելու  հնարավորություն: Սա ժամանակ է, երբ անկախ քեզնից սիրում ես բոլոր հայերին՝ բացառությամբ նրանց, որոնց առանձնապես չի էլ հետաքրքրում ներկա իրավիճակը: Ցավոք, այդպիսի մարդիկ ևս կան, և այդպիսինների հետ առնչվելը վերջին օրերին իմ նյարդային համակարգի  թույլ կողմն է դարձել:

Սա ժամանակ է, երբ ուրիշ ուղղությամբ մտածել հնարավոր չէ, երբ քեզ մեղավոր ես համարում ժպտալու, երգեր լսելու, սնվելու և քնելու համար, քանզի քեզ մի միտք է անդադար տանջում. սահմանին կանգնած զինվորը ո՞վ գիտի՝ հիմա ինչպես է:

Սա ժամանակ է, երբ հոգուդ ողջ էությամբ հպարտ ես հայ լինելուդ համար:

Սա ժամանակ է, երբ ամեն մի զոհվածի համար սգում ես հարազատին հավասար, ա՛խր, քիչ ենք այնքան, որ մերն է ամեն մեկը, հիմա չկան հարազատ կամ օտար զինվորներ, սահմանին կանգնած յուրաքանչյուր հայ զինվոր, որը պայքարում է մեր խաղաղ կյանքի համար, մեր հարազատն է, մեր հոգեկից եղբայրը:

Մենք էլ ունենք համբերություն, և այն արդեն սպառվել է: Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ոչ զիջումների պայմանով: Մինչ այս, զիջել ենք այնքան, որ մեզ մի փոքր հող է մնացել, որն էլ մեզ համար սոսկ հողատարածք չէ, այլ սրբություն, հայրենիք, որը երբեք չենք կորցնելու, որովհետև մենք դրա իրավունքը չունենք: Մեր հերոսները արյուն են թափել և շարունակում են թափել մեր հայրենիքի համար, և հիմա այն զիջելը ուրիշ ի՞նչ կհամարվի, եթե ոչ մեղք: Մեր հերոսների կյանքի գնով պահած հողը մենք շենացնելու ու պաշտպանելու ենք առմիշտ:

Մենք իրավունք չունենք հանձնվելու, ինչ էլ լինի, մենք հաղթելու ենք, և դրանում կասկած չկա: Ես դրանում համոզվել եմ արդեն` տեսնելով հայրենակիցներիս մտահոգությունն ու քաջությունը միաժամանակ:

Պարտվելու մասին խոսք գնալ անգամ չի կարող: Մենք կարողացել ենք հաղթել մահվանը, դառը ճակատագրին ու նենգ թշնամուն: Եվ այսպես է լինելու միշտ: Մեր հաղթանակների մասին դեռ շատ է խոսվելու, ու մի օր էլ հպարտությամբ պատմելու ենք մեր երեխաներին ու թոռներին, թե ինչպես ենք հաղթել այսօր:

Մենք հաղթել ենք, հաղթում ենք ու հաղթելու ենք միշտ: