Mane Babajanyan

Հանուն երազանքի

Գիտե՞ք, այն ինչ կասեմ հիմա, գուցե շատերիդ համար անընդունելի կամ անհասկանալի թվա, բայց հաճախ մեռած երազանքներն ավելի մեծ ցավ են պատճառում, քան հարազատ մարդու կորուստը:

Հիմա բացատրեմ: Պատկերացրեք դուք ունեք մի նվիրկան երազանք՝ դուք դրան եք տրամադրում ձեր ողջ ժամանակն ու մտքերը, օրեր ու ամիսներ շարունակ գիշերները քնելու փոխարեն պատկերացնում եք դրա իրականացումն ու անկախ ձեզանից ժպտում,  ու մի օր…

Մի օր պարզապես ամեն ինչ փշրվում է՝  անսպասելի ու միանգամից,  ուղղակի կորչում է վայրկյանների գլխապտույտ հոսքի մեջ,  ու դու հասկանում ես, որ երազանքդ մեռնում է,  ու դրա հետ նաև՝ սրտիդ մի մասը:

Ես դա հասկացա ամիսներ առաջ՝ ինձ համար շատ անսպասելի պահի, սկզբում չհավատալով, ապա՝ խելագարության հասցնող ցավով ընդունեցի այն ու հասկացա, որ երազելը միայն ցավ է պատճառում: Երբ հասկանում ես, որ հաշված օրեր հետո օդ բարձրացող ինքնաթիռն իր հետ տանում է երազանքդ, ու այն էլ՝ անդարձ, դադարում ես այլևս երազել: Եվ հիմա ես պարզապես էլ չեմ երազում ու չեմ էլ ցանկանում երազել:  Համաձայն եմ, շատերդ հիմա զարմացաք, կամ գուցե նաև մեղադրեցիք ինձ, բայց այո, ես մեկն եմ, ով չունի և ոչ մի երազանք, ոչ մի:

Ու գիտե՞ք ինչու, երբ երազանքդ փշրվում է քո իսկ աչքի առաջ՝ սիրտդ ասես փախչում է տեղից, բաբախում է գլխապտույտ արագությամբ, հետո… Հետո դանդա՜ղ մեռնում է: Ու դրանից հետո նորից երազել շարունակելու համար մեծ ուժ ու համարձակություն է պետք, որը, ցավոք, ես չունեմ: Եվ այո, ես էլ չեմ երազում, քանզի հասկացել եմ, որ կյանքում ամենացավալին դա երազանքդ թաղելն է, ու դադարելը երազել դրանից հետո:

Խնդրում եմ ինձ նման երբեք չվարվեք. պայքարե՛ք ձեր երազանքի համար, ու անկախ ամեն ինչից, երբեք մի դադարեք երազել, հիշե՛ք՝  երազանքը թևեր է տալիս կյանքում առաջ շարժվելու համար…

Դե իսկ ինձ մնում է միայն սպասել մինչ երազանքիս ինքնաթիռը նորից հետ կգա, կամ գուցե և չգա էլ: Բայց դուք սպասեք ձեր ինքնաթիռին ու երբեք, լսո՞ւմ եք, երբեք չդադարեք երազել:

Խմբագրության կողմից. Մանե, այն որ ուրշներին խորհուրդ ես տալիս չվհատվել, կեցցես, հենց նույնը քեզ ենք մաղթում: Երբեմն մենք երազում ենք բաներ, որոնք բոլորովին էլ մեր երազանքները չեն: Կամ` դեռ ժամանակ ու պատրաստություն ես ուզում մեզնից, մի տեսակ փորձում են մեզ` արդյո՞ք իսկապես ուզում ենք իրենց, արդյո՞ք պատրաստ ենք ընդունելու: Վեր կաց և մի վհատվիր: Ամեն բան լավ է լինելու: