Հայրեր և որդիներ

Իմ հերոսն իմ հայրիկն է՝ Սահակյան Ռոմանը: Նա աշխատում է փրկարար օգնության անձնակազմում, փոխգնդապետ է: Սակայն, վթարի և արտակարգ դեպքերի ժամանակ նա անձնակազմի հետ միասին մասնակցում է գործողություններին: Շատ դեպքեր են եղել, երբ հայրիկս գիշերվա ժամը չորսին գնացել է և վտանգելով իր կյանքը փորձել է փրկել տարբեր մարդկանց: Երբ նա գիշերը տուն է գալիս, աշխատում է տան վերանորոգման վրա, ոչ թե քնում է: Ես միշտ փորձում եմ օգնել հայրիկիս այն ամենով, ինչով կարողանամ: Իսկ երբ ժամանակ է ունենում, նա նաև մեր դասերն է ստուգում:

Հայրիկս ինձ համար տղամարդու վառ օրինակ է, և ամեն պահ, ամեն հարցում պատրաստ է ինձ օգնել և ճիշտ խորհուրդներ տալ: Ես հպարտանում եմ իմ հայրիկով: Նա ինձ սովորեցրել է, թե ինչ պետք է անել հրդեհի, երկրաշարժի, վերելակի խափանման, կայծակի, ամպրոպի ժամանակ: Ինչպես նաև ինձ սովորեցրել է, թե ինչպես ինձ դրսևորեմ դրսում: Տանը նա խիստ և պահանջկոտ հայր է, բայց մի պահ նա բարի է դառնում: Տատիկիս, պապիկիս, մայրիկիս համար հայրս շատ սիրելի և օրինակելի մարդ է: Եվ նրանք ոլորը ցանկանում են, որ ես նմանվեմ հորս:

Ալեքս Սահակյան, 13տ

Երբեմն իր պահվածքով շատ դաժան և խստապահանջ, այսպիսին է  իմ հերոսը՝ հայրս: Հայրս մեր տան սյունն է, որի ամրության վրա չեմ համարձակվում կասկածել: Նա աշխատում է, միաժամանակ հետևում դասերիս, օգնում մայրիկիս տան գործերում: Հորս բնավորության գծերից առանձնացնում եմ եռանդունությունը, խստապահանջությունը, աշխատասիրությունը, որոնք ես չեմ ժառանգել:  Ինձ համար հենց նա է տղամարդու իդեալը: Հայրս ինձ միշտ նախատում է իմ ամեն փոքր սխալի համար, ինչի շնորհիվ էլ ես ձևավորվեցի որպես մարդ: Հայրս իմ հետ անկեղծ է, իսկ ես՝ երբեմն ոչ: Երբ հայրս տխուր է լինում, ես չեմ կարողանում ուրախ լինել: Հայրս տարօրինակ ազդեցություն ունի ինձ վրա, բայց նա իմ հերոսն է:

Ալեքսան Ջհանգիրյան, 13տ.