20988111_307131973093006_6636437348890937472_o

Ես այն մարդն եմ, ով ծնվել է երկու անգամ

«Եկա, որովհետև գնացողներից չեմ, որովհետև «գնացողդ» չեմ»։

Վերջերս սոցկայքս թերթելիս հանկարծ հանդիպեցի մի ստեղծագործության՝ «Վայրէջք» վերնագրով: Կարդում էր ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանը: Միանգամից գրավեց: Քանի որ այն երբեք չէի կարդացել կամ լսել, որոշեցի հետաքրքրվել, թե ում գրչին է պատկանում: Եվ գտա: Պետրոս Հոկտանյան: Որոշեցի, որ այդ մեկ գործով չպետք է բավարարվեմ ու սկսեցի փնտրել այլ գործեր, հետաքրքվել գրողով։ Հարցազրույց գրող Պետրոս Հոկտանյանի հետ:

-Կպատմե՞ք Ձեր մասին:

-Ծնվել եմ Երևանում 1983 թվականին՝ սեպտեմբերյան մի գեղեցիկ առավոտ: Միջնակարգ կրթությունս ստացել եմ Վահան Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետ (նկարիչ-մանկավարժ):

-Զբաղվո՞ւմ եք Ձեր մասնագիտությամբ։

-Ո՛չ, ավարտելուց հետո չեմ զբաղվել երբևէ: Հայաստանում մանկավարժները քիչ են վաստակում: Երաժշտական ոլորտում նույնպես կամ: Հանդիսանում եմ մի շարք երգերի խոսքերի հեղինակ հայ էստրադայում, եթե կարելի է այսպես ասել:

-Ձեր առաջին ստեղծագործությունը ո՞րն է եղել և ինչպե՞ս է առաջացել միտքը՝ այն գրելու:

-Չեմ հիշի հաստատ: 14 տարեկանից ստեղծագործել եմ: Դժվար թե հիշեմ առաջինն ինչ եմ գրել: Բայց սիրահարված էի՝ դա հաստատ:

-Իսկ առհասարակ ինչի՞ց եք ոգեշնչվում:

-Ես ոգեշնչման աղբյուր չունեմ կամ, ասենք, մուսաներ: Այդ պահին չեմ հասկանում, թե ինչպես է այն ծնվում: Վերևից ինչ-որ մի ուժ, չգիտեմ, ինչ-որ մի բան կարծես հուշում է, որ պետք է գրել: Ես իրականի մասին եմ գրում: Չկան հնարովի ֆիգուրներ կամ իրադարձություններ իմ ստեղծագործություններում:

73245047_781185452354320_5145813228009291776_n

-Կա՞ն թեմաներ, որոնք Ձեր ստեղծագործություններում երբեք չեն արծարծվի:

-Չէ, քանի որ ես ապրում եմ կյանքում, իսկ այս կյանքը լեցուն է զգացումներով և զգացմունքներով:

-Ձեր ստեղծագործությունները կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ այդ ստեղծագործությունը առնչվում է հեղինակի ես-ի հետ: Արդյոք ճի՞շտ է այդ տպավորությունը:

-Դե նշեցի, որ ես ընդամենը այդ պահին բարձր եմ մտածում: Այսինքն` ինչը իմն էր մինչ այդ, դառնում է հասանելի արդեն հանրությանը:

-Լսե՞լ եք Ձեր ստեղծագործությունների վերաբերյալ քննադատություններ:

-Այդքան էլ չէ, բայց առանց դրա հնարավոր չէր լինի: Դրանք նաև իրենց լավ կողմն ունեն: Ստեղծագործողին ստիպում են էլ ավելի ուշադիր լինել իր ասելիքի մեջ և շտկել սխալները: Դրան նայում եմ դրական, եթե քննադատությունը արդարացված է: Կան նաև ուղղակի անձինք, ովքեր պարզապես ինչ-որ կարծիքներ են գրում։ Ամեն կարծիք չէ, որ ընդունում եմ: Ես նմաններին չեմ նկատում: Ժպտում եմ ուղղակի:

-Հետևո՞ւմ եք ժամանակակից գրականությանը: Ինչպիսի՞ն է այն:

-Այո՛, իհարկե: Մենք այսօր ունենք շատ տաղանդավոր ստեղծագործողներ, բանաստեղծներ և պոետներ:

-Կա՞ն գրողներ կամ ստեղծագործություններ, որոնց կառանձնացնեք:

-Սիրում եմ լիքը մարդկանց: Գիտե՞ք՝ ամեն գրող ունի իր, էսպես ասած, ստացվածը ու եթե ինչ-որ մեկին առանձնացնեմ, ապա դրանով կվիրավորեմ մյուսին, բայց կան ստեղծագործություններ, որոնք շնչում են, և կարդալիս հասկանում ես, որ քեզ այն ստիպել է վերապրել ամեն մի նախադասություն ու ստորակետ:

-Լավատե՞ս մարդ եք:

-Հա՛, ես միշտ ժպտում եմ, անգամ այն դեպքում, երբ դրա կարիքը չկա: Լավատես եմ:

-Ես այն մարդն եմ, ով…

-Ես այն մարդն եմ, ով այս կյանքում ծնվել է երկու անգամ,

Ով այդ ձյան ու բուքի մեջ կարող է շրջան կազմել

Իմ անցած տարիների և որդեգիր սիրուս հետ`

Լուսավոր ու մեծ պատուհանի տակ …