annaTumanyan

Հարկավոր է գործել

Արձագանքում եմ Նելլի Բրագինայի «Նրանք մենք ենք…» հոդվածին

Երբեք էլ դեմ չեմ եղել ներառական կրթությանը. այն լիովին հրատապ եմ համարում, ճիշտ ու մարդասիրական արարք։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ հաճախ բախվում են բազմապիսի խոչընդոտների թե՛ շրջապատում, թե՛ համայնքում։ Ներառական կայուն զարգացած համայնք կառուցելու համար նախ և առաջ խստորեն ու աչալրջորեն պետք է վերաբերվել ներառական կրթության անխախտ իրագործմանը համայնքում։ Անհրաժեշտ է դպրոցներում, ցանկալի է նաև մանկապարտեզներում ներգրավել համապատասխան մասնագետների, որոնք լրջորեն կվերաբերվեն խնդրի լուծմանը։ Օգտվելով ստեղծված առիթից՝ ուզում եմ հանրայնորեն բարձրացնել ներառական խմբակների բացումը բոլոր դպրոցներում պարտադիaր դարձնելու մասին ծառացած հիմնախնդիրը՝ նպատակ դարձնելով ապահովել հավասար հնարավորություններ բոլոր երեխաների համար՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող և խոցելի անձանց, ինտեգրել բոլոր նրանց, ովքեր ունեն ընկերական շրջապատի, սիրո, ուշադրության ու խրախուսանքի կարիք։
Յուրաքանչյուր համայնք, այդ թվում նաև իմ համայնքը, պետք է նպաստի նման երեխաների կրթության որակի բարձրացմանն ու կոտրի այն կարծրատիպը, ըստ որի՝ այդ երեխաների իրավունքներն ու արարքները սահմանափակ են։ Բայց դա չի նշանակում, որ պետք է բեռի պես բերել դպրոց ու հետ տանել, կոպիտ ասած՝ ձևական, սահմանված օրենքից ելնելով։

Ասածիս հավելեմ, որ համայնքում կազմակերպությունների կողմից օժանդակվող խմբակների ստեղծումը դեռ չի նշանակում, թե այն միայն ու միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար է, իսկ եթե կան երեխաներ, որոնք ընտանեկան վեճերի պատճառով գտնվում են սթրեսի մեջ, մեկուսացած են ու լռակյա՞ց։ Ըստ իս՝ օգնությունը պետք է դարձնել համընդհանուր։
Ամեն երեխա ունի յուրահատուկ մոտեցման կարիք, անկախ նրանից՝ աուտիկ է, թե դաուն։ Ուժ ու ոգի, խրախուսանք ու սեր տալով դրա կարիքը զգացողներին՝ միանգամայն կարող ենք ոգի, ինչու չէ նաև կենդանություն տալ ներառական համայնքի կազմակերպանն ու իրագործմանը: