arxiv

Հաջողության իմ բանաձևը

 Իմ ձին

Չորս թե հինգ տարեկան էի: Մի օր երեկոյան անգործութունից միացրեցի հեռուստացույցը: Ոչ մի մուլտֆիլմ չգտա ու հուսահատված կանգ առա մի ինչ-որ պատահական կինոյի վրա:

Այն անգլերենով էր, ու, բացի դրանից, արդեն կեսն անցել էր, այդ պատճառով բան չէի հասկանում: Ցուցադրում էին մի եկեղեցի, որի ներսում տարբեր տարիքային խմբի պատկանող տղամարդիկ էին խոսում: Ես արդեն ուզում էի ալիքը փոխել, երբ դեպքերն արագ փոխվեցին: Մարդիկ կարծես մի ինչ-որ բան որոշեցին և դուրս թռան եկեղեցուց: Նրանք դրեցին իրենց սիրուն գլխարկները, հեծնեցին ձիերին ու ինչ-որ տեղ ուղևորվեցին: Կովբոյներ էին: Այդ կինոն շատ տպավորվեց իմ մեջ: Դրանից հետո գրեթե ամեն օր փորձում էի ծնողներիս համոզել ինձ ձի ու կովբոյի գլխարկ գնել: Նրանք, բնական է, միայն գլխարկին էին համաձայն, բայց ես ավելի շատ ձի էի ուզում: Խորը դեպրեսիայի մեջ էի, ոչ մեկի հետ չէի ուզում խոսել: Ես իմ ձիուն էի ուզում: Մի օր ծնողներիս հետ հյուր էինք գնացել: Ես չէի ուզում գնալ, բայց ինձ ի վերջո համոզեցին: Արդեն մի ժամ էր, ինչ տխուր նստած էի և հորս ու ինչ-որ մարդու խոսակցությունն էի լսում, երբ կողքի սենյակից ներս մտավ նա: Նրա փարթամ մազերը, մուգ սև մորթին և դեպի վեր ցցած պոչը ինձ ապշեցրեցին: Այս հմայիչ կենդանին ինձ գերել էր: Դա մի շատ մեծ և հիասքանչ շուն էր: Ես նայում էի նրան և հիանում: Չդիմացա: Աննկատ վեր կացա տեղիցս և շարժվեցի նրա մոտ: Շունչս պահել էի, որ չլսի, թե ինչպես եմ իրեն մոտենում: Շունը պառկած էր, և ես հեշտությամբ թռա նրա վրա ու եղունգներս մարմնի մեջ մտցրեցի: Նա վեր թռավ և սկսեց վազել:

-Նո՛, նո՛,- գոռում էի ես: Ի՜նչ հրաշալի էր այդպիսի գերիչ կենդանու մեջքի վրա նստելը: Թե՛ ես, թե՛ նա հիասքանչ էինք: Չեմ մտածում, որ իմ երևակայական ձին ինձ հետ կիսում էր այդ զգացմունքները: Նա շատ շուտ ինձ գետնին շպրտեց ու փախավ: Ընկնելը շատ ցավոտ էր, սակայն ես իմ արարքից գոհ էի:

Ալեքսանդր Սարգսյան 15տ.

Ես համառ եմ

Ինքը շատ թույլ ա անգլերենից, չի կարողանում հասցնել մյուսներին, մեր դպրոցը անգլիական թեքումով ա, բարդ գրքերով ենք անցնում, ամեն տարի քննություն ենք հանձնում, գոնե շուտ տեղափոխեիք, ձեր հին դպրոցում հեշտ ա եղել, հեշտ գրքեր, դրա համար բարձր ա ստացել, մեր մոտ 3- ից ավել հաստատ չի ստանա…

Յուրաքանչյուր ուսուցչի պարտքն է ծնողին հայտարարել, որ իր երեխան ընդունակ չի ընկալել իր «բարդ» առարկան: Նոր դպրոցում անգլերենի առաջին գրավորից 2 էի ստացել, տնայինները չէի կարողանում անել, տեքստերը չէի հասկանում: Նույնիսկ մայրիկիս առաջարկել էի փոխել դպրոցը: Բայց ոչ, մայրիկս բերեց բոլոր այն գրքերը, որոնցով նախկին դասարաններում սովորել էին դասարանցիներս այդ դպրոցում, և մենք սկսեցինք պարապել` 4 դասարանային կուրս… Հիմա անգիր հիշում եմ այն տեքստը, որից առաջին անգամ 5 ստացա` 5 բալային համակարգով, բայց նաև հիշում եմ, թե ինչ դժվարությամբ էի այն սովորել: Մայրիկիս հետ կարդում էինք և տարբեր բառարաններով թարգմանում այն բառերը, որոնց բացատրությունը նա չէր հիշում, հետո ցածր դասարանների վարժություններն էինք անում: Հաջորդ գրավորը ես ստացա 4-ից հանած, բայց դա էլ մայրիկիս չբավարարեց, մենք նորից պարապում էինք, պարապում… Հաջորդ կիսամյակում ես գրավորներից հինգեր էի ստանում և դասարանցիներիս հետ հավասար սովորում էի դասերս, նույնիսկ նրանցից մի քիչ շատ գիտեի: Մի խոսքով ես մի տարում կարողացա սովորել 4 դասարանային կուրս և առաջին անգլերենի տարեվերջյան քննությանը ստացա գերազանցիկի փոխադրման թերթիկ:

Շուտով մայրիկիս համառությունը իմ մեջ դարձավ բնավորություն, սկզբում աշխարհագրությունը, հետո քիմիան և այլն:

P. S. Նախորդ ծնողական ժողովին հայերենիս ուսուցչուհին հայտարարել էր, որ ես ուղղագրությունից թույլ եմ, դասերին էլ անջատված եմ նստում… Դե ինչ, ուղղագրություն` բռնվիր:

Դիանա Շահբազյան 15տ.

Վ+Ռ=Գ, Վ+Ռ=Ա, երբ Գ-ն մեծ է Ա-ից

«Վ»-ն հայրիկիս անվան առաջին տառն է: Հայրիկս իմ ուժն է: Կարող եմ ասել հայրս միակ մարդն է մեր ընտանիքում,  ով ինձ երես է տալիս: Այսինքն, եթե ես ինչ-որ նոր բան եմ ուզում և գիտեմ, որ մայրիկս մերժելու է, միանգամից հայրիկիս եմ դիմում: Ես հայրիկիս կողքին ինձ ապահով եմ զգում:

«Ռ» ամեն  ինչ ասված է` երկնագույն աչքեր, նուրբ ձեռքեր, հոգատար մայրիկ: Մայրիկս իմ ամենամեծ ընկերուհին է: Ընտանիքում ամենահոգատարը բոլորիս նկատմամբ:

«Ա»: Արիկն էլ իմ եղբայրս է` իմ կռվի ընկերը: Մենք միշտ վիճում ենք անկախ ամեն ինչից: Երկուսս էլ եկել ենք այն հայտարարի, որ մենք միայն իրար սիրում ենք, երբ քնած ենք: Չնայած առանց Արիկի նույնիսկ մի օր չեմ կարողանում: Եղբայրս ինձ համար մաքուր օդ կարծես լինի:

Ես հաջողակ ու երջանիկ եմ ընտանիքիս շնորհիվ: Շնորհիվ` հայրիկիս կողքին ապահով լինելուն, մայրիկիս հոգատարության և եղբորս ապահոված մաքուր օդի:

Մարտիրոսյան Գայանե 17տ.

Վերլուծելուց հետո

Արդեն տասնվեց տարեկան եմ ու երևի այսքան ժամանակ չի եղել մի բան, որ համարեմ հաջողված: Օրինակ, երբ գնում եմ նոր տետր, շատ շուտ հոգնում ու ձանձրանում եմ ու որոշում եմ, որ ժամանակն է այդ տետրը փոխելու: Չգիտեմ, երբ կգա այդ օրը, որ ես ինչ-որ բան կանեմ և կհասցնեմ վերջնական կետին: Ամեն բան ինձ արագորեն հոգնեցնում է և շատ արագ սպառում իր հետաքրքրությունը ինձ համար: Ինձ միշտ մի բան է պետք, որ ես ոգևորվեմ նորից ու նորից ու հավատամ իմ բռնած գործի հաղթանակին:

Ես այնպիսի մասնագիտություն եմ ընտրել, որ ընդհանրապես չի համապատասխանում իմ բնավորությանը: Ի դեպ ասեմ` ես ուզում եմ ռեժիսոր դառնալ: Ռեժիսորներ կան, որոնք տարիներով մի ֆիլմ են նկարում: Իսկ ես անգամ մեկ տարի չդիմացա պարի դասերին: Երևի իմ ընտրած մասնագիտությունը ինձ կօգնիի դառանալ ավելի նպատակասլաց և հավատալ իմ ուժերին: Չգիտեմ, գուցե տասը կամ քսան տարի հետո բախտը ինձ ժպտա, և դուք պատահաբար տեսնեք իմ նկարած որևէ ֆիլմ ու մտածեք, որ այս աղջիկը վերջիվերջո կարողացավ իրականացնել իր նպատակը:

Լաուրա Սահակյան 16տ.

Իմ լավատես եսը

-Լավ կկրկնեք ամբողջ անցածը, մյուս դասին թեմատիկ գրավոր ենք գրելու, դասագրքի սկզբից կկրկնեք, ուշադիր լսեք, որ չմոռանաք,- դասի վերջում հայտարարեց ուսուցչուհիս:

«Ի՞նչ, դասագրքի սկզբի՞ց… Այսինքն համարյա ամբողջ կիսամյակի անցածը… էն էլ հայոց պատմություն… Ես կկործանվեմ»,- մտածում էի ես սեղանին համարյա պառկած:

-Մարիա՞մ, լացում ե՞ս,- հարցրեց դասարանցիս:

-Չէ, բայց մյուս դասին մենք բոլորս ողբալու ենք:

«Էն էլ ոնց: Հայոց պատմություն, լիքը թվերով ու դժվար անուններով, որոնք ես ընդհանրապես հիշել չեմ կարողանում: Մի ամբողջ կիսամյակ, այն դեպքում, երբ ես նախորդ դասն էլ չեմ հիշում: Ինչ եմ անելու…»,- տագնապալից մտքերով հասա տուն:

Նստեցի բազմոցին, մտածեցի մեկ րոպե, երկու րոպե, հինգ րոպեից շտապ տեղիցս վեր թռա, լույսի արագությամբ մյուս բոլոր դասերս արեցի և բացեցի հայոց պատմության դասագիրքը:

-Լավ, հանգիստ, խուճապի չենք մատնվում, հավեսով, սիրուն հայոց պատմ ենք սովորում,- խոսեց օպտիմիստ եսս:

-Հավեսով, սիրով, հեշտ ես ասում, էդ ոնց ես պատրաստվում սիրով ու հավեսով սովորել, եթե ո՛չ հավես ունես, ո՛չ էլ սիրում ես պատմությունը,- հնչեց պատասխանը:

-Հա, լավ, ասացինք` առանց խուճապի, ինչքան կարող ենք, այնքան կսովորենք, կստացվի, կարևորը՝ ժամանակ չկորցնենք:

-Լավ, արա ինչ ուզում ես, էլ չեմ խառնվում:

-Ա՛յ, ճիշտն էլ դու ես անում:

Սկսեցի առաջին դասից, դուրս գրեցի բոլոր թվականներն ու կարևոր իրադարձությունները, դրանք անգիր արեցի: Շատ մեծ դժվարությամբ, բայց ոնց որ հիշում էի: Տեսնելով տառապանքներս, քույրս, ով պատմություն շատ էր սիրում և հեշտությամբ էր սովորում, կրկնում էր.

-Վա՜յ, Մարիա՛մ, վայ…

Ես փորձում էի ուշադրություն չդարձնել քրոջս վայվայներին՝ մարտական հոգիս չկորցնելու համար: Չգիտեմ, ասե՞մ. գիշերվա, թե առավոտվա հինգին սողացի քնելու: Երազիս մեջ Ավետիս Ահարոնյանի հետ Սևրի պայմանագիրն էի ստորագրում…

Եվ վերջապես թեստն իմ առջև էր: Արագ-արագ կարդում էի հարցերը, փորձելով ստանալ ամբողջ ինֆորմացիան, որ իմանամ, հիշու՞մ եմ, թե՞ ոչ: «Գիտեմ, այս մեկն էլ գիտեմ, սա էլ գիտեմ… Ոնց որ հիշում եմ…»:

Երջանիկ դեմքով դուրս եկա դասարանից: Թեստը լավ էի գրել, կարելի է ասել՝ շատ լավ: Օպտիմիստ եսս ասաց.

-Տեսնու՞մ ես, որ ստացվեց, պետք ա ուղղակի լսես ինձ:

-Եղավ, կլսեմ սրանից հետո, խոստանում եմ:

Վերջին բանն այդ օրվանից, որ հիշում եմ, այն էր, թե ինչպես պայուսակս մի տեղ շպրտելով ընկա բազմոցին:

Մարիամ Նալբանդյան, 14 տարեկան

Բախտի և նպատակասլացության մասին

- Ու~ֆ, ինչքան անհաջողություն կա, ինձ հետ պետք է լինի, չէ̉: Ճիշտ եմ էլի ասում, որ բախտ ընդհանրապես չունեմ:

-Հա~, իսկ իմ դասընկերը հաղթել է դպրոցական օլիմպիադաներում ու մի քանի օրից արտասահման պիտի մեկնի: Խելք է, է~, խելք:

-Ուսումնարանն ավարտելուց հետո ես էլ եմ ուզում արտասահման գնալ: Դրա համար հիմա ամբողջ օրը պարապում եմ:

…Մարդիկ տարբեր են, նրանց ցանկությունները` նույնպես: Մեկն իր բախտից է բողոքում, մյուսը նախանձով է նայում խելացի մարդկանց հաջողություններին, մեկն էլ ունի նպատակներ և ցանկանում է իրագործել դրանք:

Մեր կյանքը խաղ ու պար չէ: Ամեն րոպե, ամեն վայրկյան ինչ-որ բան փոխվում է: Ոչ մեկս չգիտենք, թե հաջորդ րոպեին ինչ է լինելու, թե ամիսներ հետո որտեղ ենք լինելու և ինչ խնդիրների առաջ ենք կանգնելու: Ուստի կյանքում պետք է ամեն ինչից որոշ չափով տեղեկություն ունենալ, պետք է չծուլանալ և սովորել:

Նպատակասլացությամբ ոչ բոլորն են փայլում, բայց եթե կան ցանկություններ, որոնք անվերջանալի մտորումների արդյունքում վերածվում են երազանքների, ապա պետք է հստակ քայլերի միջոցով դրանք դարձնել նպատակներ և ամեն կերպ ձգտել հասնել դրանց:

Իսկ բախտը յուրաքանչյուրիս համար էլ ինչ-որ տեղ պակասում է: Դե կյանք է, ինչ արած: Ամեն դեպքում կարծում եմ` եթե բախտը տեսնի, որ դուք խելացի եք, լավատես և նպատակասլաց, ապա այն ձեզ կյանքում մենակ չի թողնի:

Միլենա Խաչիկյան, 14 տ.

Չի ստացվում, առայժմ

Երկրորդ դասարանում էի, երբ առաջին անգամ պետք է մաթեմատիկայից ստուգողական աշխատանք գրեի: Գնացի տուն: Մայրիկիս հետ սկսեցինք պարապել: Ես կրկնեցի գումարումը, հանումը, բաժանումը և բազմապատկումը: Սկսեցի գրել ստուգողականը: 1+120=122, 7+8=16, 4*4=12: Համոզված, որ 10 կստանամ, տետրս հանձնեցի դասատուին: Հաջորդ օրը իմացա, որ 6 եմ ստացել:

Եկա տուն: Մայրիկիս ասացի գնահատականը:

-Նել, բայց մենք քանի անգամ բազմապատկեցինք, քանի: Բայց լավ, մյուսին բարձր կստանաս:

-Մա՛մ, չեմ կարողանում, ինչքան էլ պարապեմ՝ չեմ կարողանում ճիշտ գրել:

Առանց հիասթափվելու երկրորդ դասարանում նորից ես ու մայրիկս իրար հետ պարապում էինք: Նա ասում էր, որ ուշադիր գրեմ: Նորից գնում էի, սիրուն գրում և 10-ի հույսով տետրս հանձնում դասատուին: 6… Նորից: Հինգերորդ դասարանում նորից հայտարարում են մաթեմատիկայի ստուգողական: Մայրիկս օգնեց, պարապեցինք և նորից` 6: Վեցերորդ դասարանում մայրիկս արդեն չէր օգնում, ասում էր, որ մենակ պարապեմ և լավ պարապեմ: Նորից 6, 7: 7-րդ դասարանում նույն գնահատականները՝ 6 կամ 7:

Հիմա 8-րդ դասարան եմ: Նորից գնում ու հանրահաշվի ստուգողականից 6-7 եմ ստանում: Արդեն հիասթափված եմ պարապում՝ առանց 9-ի կամ 10-ի հույսի:

Նելլի Հարությունյան

Ամենահաջողակ մարդը պատրաստ է

Առավոտյան վերցրեցի պայուսակս և արագ վազեցի դպրոց: Երբ հասա դպրոց, դասարանի դիմաց ինձ սպասում էր մեր դասղեկը, ով ինձ տեսնելով ասաց.

-Այ տղա, կարո՞ղ ա գիտես սանատորիա ա, երբ ուզում գալիս ես, երբ ուզում` գնում, էսօր ինչի՞ ես երրորդ ժամից եկել:

-Քնած էի մնացել,- ասացի ես ու մտա դասարան: երկու ժամ երկրաչափությունից հետո դուրս եկա դպրոցից և գնացի սկսածս մուլտֆիլմը շարունակելու: Չնայած ես արդեն մի քանի անգամ ստիպված էի նույն մուլտը նորից նկարել, բայց միևնույն է, չէի հանձնվում ու շարունակում էի աշխատել այդ մուլտի վրա, քանի որ շատ եմ սիրում այդ գործը: Երեկոյան էլ, անելով միայն մաթեմատիկայի տնայինը, գնացի քնելու: Եվ այդպես ամեն օր: Ես գնում եմ դպրոց, նստում եմ իմ սիրած դասերին, հետո գնում եմ սիրած գործով զբաղվելու: Եվ իմ հաջողության բանաձևն է՝ սիրած գործով զբաղվել: Դրան գումարում եմ աշխատասիրություն, համբերություն և մի փոքր համառություն, և աշխարհի ամենահաջողակ մարդը պատրաստ է:

Նորայր Բարոյան, 15տ.

 «Խաբարբզիկ», 2013թ.