SvetlanaDavtyan

Հասարակության մի մասնիկը

«Հասարակությունը պետք է հաշմանդամություն ունեցող անձանց ընդունի որպես սովորական մարդ, ինչպես ընդունում է իր երեխաներին և հարազատներին»

Դիանա

Դիանայի մոտ լսողական խանգարումը չի եղել բնածին, այլ սխալ բուժման արդյունքում է ձեռք բերվել: 1 տարեկանում բժշկի սխալ նշանակած դեղերի արդյունքում ծանրացել է աղջկա լսողությունը: Ծնողները բուժման ընթացքում հասկացել են, որ երեխան սկսել է չարձագանքել և Երևան բերելով ստուգել են լսողությունը և պարզել, որ նա չի լսում:

«7 տարեկան էի, երբ ընդունվեցի Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիր: Որոշ ժամանակ սովորելուց հետո մայրիկս ցանկանում էր դիմել հանրակրթական դպրոց, բայց ես չհամաձայնեցի: Քանի որ արդեն սովորել էի ուսուցիչներին, ընկերներիս և միջավայրին և բացի դրանից՝ մտավախություն ունեի, որ չեմ կարողանա սովորել հանրակրաթական դպրոցում: Չէի հարմարվում անգամ տեղափոխվելու մտքին»,- մեզ հետ զրույցում իր փորձով է կիսվում Դիանան:

Դիանան նշեց, որ իրեն մշտապես օգնել են ծնողներն ու ուսուցիչները, այլ կազմակերպություններ չեն եղել, որոնք աջակցել են: Դպրոցում սովորեցրել են ամեն ինչ, կրթվելուն զուգահեռ ձեռք է բերել նաև այլ մասնագիտություններ՝ խոհարարություն, դիմահարդարում, նկարչություն և այլն: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի սուրդո (հոգեբանության ճյուղ, որն ուսումնասիրում է հոգեբանական և ֆիզիկական խանգարումներով անձանց հոգեկան զարգացման ընդհանուր օրինաչափությունները) ֆակուլտետ:

«Իմ շրջապատում բոլորն ինձ սիրում են այնպիսին, ինչպիսին կամ և ես ինձ երբեք կարիքավոր մարդ չեմ համարել: Հաշմանդամություն ունցող անձանց պետք է օգնի ոչ միայն իշխանությունը, այլ հենց առաջին հերթին՝ մարդիկ: Հասարակությունը հաշմանդամություն ունեցող անձին պետք է ընդունի որպես սովորական մարդ, և վերաբերվի այնպես, ինչպես իր երեխաներին, հարազատներին, քույրերին կվերաբերվեր: Իսկ իշխանությունը իր բաժին հատվածը պետք է կատարի հաշմանդամություն ունեցող մարդկանց ներառելով աշխատանքային բոլոր բնագավառներում, որպեսզի մարդ իրեն զգա հասարակության լիարժեք անդամ» – ասում է Դիանան։

«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանը նշում է, որ հաշմանդամ մարդկանց վերաբերող շատ որոշումներ են ընդունվել, բայց դրանք գործնականում չեն կիրառվում: Հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքում փոփոխություն չի գրանցվում:

«Հաշմանդամությունը կյանքի մեկ բնագավառով չի սահմանափակվում, չի կրում լոկալ բնույթ։ Այն համամարդկային երևույթ է, այդ պատճառով հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ունենալ խնդիրներ կյանքի բոլոր բնագավառներում՝ իրավունքների պաշտպանությունից մինչև հասարակական վերաբերմունք ու մատչելի միջավայր։ Մեր կազմակերպությունը գործում է հիմնականում երկու ուղղությամբ՝ իրավապաշտպանություն և սոցիալական-առողջապահական աջակցություն։ Ունենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների 8580 թեժ գիծը, որն այս օրերին կրկին ծանրաբեռնված է։ Նաև կուզեի նշել, որ մեր գաղափարախոսությունը արձագանքելն է, արձագանքում ենք այնտեղ, որտեղ պետությունը լուռ է և այնտեղ, որտեղ պետությունը կարող է ինչ-որ բան անել, սակայն տեղեկատվության պակաս կամ իրավունքների պաշտպանության խնդիր կա»։

Սերյոժայի խոսքով չկան մարդիկ, ովքեր ունեն անսահամանափակ կարողություններ, այլ կան մարդիկ, ովքեր ունեն դժվարություններ և խնդիրներ։ Օգտագործելով սահմանափակում բառը՝ առաջացնում ենք կարծրատիպային մոտեցումներ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերալ, իսկ երբ խոսում ենք դժվարություններից, ապա դրանք կարելի է հաղթահարել։

«Պետք է նշեմ, որ ինտեգրվել բառի փոխարեն անհրաժեշտ է օգտագործել ներառել բառը։ Այստեղ շատ կարևոր է, ոչ միայն հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց առկայությունը, այլ նաև այնպիսի քայլերի ձեռնարկումը, որը թույլ կտա հաշմանդամություն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքներին ապրել լիարժեք հասարկական կյանքով, ունենալ հավասար հնարավորություններ, ինչ հաշմանդամություն չունեցող մարդիկ և բացառել խտրականության դրսևորումները։ Ահա թե ինչու է անհրաժեշտ, որ իշխանությունն իր կայացրած որոշումներում հաշվի առնի համընդհանուր դիզայնի սկզբունքը, այսինքն՝ արդյոք կայացրած որոշումները հարմար են բոլորի, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Ինտեգրումը դեռևս չի բացառում խտրականությունը, խտրականությունը կարող է բացառվել միայն համընդհանուր դիզային սկզբունքի լիարժեք գործելու դեպքում։ Բայց մենք ՝ հասարակական կառույցներս, պետք է անդադար աշխատենք, խոսենք խնդիրների, հաջողված պատմությունների, հաղթանակների մասին, որոնք ունենում են հաշմանդամություն ունեցող անձինք։

Մյուս կողմից՝ պետությունը պետք է անի ամեն ինչ հասարակության բոլոր անդամների, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման գործում»: