Janna Sargsyan new

Հարսանիք լեռներում

Մի օր կգաս,  շատ անսպասելի կվերցնես ճամպրուկս, հագուստի փոխարեն կտեղավորես մեր երազանքները, կբռնես ձեռքս ու կտանես քեզ հետ։

Կփրկես ինձ քաոսից, շատախոս ու կյանքի դասեր տվող բարեկամներից, ապագաս կառուցել փորձող հարազատներից ու ամեն-ամենքից։

Առանց պլանավորելու ճանապարհ կընկնենք, ու նույն ճանապարհը մեզ  կտանի ամենաբարձր լեռան գագաթը, որտեղ լինելն ինձ համար երազանք է, ու որի մասին դու լավ գիտես։

Երկար թվացող ճանապարհը կանցնենք առանց դժվարության, մանր քարերը կհայտնվեն մեր կոշիկներում, ու նույնքան մանր ցավ կառաջացնեն մեր ոտքերում, բայց լուռ կտանենք ամեն բան, որովհետև միակ նպատակը` իրար ձեռք բռնելն ու երազանքին հասնելն է։

Քիչ-քիչ քայլերը կդադարեն, կհասկանանք, որ երազանքն այլևս իրականություն է, ու մենք կանգնած ենք կողք-կողքի, ու որ այլևս հրաժեշտ չի լինելու, դու գիտես, որ ես ատում եմ հրաժեշտները։

Մեր սիրո ու երազանքի իրականացման խորհրդանիշը կլինի մատանին, չէ, ոսկյա չէ, էն սովորականներից, որ երկուսիս ձեռքերում ավելի վառ փայլ է ստանում, քան ոսկին կփայլեր։

Մենք կամուսնանանք հենց լեռներում, առանց հանդիսավոր արարողության, առանց վկաների, առանց դասական կոստյումի ու սպիտակ հարսի զգեստի։

Դե, բարձրակրունկներին ու  դասական կոշիկներին էլ  կփոխարինի երազանքի ճանապարհ անցած սպորտային կոշիկը. դու գիտես, որ բարձրակրունկները տանել չեմ կարողանում։

Հարսանյաց երկհարկանի հանդիսությունների սրահին կփոխարինի մեր ձեռքերով պատրաստած փայտե փոքրիկ խրճիթը, որ անձրևի ժամանակ միակ թաքստոցն է դառնում։

Հարսանեկան առաջին տանգոյի ժամանակ ես առաստաղից չեմ իջնի, իսկ դու քեզ տանջելով մի քանի շարժում չես սովորի, մենք կպարենք առանց հստակ շարժումների, էն երգի տակ, որը ես շատ եմ սիրում, էն երգի, որն ինձ համար սկսեցիր սիրել ու հիմա հպարտ ես, որ երկուսս էլ նույն ճաշակն ունենք։

Տաք ու բազմապիսի ուտելիքներին կփոխարինի փոքրիկ լճակից մեծ դժվարությամբ բռնած ձուկը, որը քո ձեռքերով ես պատրաստել, ու որի համն անմահական է։

Իսկ հարսանյաց տորթի փոխարեն կհամտեսենք իմ ձեռքով պատրաստած ու պայուսակի մի անկյունում թաքցրած թխվածքաբլիթները։

Մեր կյանքի ամենակարևոր օրը մենք կլինենք ամենաերջանիկը, որովհետև չենք փորձի գոհացնել հյուրերին, ստիպված չենք լինի լսել բազմատեսակ կենացներ ու էն շատախոս բարեկամի կյանքի դասերը։

Մեր հարսանիքը կլինի լեռներում ու հավերժ կմնա մեր հիշողություններում։