Jenya Yegikyan

Հետհաշվարկ

Աշխարհագրության դասը Արցախով փակվեց, ու չնայած աշխարհը երբեք էլ իր սեփական գիրը չունեցավ Արցախի համար, բայց ասում եմ՝ աշխարհագրության դասը Արցախո՛վ փակվեց…

Ես լուռ լսում եմ, պապանձվել եմ, Արցախի մասին է խոսում (ես անգամ մտքիս մեջ չէի խոսում) ու ցուցափայտով սահում է քարտեզի վրայով։

Պարո՛ն Դավթյան, Ձեր ձեռքը չի՞ դողում Արցախի սահմանները ցույց տալիս։ Ցուցափայտը լուռ իր գործն էր անում։ Հիմա երևի աչքերում արցունքը գնդված քարտեզի վրայով այս ու այն կողմ է սահում։ Էլ ուրիշ քարտեզ կա՞, մի քիչ էլ իր վրա քարացած նայենք. այս մեկը ամոթից կարմրել է։ Այդքան քարացած հայացքներ, բոլորիս մտքին էլ մի բան՝ «…»

Ու ես մտածում եմ. «էլի մի տարի ավարտվում է, իսկ Արցա՞խը…»։

Ասում էի ու անընդհատ կրկնում՝ հույսը վերջում է մեռնում։ Բա լավ, վերջը ե՞րբ է, և իսկապես, նկատե՞լ ես, երբ պահը գալիս է, ու քեզ թվում է, թե վերջ, էլ հույս չկա, միևնույն է, շարունակում ես հավատալ, ու ավելի շատ քան այն ժամանակ, ավելի շատ, քան նախկին դու-ն։

Մի օր ցուցափայտը գլուխը բարձր էնքա՜ն տարածքներով է անցնելու, հետո միանա մի կետի, և ես լսեմ՝ Հայաստանի Հանրապետություն։ Ու էլ ոչ մի քարացած հայացք, էլ ոչ մի անբարբառ ու անծիր մտքեր։

Կարդում եմ քննական հարցաշարը, հարց. Արցախ (աշխարհագրական դիրքը, բնական պայմանները, բնակչությունը և տնտեսությունը)։ Նորից մտածում եմ, թե հարցին ինչպե՞ս են պատասխանում, ո՞ր վիճակագրական տվյալներով…

Օրեր դուրս եկան օրացույցից։ Այդ տարի ես ամեն ինչ տեսա, ամենը, ինչ շուրջս էր, դիմացս էր, ամենը՝ ինչ կար։ Հիմա ոչ մի փիլիսոփայական միտք մի փնտրի. ես արդեն ակնոց եմ կրում։ Արդեն մենակ չեմ, ու իմ աչքերը զբաղված են։ Առաջին օրը դրեցի, ճանապարհին ամեն ինչ ուսումնասիրելով եկա տուն։ Բոլորին հատ-հատ բարևեցի, ոչ մեկի կողքով «արհամարհական» չեմ անցել։ Բայց մեկ-մեկ ինձ մի հատ էլ ակնոց է անհրաժեշտ՝ ակնոցս գտնելու համար։ Հիմա ինչքան էլ խոսեմ, ինչքան էլ պատմեմ 2021-ի թողած անցքերի ու այլքի մասին, միևնույն է, իմ ամբողջ տարին մեկ գիշերվա մեջ է։

Իմ սպասված ամառը եկավ, իմ երեք ամիսները։ Ինքնակամ գնացի Տավուշ՝ Բերդ, այս անգամ մենակ, ինձ վստահում են արդեն, պատկերացնու՞մ եք։ Այն ճանապարհը, որը երբե՛ք չի անցել առանց ծնողների, եղբորս ու մնացածների՝ ես անցնում եմ մենակ։ Ինչքան էլ ասացի, որ ես արդեն մեծ եմ ու ինքնուրույն կարող եմ՝ հավատացին (անսպասելի հարված էր), իսկ ճանապարհի բոլոր տրաֆարետները անձամբ, դեմքով և դիմագծերով ճանաչեցին ինձ։ Ես սպասում էի, ու գիտեի, որ հասնեի տեղ, ճակատիս մի համբույր էի ստանալու. դա անքննելի քայլ է պապիս կողմից։ Տատիս գիրկը իմ կարոտի բույրը ուներ. դա էլ, անքննելի է, անվիճելի։

Ամեն գիշեր նստում էի պատշգամբում, սպասում, որ լուսինը դուրս գա, որ մենակ չմնամ։ Իմ ամբողջ տարին մի գիշերում մնաց։ Երբեք, ոչ մի անգամ ու ոչ մի գիշեր ես ինձ հետ չէի զրուցել այնքան անկեղծ, ինչպես այդ գիշեր։ Հետևություն. մեկ-մեկ բոլորից հեռու ու մենակ մնալ պետք է, էմոցիաները արտահայտել՝ լացելու չափ։

Երբ լրացավ 10-րդ օրը, ես վերադարձա Երևան։ Ինչպես եկել էի, այդպես էլ գնացի. պապիս ճակատից համբույրն էլ մնաց ինձ հետ, տատիս կարոտված գիրկն էլ։

Էլի օրեր պակասեցին օրացույցից։

Ես կանգնած եմ դաշնամուրի կողքին ու պատրաստ սպասում եմ, որ լսեմ առաջին նոտան ու երգեմ։ Ինձնից գոհ եմ, այո՛, ամառը տանջվել, քրտնել եմ, որ նոտաները սովորեմ, փաստորեն, պարզվեց, միայն շոգից էի քրտնել։ Նայում եմ նոտաներին ու փորձում պարզել՝ սա ի՞նչ է, ո՞վ կիմանա։ Բայց երգելու ժամանակ հո՜ երգում եմ, ու թվում է` ամբողջ տարվա կուրսը յուրացրել եմ։ «Նոտաների արագացված դասավանդում ընդամենը 3 ամսում», կարելի էր այսպես էլ ասել, վատ չի հնչում։ Մարդիկ տարիներով սովորում են, ես եկել 3 ամսում ուզում եմ առանց ծամել կուլ տալ։

-Քննությունդ 10 ես ստացել, գիտե՞ս։

-Ե՞ս, 10՞։ Հո մի թիվ ավել չե՞ք լսել։

Զարմանում եմ ու ինձ վրա զայրանում՝թե ինչու զարմացա։ Նախորդ տարին` 9, առաջին տարին` 8, իսկ հիմա` 10 (խնդրում եմ՝ չմտածեք, թե 20-ից եմ ստացել 10, ո՛չ, 10-ից 10)։ Իմ հաջողությունն էր, ձեռքբերումը ու էն հույսը, որ ի սկզբանե ասում եմ՝ վերջում է մեռնում։

Ես իմ 2021-ը Սահյանի հետ եմ փակում.

Ես չիմացա թե ինչո՞ւ,
Դու չիմացար, թե ինչպե՞ս…

2021-ի բոլոր էջերի արանքում էջանշան դրել, ընդգծել, պատռված էջերս իրար միացրել, կազմել, հատվածներն էլ անընդհատ մտքիս մեջ կրկնել։

Նոր օրացույց ունեմ։