Mariam Shanazaryan

«Ես արդեն մի քիչ մեծացել եմ, մայրի՛կ»

Ոտքիս ծայրին թե կանգնեմ,

Մեծ սեղանին կհասնեմ․․․

Ոտքիս ծայրին կանգնելով շատ բաներ արել ու փորձում եմ անել ամեն օր, ինչպես սովորական մարդիկ, ինչպես դու, սիրելի՛ ընթերցող։ Սա կարծես փոքրիկ բաց նամակ է ուղղված մայրիկին․ նա կընդունի՞ արդյոք ընտրածս վերնագիրը՝ չգիտեմ, բայց կարելի է ընդունել, որ մի քիչ մեծանալը անցավ աչքս թարթելուն զուգահեռ։ Չէի ուզի այսքան շուտ հասկանալ, որ օրվա ժամանակը չի հերիքում մեզ, չէի ուզի այսքան շուտ հասկանալ, որ կան բաներ, որոնք կարող են շրջադարձային լինել, փոխել մեզ ու մի քիչ էլ հիասթափեցնել։

-Մայրի՛կ, մի՞թե դու գիտես ժամանակի՝ այսքան արագ թռչելու գաղտինքը, ասա՛ ինձ։

Ինչքան էլ փորձեմ քեզնից պատասխան կորզել, մեկ է, դու էլ չես իմանա, ի՞նչ իմանաս, դու մեծանում ես, մենք էլ վազում ենք ետևիցդ։
Տուն, շենք, փողոց, ճանապարհ, ոչինչ էլ ինձ արդեն այստեղ, քաղաքի այս խառնաշփոթ իրարանցման, մարդկանց՝ դիմակի տակ թաքնված «պերճ» դեմքերի մեջ չի զարմացնում։

Մի ժամանակ պատերազմ չտեսած սերունդը պատերազմի մասնակից է դառնում ամեն օր ու վայրկյան։ Մեր պատերազմն առաջինը հողի ու ջրի համար է, հետո՝ համաճարակի դեմ, հետո՝ առցանց-առերես, դասի գնալ-չգնալու, երբ համակարգիչն ասում է` stop: Հանդիպումն ավարտվեց, ասելիքդ պահիր մյուս դասաժամի համար, հետո, հետո․․․

Անվերջ շարան, չասված մտքեր, հետադարձ կապի բացակայություն։ Ու ի՞նչ։ Կռիվ եմ տալիս ես էլ․ մի քիչ մեծ եմ, չէ՞, դե։ Ամեն քայլափոխի ընտրության առաջ ենք կանգնում, և թե որն է ճիշտ մեր ընտրածների մեջ, մենք էլ չենք հասկանում։ Ապրում ենք այնպիսի մի իրականության մեջ, ուր կատարվում են բաներ, որոնք հանդիպում ենք մեր կարդացած գրքերից վերջիններում, որովհետև կյանքը մի տեսակ լցվել է անհավանական երևույթներով ու իրադրություններով։ Կան բաներ էլ, որոնք կուզեինք գրքի մեջ եղածի պես լիներ․ ազատություն, անկեղծ խոստովանություն, ավարտ։

Երեկ թեյում էինք տանը։ Աշուն էր, մեկի համար տերյանական, մյուսի համար` նյարդայնացնող, հաջորդի համար՝ վերջինը։ Այսօր արդեն մեկն է այն ձմեռներից, որին սպասում եմ միշտ, որովհետև գալու եմ քեզ մոտ, սիրելի՛ս։

Կգրկենք իրար, կուրախանանք, և ես այդ պահին ավելի ուժեղ կլինեմ․ձեռքերիս մեջ դու ես, ոտքերիս տակ` հայրենի հողը, որի համար դողում ենք, և որի համար պիտի էլ ավելի ուժեղանանք․ թույլ սրտով այն չես պահի երբեք էլ։

Վերջերս ավելի ինքնավստահ ենք դարձել, ավելի բաց ու լայն ճակատով ենք նայում ամենուր ու ամենքին, և դա էլ կարելի է համարել հետևանքն այն իրականության, որին բախվել ենք մենք՝ անվերջ պայքարող, անվերջ երազող, հույսով սպասող։

Մեկ-մեկ պատահում է այնպես, որ մոռանում եմ շուրջս կատարվող ամեն բան, կատակում եմ չափից շատ, խոսում դասերին ու դիտողություն ստանում կողքիս նստողին Սյունիքից Երևան ամբողջ լուրերը պատմելու պատճառով։ Մի քիչ մեծ լինելս չի ստիպում մոռանալ դպրոցից ժառանգած այդ «ավանդույթը»։

Նամակի ուղղությունը՝ հարավ։

Կընդունի՞ արդյոք ընտրածս վերնագիրը՝ չգիտեմ։