Emma Miqaelyan

Հայրենյաց շշուկներ

2020 թվականի պատերազմից հետո գրող գրիչս սառել էր ու չէր գրում։ Երբ փորձեցի մի փոքր տաքացնել ու հանձնել մեր ցավերը թղթին, գրիչս ճաքեց հաջորդ հարվածից։ Հիմա գրում եմ իմ կաղ գրիչով, որովհետև հայրենիքի մասին պիտի խոսել միշտ, նույնիսկ անշնչանալու պահին։

Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, որ հազարամյակների հայրենիքի լինելությունն այսօր դրվեց հարցականի տակ ՀՀ բարձր ամբիոնից։ Անհիմն խոսքեր հնչեցին, որ զինանշանը, գերբը կամ հիմնը մեզ ոչ հարիր և վատ բնութագրիչներ են։ Չհասկացա՝ ինչպես առյուծն ընկճվեց, և ով նրան ընկճեց։ Չհիշեցի նախկին դեպքեր, երբ սրերի շղթան մեզ խոչընդոտել է կռվելիս։ Այն մեղադրանքները, որ հնչեցնում ենք օդում, չեմ հասկանում՝ ինչպես չեն գտնում հասցեատեր։

Չկան պատկերացումներ, թե ինչու մեր անկախության հռչակագիրը դրվեց հարցականի տակ, որից հետո մեր գոյությունը կասկածեցին իրենց գոյությունը մաշողները։
Պատերազմից հետո հետպատերազմյան ցավերն ու մտքերը երևի այդքան ցավոտ չէին, որքան այն պատերազմները, որոնք սկսեցին մեր մեջ, հոգում, հարաբերություններում։
Անսահման կասկածում ենք միմյանց հավատարմությանն ու վստահությանը, իսկ հայրենիքն այդպես չեն պահում։ Հայրենիքը մեր միջի չարությամբ չենք պահելու, չարիքին չարիքով պատասխանելիս մենք չենք ավելանալու, իրար ատելով հաղթական պատմություն չենք կերտելու։

Դպրոցում դասավանդող ծանոթ ուսուցիչ ունեմ, հարցնում է՝ ճի՞շտ է, որ փառքի անկյունները պիտի հանենք դպրոցից։ Ասացի՝ չգիտեմ, կարծում եմ այդքան սրիկա չեն գտնվի հանողները կամ հանել ստիպողները։ Բողոքեց համակարգից, նորարար տեխնոլոգիաների դպրոց մտցնելուց, Հայոց պատմության դասագրքերը Հայաստանի պատմություն դարձնելու գաղափարից։ Խոսեցինք աշակերտներից, կրկին բողոքեց՝ ասաց, չգիտեմ` ինչու, ձգտում չկա։
Մտածում եմ, թե դեռ կայուն միտք չունեցող աշակերտներն ինչպես պիտի ճիշտը հասկանան, իսկ մենք ինչպես նրանց բացատրենք այն։ Խառն է ամեն ինչ․․․

Չհասկացա՝ ինչպես հորս պապի ժամանակ հաղթած ու կերտած պատմությունը որոշեցին, որ սխալ է, ճիշտը Հայաստանի պատմությունն է։ Իմ հայոցն ինչո՞ւ դրվեց հարցականի տակ․․․ Այդպես էլ չեմ հասկանա։
Իսկ, ո՞րը պիտի լինի այն պատանու կամ երիտասարդի քայլը, որ պիտի լուսաբաց բերի մեր հայոց երկրին։ Ինչպե՞ս պիտի քայլենք գլուխներս հպարտ, որ վստահ լինենք ի նպաստ հայրենիքի միայն չենք ապրել, այլ նաև աշխատել ենք հանուն նրա։ Ինչպե՞ս օգնեմ այն պատանուն, որ պիտի նոր զորակոչվի բանակ՝ Հայոց բանակ։ Հուսամ բանակի հայոցն էլ մի օր հարցականի տակ չեն դնի, չեն ասի՝ սխալ է, և ճիշտը Պաշտպանության բանակն է կամ Հայկական բանակն է, և հայոց լինել այն չի կարող։ Հարցեր են, որոնց պատասխանները դժվար է տալ․․․

Հուսով եմ, որ կգա մի օր ու մեր քաղցրանուն և բարձրանուն հայրենիքն այս բզկտոցի, քաշող ճահճի և մեծաբերանության փուլերից դուրս կգա։ Դուրս կգա ու այդ հայրենիքի զավակները «Մեր հայրենիքը» դալուկ հիմն չեն համարի, այլ այն կերգեն հպարտությամբ և ճշմարտությամբ, քանի որ մեր երկիրը ոչ միայն թշնամուց է ոտնակոխ, այլ սեփական քաղաքացուց։

Ուզում եմ, որ հաջորդ սերունդը պատերազմներ չտեսնի, այդքան թմբերի վրա խունկ չլցնի, ընկեր կամ եղբայր հողը չդնի, Արարատը մի օր մերը դարձնելու հույսը սրտում չսպանի, Սևանա լիճը պարզապես ջուր չհամարի, իսկ ձկներին՝ սողուններ, որովհետև պարզապես ձգտում չունի լինել լավագույնը։