nane eghiazaryan

Հայրիկս ազատամարտիկ է

Հարցազրույց հայրիկիս՝ Սերգեյ Եղիազարյանի հետ

Շատ տարիներ են անցել Արցախյան հերոսամարտից: Այսօր ես ձեզ կներկայացնեմ  հայրիկիս հետ հարցազրույցը, որը Արցախյան հերոսամարտի մասին կլինի:

-Հայրիկ, ո՞ր թվականին գնացիր ռազմաճակատ:

-1994 թվականին գնացել եմ ռազմաճակատ: Այն ժամանակ կային եռամսյա հավաքներ, որոնց ժամանակ երիտասարդներին, և առհասարակ տղամարդկանց, տանում են ռազմաճակատ: Ես այդպես եմ գնացել ռազմաճակատ:

- Որտե՞ղ ես կռվել, և ի՞նչ իրավիճակ էր:

-Ես կռվել եմ Հորադիսում, որը գտնվում է Ղարաբաղի հարավային մասում՝ Իրանին սահմանակից է: Երբ գնացինք, պարզ է, որ միանգամից առաջին գիծ դուրս չեկանք, դեռ տեղանքին ծանոթ չէինք: Մեկ ամիս շարունակ սովորել, ծանոթացել ենք տեղանքին, դրանից հետո նոր անցել ենք սահմանը պահելու: Իսկ դրությունը Հորադիսում շատ վատ էր: Ունեինք շատ զոհեր և վիրավորներ: Մենք պայքար էինք մղում ադրբեջանցիների հետ կամուրջի համար, որով նրանց համար զենք էին մատակարարում: Ունեցանք երեք մարտ, բայց ցավոք կամուրջը մինչև օրս էլ նրանց է պատկանում:

-Ձեզանից բացի Ջերմուկից էլի՞ զինվորներ կային:

-Այո, կային, իմ ընկերներից շատերը: Եվ ոչ միայն Ջերմուկից, կային՝ Կեչուտից, Գնդեվազից էլ մարդիկ կային:

- Շա՞տ զոհեր ունեցաք:

-Մեր գումարտակից ունեցանք երկու զոհ՝ երկու լավ ընկեր և բարեկամ, ունեցանք նաև շատ վիրավորներ:

-Ասում են, որ պատերազմի ժամանակ բացի տխրության և զգոնության պահերից լինում են նաև ուրախ պահեր: Դա ճի՞շտ է:

-Դե կան պահեր, որ իսկապես ուրախանում ես: Օրինակ, երբ թշնամիդ հարձակվում է, և դու կարողանում ես նրան հետ մղել, ուրախանում ես: Կամ ինքնաթիռը, երբ կես տոննանոց ռումբեր է նետում ներքև, և դրանից հետո տեսնում ես մի բնակելի շենքի չափ փոս և լսում, որ վիրավորներ չկան՝ նորից ուրախանում ես:

-Իսկ եղե՞լ են պահեր, որ մինչև օրս հիշում եք:

-Դե այդպիսի դեպքեր շատ են եղել, բայց այս մեկը կպատմեմ: Մենք պատրաստվում էինք հերթափոխ կատարել, երբ հանկարծ քիչ հեռվում նկատեցինք թշնամական ինքնաթիռը: Տղաներից մեկը այս կողմ թռավ, մյուսը` այն կողմ, և մնացինք թաքնված մինչ ինքնաթիռը անցնի: Մեր կանգնած տեղերում նաև շատ փշալարեր կային: Երբ ինքնաթիռը անցավ, տղաներով հավաքվեցինք և նկատեցինք, որ մեկը պակասում է: Ման եկանք, ման եկանք, մեկ էլ տեսնենք նա թռել է ուղիղ փշալարերի մեջ: Այսպես մոտ կես ժամ նրան փորձում էինք անվնաս հանել փշալարերից: Իսկ այդ ընթացքում հանդիմանում էինք`թե էլ ուրիշ տեղ չկա՞ր, որ ընկնեիր, կամ տենց լավ չէր` գնայիր միանգամից դարակը բացեիր ու դանակների վրա պառկեիր: Իհարկե, մենք նաև ծիծաղում էինք, բայց երբ նրան հանեցինք փշալարերի միջից, նորից լրջացանք և անցանք մեր մշտական գործին:

-Ի՞նչ էիր զգում, երբ կանգնած էիր մարտի դաշտում:

-Պատասխանատվություն: Զգում էի, որ պատասխանատու ես այն մարդկանց համար, ովքեր քո հետևում են, կամ իրենց համար հանգիստ քաղաքում գլուխները դրել են բարձին՝ իրենց կյանքը վստահելով քեզ: Եվ եթե հանկարծ մի փոքր քնեիր, կամ շեղվեիր, հավատա՛, հետևումդ էլ ոչինչ՝ բացի թշնամուցդ չէր մնա:

-Երբ կանգնած էիր սահմանին, վախի զգացում չունեի՞ր:

-Իհարկե, ունեի: Բոլորը ունեին, բայց մարդկային կյանքը և հայրենիքը մեզ ստիպում էին խեղդել վախը: Ես ամեն վայրկյան մտածում էի, որ ոչ ոք ապահովագրված չէ մահից:

-Ի՞նչ էիր զգում, երբ հաղթանակած վերադարձար տուն:

-Երբ մենք վերադարձանք տուն, արդեն կնքվել էր մայիսի 5-ի պայմանագիրը: Մեզ շատ հպարտ էինք զգում և ուրախ էինք, որ Արցախի  ազատամարտի գործում մեր լուման ունեինք: Վերադարձանք տուն, մեզ համար մեծ անակնկալ էր, երբ տեսանք թե ինչպես են մեզ դիմավորում մեր հայրենակիցները` զուռնա-դհոլով, լավ-լավ խոսքերով և այլն…

-Ի՞նչ կմաղթեիր սահմանում կանգնած զինվորին:

-Առաջին հերթին բարի ծառայություն, կապույտ երկինք: Թող շատ զգույշ լինեն, որովհետև դեռ պատերազմը ավարտված չէ: «Ավարտված չէ» ասելով հասկացեք այն, որ խաղաղ իրավիճակում սահմանին ամեն օր զինվոր չի մահանում թշնամու գնդակից: Թող լինեն աչալուրջ և իմանան, որ նրանց կողքին ենք: