Հայաստանում ՄԱԿ-ի գործունեությունը

Հարցազրույց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի Հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանի հետ

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

-Կներկայացնե՞ք Հայաստանում ՄԱԿ-ի առաքելությունը:

-Ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի առաքելությունը նույնն է: Ողջ աշխարհում ՄԱԿ-ը հիմնականում աշխատում է մարդկանց բարեկեցության համար, պատերազմներից և, առհասարակ, աղետներից պաշտպանելու, մարդու իրավունքների հաստատման համար: Իսկ վերջին հազարամյակի սկզբից ՄԱԿ-ի համար զարգացման հետ կապված հարցերը առաջնային են:

Նույնն է նաև Հայաստանում: Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր գործակալությունները աշխատում են նույն ծրագրերն իրականացնել Հայաստանում:

-Քանի՞ տարի է, ինչ ՄԱԿ-ը գործում է Հայաստանում:

-Արդեն 24 տարի: Հայաստանի անկախացումից  մեկ տարի անց՝ 1992 թվականի մարտի 2-ից, Հայաստանը անդամ է ՄԱԿ-ին, նույն թվականին նաև բացվել է ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակը: Հաջորդ տարի մենք կտոնենք Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 25-ամյակը:

-Իսկ Հայաստանում երիտասարդները ակտիվ մասնակցո՞ւմ են ՄԱԿ-ի կողմից կազմակերպվող միջոցառումներին:

-Եթե իրազեկված են լինում, ցանկությունը շատ մեծ է միջոցառումներին մասնակցելու: Եվ, ոչ միայն դպրոցականների շրջանակներում են միջոցառումները, այլ նաև՝ ուսանողների: Իրականացնում ենք տարբեր տիպի միջոցառումներ, թե առցանց, թե իրական, ինչպես դպրոցական, այնպես էլ բուհական: Մենք փորձում ենք ներգրավել բոլոր խավերի և մակարդակների երիտասարդներին:

-Հետագայում երիտասարդների  հետ կապված ի՞նչ միջոցառումներ կամ մրցույթներ եք ծրագրել:

-Ներկայումս հստակ նշել  չեմ կարող, թե ինչ մրցույթներ կան ապագայում, բայց վստահաբար կարող եմ ասել, որ շարունակելու ենք  այս համագործակցությունը, հատկապես «ՄԱԿ-ի բարեկամներ» ցանցով: Ես խորհուրդ կտամ հետևել լուրերին մեր կայքէջում, ինչպես նաև սոցցանցերում, որտեղից էլ կարող եք տեղեկանալ հետագա ծրագրերի մասին:

Մի բան ավելացնեմ կապված երիտասարդների հետ: Մեկ շաբաթից մենք ծրագիր ենք սկսում բուհերի ուսանողների համար: Ունենալու ենք ֆորումների շարք ութ բուհերում, որի ընթացքում ուսանողների հետ խոսելու ենք Կայուն զարգացման նպատակների մասին:

-Տեղյակ ենք, որ ՄԱԿ-ն ունի երիտասարդ կամավորներ: Ինչպե՞ս դառնալ ՄԱԿ-ի կամավոր:

-ՄԱԿ-ի բոլոր գործակալություններն ունենում են կամավորական աշխատանքների թափուր տեղեր: Յուրաքանչյուրն իր կանոններն ունի դիմելու կարգի հետ կապված: Եթե հետևեք ՄԱԿ-ի  կայքէջին, այնտեղ տեղադրվում է համապատասխան հայտարարությունը: Այնտեղից էլ կարող եք տեղեկանալ, թե գործակալության մասին և թե թափուր տեղի:Նաև ասեմ, որ կամավորների ընտրությունը մրցույթային կարգով է:

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

-Իսկ կպատմե՞ք, թե ինչպես Դուք դարձաք ՄԱԿ-ի  աշխատակից:

-Դե, ես էլ ձեզ պես թղթակից էի և եկել էի ՄԱԿ-ի Հանրային Տեղեկատվության վարչության ղեկավարից հարցազրույց վերցնելու: Հարցազրույցը շատ լավ անցավ, և հետո նրանք ինձ  առաջարկեցին անպայման մասնակցել թափուր աշխատատեղի մրցույթի: Ես կարողացա հաղթել, և շուտով կլինի 20 տարի, ինչ աշխատում եմ ՄԱԿ-ում:

Հարցազրույցը վարեցին՝ Անի Ավետիսյանը, Սոֆյա Աբրահամյանը, Նոնա Պետրոսյանը