կյանքի մեկ րոպե

Կյանքի մեկ րոպե. Շրջվիր ու գնա

-Այո, ես շատ ընկերուհիներ եմ ունեցել: Ձեզ կոնկրետ թի՞վն է հետաքրքրում: Չեմ հիշում: Բացի այդ` ի՞նչ կարևոր է: Գիտե՞ք, մի ժամանակ որոշեցի, որ էլ չեմ հանդիպելու աղջիկների հետ. մտածեցի` չարժե իզուր վտանգի տակ դնել նրանց: Երկար ժամանակ խուսափում էի բոլոր շփումներից: Նույնիսկ երբ մի աղջկա շատ հավանում էի, մեր դասարանից էր: Բայց էլի ոչինչ չարեցի: Վախեցա: Շատերը մտածում էին, թե ես մի քիչ խելապակաս եմ, որովհետև ոչ ոքի հետ նույնիսկ չէի զրուցում:

Պետք է ասեմ, դուք էլ, երևի, նկատեցիք. բնավորությամբ ես ամաչկոտ չեմ: Նույնիսկ հակառակը: Ես հասկանում եմ, երբ իմ տարեկիցներն ամաչում են շփվել աղջիկների հետ, կամ փորձել ծանոթանալ նրանց հետ: Բայց ես չեմ ամաչում: Ինձ համար դա դժվար չէ: Ես կարող եմ հանգիստ ծանոթանալ ցանկացած աղջկա հետ: Տարիքն էլ առանձնապես կապ չունի: Ուզո՞ւմ եք` կարող եմ ծանոթանալ հյուրանոցի այն աշխատողի հետ: Ճիշտ եք ասում, դրա ժամանակը չի հիմա: Այսինքն` ես պարզապես օրինակի համար էի ասում, հո չէ՞ի գնալու իսկապես ծանոթանայի:

Տարօրինակ զգացում է` գիտակցված հեռու մնալ աղջիկներից: Չամաչել, չխորշել, այլ ուղղակի հեռու մնալ` անհասկանալի պատճառով: Շատերին հավանում էի, շատերն ինձ էին հավանում և չէին թաքցնում: Բայց ես նույնիսկ չէի փորձում ծանոթանալ նրանց հետ, որովհետև խուսափում էի հարաբերություններից:

Այդպես երկար ժամանակ անցավ, հետո հասկացա` անիմաստ է: Ինչո՞ւ ես պետք է մյուսներից հետ լինեմ: Ինձ, ի՞նչ է, չի կարելի նույնպես լիարժեք մարդու պես ապրել:

Չէ, հիմա ընկերուհի չունեմ: Սովորաբար, երբ աղջիկները ճշմարտությունն իմանում են իմ մասին, էլ չեն ուզում շարունակել ընկերություն անել: Շատերը նույնիսկ կռվում են, մեղադրում են ինձ:

Մի օր հասկացա, որ էլ չեմ կարողանում սիրահարվել: Գիտե՞ք, ասես ենթագիտակցորեն վախենամ կապվելուց, որովհետև գիտեմ, որ ինձ հետ ոչ ոք երկար չի մնա: Միտքս կարծես անկախ ինձնից թույլ չի տալիս, որ լուրջ վերաբերվեմ հարաբերություններին:

Շատ լավ հիշում եմ` մի անգամ քայլում էի փողոցով, ու սրճարանում իր ընկերուհիների հետ մի աղջիկ էր նստած: Այնքան գեղեցիկ էր, որ կանգ առա ու էշի պես նրան էի նայում: Նա կողքով էր նստած ու չէր տեսնում ինձ: Իսկ ես կանգնել ու նայում էի, մտքովս հազար ու մի սցենարներ էին անցնում, թե ինչպես կծանոթանամ նրա հետ: Չգիտեմ` ինչպես բացատրեմ, բայց երբ փողոցում մեկին տեսնում ես, ու հանկարծ պատկերացնում ես, որ դուք արդեն ամուսնացած եք և նույնիսկ երեխաներ ունեք: Այ, հենց այդպես պատկերացրի: Մտածում էի, թե ինչպես իրար հետ կսկսենք հանդիպել, ինչպես ես անհանգիստ կսպասեմ նրան ժամադրությունների ժամանակ, ինչպես մի օր ամուսնության առաջարկ կանեմ, ինչպես մենք կմեկնենք ճամփորդության: Երեխաներ կունենանք, հետո` թոռներ:

Լինում է, չէ՞, այդպես: Հաստատ գիտեմ, բոլորն էլ թեկուզ մի պահ այդպես պատկերացնում են:

Ես նայեցի, նայեցի: Ամեն տղա իմ փոխարեն այդ պահին ծանոթանալու գոնե մի փորձ կաներ: Թեկուզ չնչին մի բան: Իսկ ես շրջվեցի ու գնացի: Ու ամբողջ կյանքում էլ պիտի շրջվեմ ու գնամ:

Դենիս, 17 տարեկան, վարակված է ՄԻԱՎ-ով: