Photo Yeva

Հանկարծ չժպտաս

Բարև՛, ամենածանո՛թ անծանոթ։ Դու ինձ ամեն օր հանդիպող պատահական անցորդն ես։ Դու երթուղայինում ողջ ճանապարհին քո անդադար հեռախոսազրույցով իմ ուղեղի աշխատանքը վաղ առավոտից խաթարողն ես։ Դու այն մանուկն ես, որի լուսավոր աչուկները փայլում են անհոգ մանկությամբ։ Դու ամեն առավոտ մեր մաշված, բազմաչարչար ու աղբին մի կերպ դիմադրող փողոցները ջանասիրաբար ավլողն ես։ Դու հեռուստատեսությամբ, ռադիոյով, տպագիր կամ օնլայն մամուլով ամեն օր բոլորիս հիացմունքի, հպարտության, զարմանքի, երբեմն վախի, զայրույթի, արդար անարդարության ու կողմնակալ անաչառության մասին շոկային լուրեր հաղորդողն ես։ Դու ժամերով հեռախոսի գերի դարձած ու ժամանակի սահմաններից դուրս մնացած աննապատակ թափառողն ես։ Դու մարդկային հույզերը գրչի լուռ ու մարդկանց սրտի հետ խոսող լեզվով գրքերը ներարկող ցնդած պոետն ես։ Դու ամենախոսուն երաժշտության ու քո հանդարտ ձայնի ամենանուրբ լարերով մարդկանց կողպված հոգիների հետ անվերջ զրուցող ու դրանց ազատություն շնորհող ամենատաղանդավոր ու ամենախենթ երաժիշտն ես։ Դու տարիներ ի վեր մարդկային կյանքեր փրկող ազնիվ ու խելացի բժիշկն ես։ Դու սոցկայքերի ամենահավատարիմ ու անդավաճան ամենաներկա բացական ես, դու… Դու ամենաանհայտ ու հայտնի դուերը քո մեջ ներառող ամենահզորն ես, ուստի քո թույլտվությամբ մի փոքր կզրուցեմ քեզ հետ ու մի բան կասեմ․

-Մի՛ ժպտա, խնդրում եմ, որովհետև քո ժպիտը կարող է մի երջանիկ ակնթարթ պարգևել ինձ, որովհետև քո մի ժպիտը կարող է հիշեցնել ամեն վատի անցողիկության մասին։ Մի՛ ժպտա,որովհետև դա կարող է երբևէ ստեղծված ամենաուժեղ դեղամիջոցը լինել։ Մի՛ ժպտա, որովհետև դրանից խավար ցերեկը կարող է ամենալուսավոր գիշերվա վերածվել։ Ուղղակի ապրիր այնպես, կարծես ոչինչ չի կատարվում շուրջդ․ չէ՞ որ անտարբերությունը մերօրյա թրենդ է դարձել։ Առավոտյան հենց աչքերդ բացես, միանգամից հիշիր թե որքան ծանր, անտանելի, երկարատև, հոգնեցուցիչ, ծանրաբեռնված օր է սպասվում քեզ։ Հանկարծ չմտածես, որ օրդ կարող է լցվել ուրախության մանրագույն պատառիկներով, որ դու կարող ես այսօր մի փոքր այլ կերպ նայել կյանքին՝ անդադար լցնելով այն լայն ժպիտով, ամենահարազատ ջերմությամբ, արդյունավետ աշխատասիրությամբ, սիրելիների հետ հանդիպումներով, անցյալի անմոռանալի հիշողություններով, ապագայի ամուր հավատով, ու ներկայի ամեն վայրկյանի հաստատուն զարկերակով։ Ոչ։ Ոչ մի դեպքում։ Գորշ մռայլությունը պետք է քո ամենասիրելի ու անբաժան բարեկամը լինի ու դու պետք է թույլ տաս, որ կողքիններդ էլ օգտվեն նրա ծառայություններից, անգամ եթե նրանք չեն ուզում։ Ինչպե՞ս կարող ես անել դա։ Ամեն ինչ շատ պարզ է։ Երբ առավոտյան երթուղային բարձրանալիս լինես, ու շատ սպասողներ լինեն, ամեն կերպ հրի՛ր բոլորին մի կողմ ու առաջինը դու բարձրացիր։ Մյուսներին անշնորհք ձևով դեն նետելն ու անկուշտի պես երթուղայինը սեփականցնելը աննկարագրելի զգացում է ու գովասանքի արժանի արարք։ Հենց այդ պահին դու կզգաս սկզբնական արդյունքը․ բոլորը քեզ կնայեն նյարդայնացած, ագրեսիվ ու արհամարհանքով, մինչդեռ առավոտյան ժամը ութն է, ու ամբողջ օրն առջևում է։ Ճանապարհին հայացքդ սառն ու անտարբեր թող լինի։ Երբևէ չառաջարկես կանգնածի հիսուն կիլոգրամանոց գերծանր պայուսակը պահել, որովհետև դա կնշանակի, որ ուզում ես օգնել դիմացինիդ։ Մի՞թե պետք է օգնել դիմացինին։ Օ ոչ, դա այնքան էլ տարածված չէ մեր օրերում։ Հիմա պետք է չնկատելու տալ ուշաթափվող անցորդին, այն տատիկին,որը խնդրում է հեռախոսի վճարում կատարել, քանի որ ինքը ժամանակակից տեխնոլոգիաներին այնքան էլ լավ ծանոթ չէ։ Պետք չէ առանց փողի քեզնից տարիքով փոքր ուսանողին ինչ-որ դաս բացատրել․ չէ՞ որ դա այսօր միամտություն է կոչվում։ Այսօրվա արժեքները գերզարգացած տեխնոլոգիաներ են, բայց այնքա՜ն զարգացած, որ դեռ չենք կարողանում վերհանել նրանց բուն էությունը։

Լավ, շարունակենք մեր երթը։ Երբ իջնես երթուղայինից ու ուղևորվես դպրոց, համալսարան կամ աշխատավայր, չմոռանաս կրկին անցորդներին «պատահական» հրելով անցնել։ Սա անպայման պետք է անել վաղ առավոտյան, որ դիմացինդ էլ վարակվի քո հիվանդությամբ։ Երբ լուսացույցի մոտ կանգնած լինես, անպայման կարմիրի վերջին վայրկյանների տակ կսկսես երթդ, որ վարորդները հնարավորինս մեծ բառապաշարով քեզ բարի լույս մաղթեն։ Չէ, հանկարծ կարգապահ չլինես։ Քո մեծարգո ու կյանքի փորձ ունեցող սևազգեստ, թզբեխը ձեռքին, քաղաքի բոլոր հնարավոր մայթերն ու տաղավարները կատարյալ մաքրությամբ ապահովող ընկերներդ կարող են դա վախկոտություն որակել, ու այդ դեպքում դու հավերժ աքսորի կարժանանաս՝ աքսոր մեծն շրջապատից։ Վերջապես, դու հասել ես դպրոց, համալսարան կամ աշխատավայր։ Երբ շենք մտնելիս լինես ու ինչ-որ մեկը շտապ դուրս գալիս լինի, երբեք չզիջես նրան, չհարգես։ Ա՜խ այդ հարգանք կոչված գլուխկոտրուկը։ Ախր, ու՞մ է պետք այն այսօր։ Ոչ ոքի։ Ինչու՞ պետք է հարգենք դիմացինի իրավունքերը, կարծիքը, ճաշակը։ Ինչու՞ պետք է ընդհանրապես լսենք դիմացինին։ Երբ դիմացինը խոսում է, պետք է ամեն վայրկյան խանգարել նրան, որ հանկարծ մի ամբողջական միտք չարտահայտի։ Երբ դիմացինը Ձեր կարծիքից տարբերվող կարծիք է հայտնում, պետք է ուղղակի ստիպել, որ լռի, որովհետև Դուք ամենաիմաստունն եք, ամենաճիշտն եք և ամենախելացին եք։ Առնվազն հիմար է այն մարդը, որը համարձակվում է հակառակվել Ձեզ։ Չի կարող աշխարհում որևէ մեկը չհամաձայնվել Ձեզ հետ։ Այս ամենը անելով Դուք աշխատավայրում էլ դուրեկան միջավայր կստեղծեք։ Հրաշալի է․ հիվանդների թիվը աննախադեպ արագությամբ է աճում։ Երևում է՝ բժիշկը բավականին աշխատանք է ունենալու։ Այնքան շատ, որ հերթի վերջում կանգնածը հոգնածությունից կրկնապատկելու է թույնի առկայությունը իր ուղեղում։ Հիշում եք չէ՞ ամենակարևոր պայմանի մասին․ երբեք չժպտալ դիմացինին։ Չէ՞ որ դրա շնորհիվ անծանոթը կարող է երջանկանալ։ Չէ՞ որ դրա շնորհիվ փողոցը սրբողը կարող է բարձրացնել հոգնած աչքերն ու մի քիչ էլ շողշողուն արևի անսպառ ջերմությամբ վարակվել։ Չէ՞ որ դրանից մանկանց աչուկները մշտափայլ լուսատու կարող են դառնալ։ Չէ՞ որ դրա շնորհիվ գրողի մուսան կարող է տարիներով գալ ու չգնալ։ Չէ՞ որ դրա շնորհիվ երաժշտի հոգում կարող է մի անկրկնելի երգ ծնվել։ Չէ՞ որ դրա շնորհիվ բժիշկները հազարավոր առողջ հիվանդներ կունենան ու կցանկանան բուժել, բուժել ու բուժել։ Չէ՞ որ դրա շնորհիվ անգամ սոցկայքի գերին կարող է կտրվել այդ անշունչ էկրանից ու նայել կենդանի մարդկանց խոսուն աչքերին։ Ի՞նչ ասեմ դու։ Սիրտս այնքան է լցված մտորումների անլուծելի հավասարումներով, որ չգիտեմ, թե որի լուծումից սկսեմ։ Մի բան հաստատ գիտեմ։ Չեմ կարող այս ամենը միայնակ անել։ Ուղղակի խնդրում եմ, որ ասես դուերիդ, որ գեթ մեկ անգամ ժպտան ամենածանոթ անծանոթին, հարգեն, զիջեն, օգնեն, կարգապահ լինեն, սիրեն, ապրեն ու… Ու չվախենան։ Խոստանում եմ, որ եթե օգնեն ինձ գեթ մեկ անգամ ժպտալ, ապա ես նրանց այդ անկեղծ ժպիտի տասնապատիկը, քառապատիկը, հարյուրապատիկը կտամ։ Ախր ժպիտը դեռ հնարավոր է անվճար ու անշահախնդիր տրամադրել։ Փոխանցի՜ր նրանց նաև, որ անհանգստանալու պատճառ չունեն, որովհետև եթե կարիք լինի, ապա սևազգեստ թզբեխաստեղծների դեմ ինքս կկանգնեմ դատարանում ու կպաշտպանեմ դուերի իրավունքները մինչև վերջ։

Ժպտա՜, ժպտա՜, ժպտա՜ իմ ամենածանոթ անծանոթ…