Երջանիկ մարդու երջանիկ օրը

Ո՞րն է երջանիկ մարդու ամենաերջանիկ օրը:
Ես երջանիկ եմ, երջանիկ եմ նույնիսկ այն բանի համար, որ կարողանում եմ մեծ ոգևորությամբ ասել այդ բառերը: Երևի իմ մեջ ապրող հուզմունքը, նեղսրտությունը, վիրավորանքը գլուխները կախեցին, քանի որ ես նրանց անուշադրության մատնեցի, չնայած այն բանին, որ նրանք ավելի մեծ են, քան երջանիկ օրերս: Երջանիկ օրերս կարող եմ թվարկել ժամերով: Գիտե՞ք ինչու են նրանք այդքան շատ, քանի որ ես երջանիկ եմ համարում և այն օրերը, որոնցում երջանիկ եմ եղել թեկուզ մի քանի վայրկյան: Հետաքրքիր է, մանկությունիցս շատ բան չեմ հիշում, բայց այդ օրը գամվել է ուղեղումս, ու եթե չեմ մոռացել, ապա չեմ էլ մոռանա:
Բոլորը աշխատանքի էին, տանը ես մենակ էի, իսկ այդ օրը բակում «դիմակահանդես» էր, ոչ թե ազնվականների դիմակներով, այլ կենդանական, դրանցով մենք հաճախ էինք միջոցառումներ կազմակերպում: Եվ քանի որ փոքր էինք, շենքի բոլոր մեծահասակները գալիս էին, որպեսզի  մեզ ուրախացնեն: Մեր բակի միակ «կահույքը»  մի փոքրիկ նստարան էր, այն էլ ուրախությունից ճռռում էր, քանի որ այդքան այցելուներ հաճախ չէր ունենում: Մի  տատիկ կար, որին սկզբից չէի նկատել և չէի ճանաչում. մեր շենքից չէր: Նա չուներ նստելու տեղ, կանգնած էր, իսկ այդ միջոցառման բացման  բանաստեղծությունը արդեն սկսել էի: Տեսնելով այդ տատիկին՝ կիսատ թողեցի բանաստեղծությունս, գնացի տուն (մեր տունը երրորդ հարկում էր, ուստի հանդիսատեսները երկար սպասեցին նախաբանի վերջին), վերցրեցի աթոռ  ու իջա ներքև: Աթոռը տվեցի այդ տատիկին ու շարունակեցի  բանաստեղծությունս…
Հենց այս օրն է երջանիկ մարդու ամենաերջանիկ օրը: