Mariam Yayloyan

Հայրենաբաղձություն

Արցախը իմ հայրենիքն էր, որտեղ ամենաապահովն էր, Արցախը իմ տունն էր: Խոսքը բնակարանների կամ շքեղ տների մասին չէ, այլ տան գաղափարի մասին է, որտեղ կարծես լինես քո տաքուկ սենյակում՝ թեյ խմելիս, որտեղ քեզ ամենալիարժեքն ես զգում, մնում ինքդ քեզ հետ, քո էմոցիաների հետ, վայելում հանգիստդ, մենակությունդ, նյարդայնանում ես անցանկալի հյուրերից ու կռվում բոլորի հետ, ուղղակի ապրում ես: Արցախը հենց դա էր ինձ համար, որտեղ ես ուղղակի զգում էի ինձ տանը՝ ապրում էի ու զգում: Թեպետ Արցախից եմ միայն արմատներով, այնտեղ երբեք չեմ ապրել, բայց կարծես հենց այդ տաքուկ անկյունը կորցրած լինեմ:

Հիշում եմ Շուշի այցելությունս: Ինձ համար Շուշի գնալը պարտադիր էր: Շուշին ինձ համար քաղաք չէր, այլ բառերով աննկարգրելի մի բան էր: Հիշում եմ, գնացել էի Ջդրդուզի ձոր՝  Զոնտիկներ: Տասը տարեկանում հասկանում էի, թե ինչ լավ է հայրենիք ունենալը և վայելել հայրենիքդ ամեն վայրկյան:

Ամեն տարի Արցախ էի գնում, վայելում Ստեփանակերտը՝ անսահման մաքուր իմ քաղաքը, իմ ամեն ինչը, իմ սրբավայրը ու Դեդո-բաբոյի արձանը: Գնում էի Քարվաճառ՝ Դադիվանքը տեսնելու և վերադառնում էի տուն՝ հպարտության, հաղթանակած հոգով: Մարտակերտ էի գնում տատիկիս արմատներին մոտ լինելու համար, բարեկամներիս հետ թեյ էինք խմում, հաց էինք ուտում բոլորս մի մեծ սեղանի շուրջը, ու անդադար հարցնում էի.

-Ո՞ր կողմն են թուրքերը:

Նայում էի անվախ ու հպարտ, զգում էի մեր հերոսները ինչ էին զգում 90-ականներին: Օրինակ՝ Մոնթեն, Վազգենը ու մեր բոլոր հերոսները: Հուզմունքը խեղդում էր կոկորդս: Հիմա էլ է խեղդում, երբ հիշում եմ` ինչ են զգում մեր հերոսները, բայց արդեն Մխիթարը, Հայկը, Գևը… Ու էլի հուզմունքից կոկորդս խեղդում է, բայց ոչ հպարտության զգացումով, այլ մեղքի, կորստի զգացումով ու հայրենիքի կորստով: Ես սիրում էի Արցախը, սիրում եմ Արցախը ու կսիրեմ Արցախը՝ իմ հայրենիքը, հողն ու ջուրը: Արցախը ես եմ, Արցախը բոլորս ենք, Արցախը մեր մեջ է ու մեր սրտի մի անկյունում: