artyom safaryan

Տասը տարի առաջ, խաղահրապարակում

2016թ. հուլիսի 23, ժամը 14:50։ Օրը արևոտ էր, հանդիպեցի ընկերոջս՝ Տիգրանին (բայց դե ո՞վ է նրան Տիկո ասում, մեր բոլորի համար նա Մալխասն է): Ակամայից սկսեցինք հիշել դպրոցական կյանքի մեր նորամուտը: Շատ հաճելի էր տեղափոխվել այդ անհոգ տարիները, երբ ամենաուժեղ հերոսը «սպայդերմենն» էր, իսկ Նոր տարվա նվերները բերում էր Ձմեռ պապիկը իր պարկի մեջ:Եվ ընկերս այդ մանկական զվարթությամբ սկսեց պատմել մի հետաքրքիր դեպք, որը չէի կարող չվերածել հերթական հոդվածիս: Այս պահից կսկսեմ պատմել առաջին դեմքով, որպեսզի ավելի խորացնեմ ընթերցողիս տպավորությունը:

…2006թ., մայիսի 25, ժամը մոտավորապես 13:15 րոպե։ Օրը արևոտ էր, իսկ դպրոցում իրենց ուղին էին ավարտում հերթական տասներորդցիները (այդ ժամանակ դեռ մեր առօրյա չէր ներխուժել 12-ամյա կրթություն կոչվող չարիքը): Ոգևորված վերադարձա տուն, բայց դեռ չէի հասցրել մտնել շքամուտք, երբ տեսա իմ ընկեր Նարեկին ու  չկարողացա մերժել նրա հետ խաղալու առաջարկը: Ուրախացած մեր քայլերը ուղղեցինք շենքի հետևի խաղադաշտը, որտեղ մենք միշտ խաղում էինք: Մոտեցա շվեդական պատին ու սկսեցի մագլցել, հետո իջա: Շատ զվարճալի էր. ինձ զգում էի «սպայդերմենի» դերում, ու որոշեցի ևս մեկ անգամ կրկնել սխրանքս՝ բարձրանալով այդ 3 մետրանոց պատը: Թվում էր, թե  ամեն ինչ կարգին է, ոգևորված նայեցի հետ, որ տեսնեմ մարդկանց հիացմունքը, բայց պատկերը, որը ես տեսա, ամբողջովին այլ էր՝  ես սկսեցի մթի մեջ տարբերել երկու սիլուետ, որոնք կարծես մայրիկինն ու տատիկինն էին: Ու հանկարծ զգացի, թե ինչպես եմ սլանում դեպի անդունդը, իսկ հաջորդ բանը, որ հիշում եմ` ամբոխի վախեցած աչքերն էին, որոնց մեջ կարողացա նկատել տատիկի արցունքներով լի հայացքը: Մի անծանոթ կին հանեց իր շալը և հենարան սարքեց իմ արյունլվա եղած գլխի համար: Վայրկյաններ անց իմ արցունքոտ հայացքը նկատեց ձեռքիս ալիքաձև ջարդվածքը՝ գլխի չընկնելով անգամ, որ գլուխս ավելի վատ է տարել իմ այս գալիլեյան թռիչքը: Դժվարությամբ էր ականջս տարբերում մարդկանց հորդորները և աղաղակները տատիկին, որ ջուր չլցնի վրաս, քանի որ արդեն ուշքի էի եկել: Արցունքների միջով անգամ փորձում էի որոնել մորս, բայց ապարդյուն, քանզի տատիկը՝ խղճալով մայրիկին, ամեն կերպ թաքցնում էր եղելությունը։ Բայց մորս սիրտը զգացել էր վտանգը, և նա եկել էր դեպքի վայրը: Անհրաժեշտություն առաջացավ շտապ տեղափոխել ինձ հիվանդանոց, բայց այն, որ Հայաստանում վերջերս շատացել են մեքենաները, մեզ ոչինչ չտվեց, քանի որ ոչ ոք չառաջարկեց իր օգնությունը: Շուրջ բոլորը աղաղակներ էին. մարդիկ օգնություն էին կանչում, բայց երկար ժամանակ ոչ մի արձագանք չկար։ Արդեն նույնիսկ ես իմ կիսատ գիտակցությամբ նկատում էի ժողովրդի հուսահատությունը, բայց մի րոպե. այն ո՞վ է հեռվում: Հանկարծ այդ պատկերը մոտենում էր, տեսքից մի 45 տարեկան տղամարդ էր: Մոտեցավ, և ես զգացի արդեն, որ տեղափոխվում եմ մեքենայի մեջ: Ես հանգստացա՝ առաջին հերթին տեսնելով, որ մայրիկիս առաջվանից ավելի քիչ է խառնված, բայց նրա ու տատիկի այլայլված դեմքերը նույնիսկ աղոտ պատկերով ընդմիշտ տպավորվեցին իմ հիշողության մեջ: Աչքերս ինքնըստինքյան փակվեցին, և հաջորդ անգամ բացելով դրանք՝ ես նկատեցի ուժեղ մի լույս, բայց շատ թույլ էի, որ ինչ-որ բան տարբերեի: Հանկարծ զգացի, որ մարմնիս մեջ է թափանցել մի սաստիկ դող. աստիճանաբար պատկերը պարզվեց, ու ականջիս հասավ Կարինե մորաքրոջ ձայնը (նա մեր հարևանն էր, բայց ես նրան մինչ օրս էլ մորաքույր եմ ասում). «Դիմացի, Տիկո ջան, բան չմնաց: Հեսա տեղ ենք հասնում»։  Չգիտեմ ինչպես, բայց իրոք մորքուրիս աղոթքները ինձ ուժ տվեցին, ու ես կարողացա հասկանալ, որ արդեն վաղուց գտնվում եմ շտապօգնության մեքենայում: Շատ աղոտ եմ հիշում: Հաջորդ բանը, որ հիշում եմ, մազի սափրող մեքենայի ձայնն էր, որը անցնում էր իմ վիրավոր գլխի վրայով՝ մաքրելով բժիշկների «աշխատատեղը» այդ պահին անցանկալի մազածածկույթից։  Իսկ ալիքաձև կոտրվածքը սպիտակել էր գիպսի շնորհիվ:  Հետո գլուխս անցավ ռենտգենյան ճառագայթների փորձությունը, և բժիշկը՝ ստանալով մերոնց համաձայնությունը ,առանց վարանելու սկսեց վիրահատությունը:

Աչքերս կրկին բացվեցին. այս անգամ լռության միջից ինձ էր հասնում սրտագրի միապաղաղ ձայնը: Աչ ու ձախ թեքելով գլուխս հասկացա, որ պալատում եմ: «Փառք Աստծո, ուրեմն ամեն բան լավ է ավարտվել»։ Կանչեցի բուժքրոջը, հենց մտավ, միանգամից ասացի. «Տատին ո՞ւր է», ու բուժքուրը դուրս եկավ, և ներս մտավ տատիկը: Հազիվ էր բերանս բացվում, բայց տատիկի հետ երկու բառ փոխելու ցանկությունը մեծ էր, և ես կարողացա իմ մեջ կենտրոնացնել այդ մի փոքր էներգիան և խոսել իմ քաղցր տատիկի հետ։ Հետո մամային կանչեցի. ձայնս հազիվ էր դուս գալիս, բայց ուզում էի, որ մաման չանհանգստանա հանկար, որ այլևս չտեսնեմ նրա այլալված դեմքը: Խոսեցի մամայի հետ ու զգացի, որ ամեն բան արդեն հետևում է:

Հիմա իմ ընկերը պարթևահասակ տղա է, և այս ամենը հիշում է մանկական բարի ժպիտով։