Hasmik galstyan

Ու այսպես ամեն օր

-Հա՜ս, Հաս ջան, ի՞նչ ես անում։

-Հա, մամ, դաս եմ անում։ Ի՞նչ կա։

-Լավ, լավ, դասերդ արա։ Ուզում էի` սուրճ եփեիր։

«Դասերդ արա»: Էնքան էլ հեշտ են ասում, կարծես մեկ-երկու րոպե, ու կվերջանան դասերդ, կամ էլ թեկուզ` մեկ-երկու ժամ։ Բայց չէ՜, ժամեր շարունակ, մինչև ուշ գիշեր։

Լավ, շարունակենք «տառապելը»։

Վա՜յ, էս իմ հեռախոսն է զանգում։ Փրկությու՜ն, թեկուզ երկու րոպեով կկտրվեմ Օհմից և նրա էլեկտրական դիմադրությունից։ Կարենը ֆիզիկայի դասի տեղն էր հարցնում։ Գնա` դու էլ տառապի Օհմի ձեռքը։

Լավ, կենտրոնանանք ու «տառապենք»։ Կարծես թե, էնքան էլ դժվար չի, որ կենտրոնանում եմ, լավ էլ հեշտ ստացվում է։

Ու՜ֆ, նորից հեռախոսս է զանգում։ Դե, մի խանգարեք, էլի։ Գոռն էր, քիմիայի խնդիրներից էր հարցնում։ Այ տղա, քիմիայից էլ հեշտ առարկա՞: Գնա, կարդա, սովորի, էլի։ Ուրիշներին էլ մի խանգարի։ Խորացանք ֆիզիկայի մեջ, չէ, լավ էլ ստացվում է։

Մայրիկս ճիշտ է. պետք է մտքիս տեղ լինի, որ սովորեմ։ Լավ, էս էլ վերջացրինք։ Հեռախոսս ո՞ւր դրեցի. պետք է լիցաթափվել։ Դրանում իհարկե ինձ կօգնի երաժշտությունը։ Երգս էլ հարամեցին։ Հիմա էլ Լևոնն է, թե՝ անգլերենիդ տետրը կբերես, որ արտագրեմ։ Կբերեմ, բա ի՞նչ կանեմ, թե չէ` դու ո՞ր օրվա անգլերեն գրողն ես։

Սուզվեցինք հայկական հարցի մեջ, հասանք Փարիզի խաղաղության կոնֆերանս։ Պատմություն շատ եմ սիրում, էդ պատճառով էլ չեմ զգում ոնց եմ վերջացնում։ Լիլո, այ, հիմա զանգի։ Սևրի պայմանագիրը կապելու փոխարեն պիտի քեզ հետ շատախոսեի։ Լավ, ինչ արած, ես կզանգեմ։

-Լիլ, ի՞նչ կա։

-Հեչ, կոֆե ենք խմում։

Վա՜յ, մայրիկին սուրճ էի խոստացել։

-Մամու՜լ, կոֆե եփե՞մ։

-Չէ, Հաս ջան… Ես եփել եմ, խմել եմ, դու դասերդ արա:

Համարյա ամեն օր նույնն է. դպրոցից հետո տուն, դասեր, մտքում կռիվ ամեն դասի հետ, իսկ ազատ ժամանակ համարյա չի մնում: