Ես գրականագետ եմ

«Կարծում եմ տարիքային սահմանափակումը չի կարող վերաբերել գրականությանը, այն ապրում է բոլորի մեջ». Հասմիկ Կարապետյան

Հասմիկ, ինչպե՞ս առաջացավ դասընթացը կազմակերպելու մտահղացումը:

- Քանի որ մեր կյանքի գրեթե կես ժամանակահատվածը անցնում է համացանցի մեջ, ես նկատում էի, որ կան բազմաթիվ գրքաբլոգերներ, որոնք սկսում էին խոսել կա՛մ հեղինակից, կա՛մ տվյալ ստեղծագործությունից: Եվ կարդալով իրենց կողմից ներակայացված «ուսումնասիրությունները» հասկացա, որ գրականությունը չենք կարող համարել այն գիտությունը կամ արվեստը, որին պետք է մոտենալ զուտ ցուցադրական կարգով: Եվ որոշեցի, որ գրքամոլներին գրականությանը ավելի մոտեցնելու ճանապարհը կարելի է իրագործել դասընթացի միջոցով, որը չէր անցկացվելու դպրոցական կամ ինստիտուցիոնալ մակարդակով: Ես իրականում շատ եմ կարևորում գրականության հետ կապված ցանկացած տեղեկություն և մոտեցում, այդ պատճառով  առանց  տարակուսելու որոշեցի, որ հանրությանը պետք է «դասականից դուրս» դասընթաց, որը նման չի լինելու սովորական լեկցիոն առցանց դասընթացի:

Նշեմ, որ դասընթացի ավարտից հետո մասնակիցները ստացան «Ես գրականագետ եմ» դասընթացի մասնակցության վկայական, որից մասնակիցները շատ գոհ էին և դրական արձագանքեցին։

Ինչո՞ւ հենց «Ես գրականագետ եմ» խորագիրն ընտրեցիր:

- Քանի որ դասընթացի ձևաչափը  հարում էր գրականագիտական ուսումնասիրություններին, և դասընթացը ավելի շատ հեղինակի և ժամանակաշրջանի վերաբերյալ հետազոտություններն էին: Նշեմ, որ դասընթացը մասնագիտական-լեկցիոն էր, այսինքն, դասընթացի ընթացքում ես չեմ խոսել, օրինակ ՝ «Թումանյանը ծնվել է այսինչ թվականին…», այլ ավելի շատ մոտեցել ենք հեղինակներին գրականագիտական սկզբունքներով և ուսումնասիրել ենք գրողի ոճաբանական առանձնահատկությունը, որը կարծում եմ, ամենակարևորն է հեղինակին ճանաչելիս:

Պուշկինից մինչև Աբովյան, Դրայզերից դեպի Թումանյան, ի՞նչ սկզբունքով ես կատարել հեղինակների ընտրությունը:

- Միանշանակ, եթե  խոսում ենք գրողի ոճաբանական առանձնահատկության մասին, ապա հեղինակների ընտրությունը նման սկզբունքով  եմ իրականացրել, և հավատացե՛ք, նման մոտեցումը ավելի է խթանել մասնակիցներին՝ գրականությունը առավել պարզ և ընկալելի հասկանալու համար:

Շեշտը հատկապես, ո՞ր գործերի վրա էր դրվել:

- Չկար կոնկրետ ընտրված գործեր, և անդրադառնալով որևէ հեղինակի, ես խոսել եմ ընդհանուր տեղեկատվություն հաղորդելով: Օրինակ՝ խոսելով Աբովյանի մասին, մենք չենք անդրադարձել միայն «Վերք Հայաստանի» վեպին, քանի որ բացի այդ վեպից Աբովյանը գրականության մեջ հայտնի է որպես մանկավարժ և ունի հրաշալի մանկավարժական փորձ: Եվ այդպիսով, մենք ուսումնասիրել ենք Աբովյանին այլ` մասնագիտական տեսանկյունից, ոչ թե ծրագրային, այն, ինչ ուսումնասիրում են դպրոցում կամ բուհերում:

Ո՞ր տարիքային խումբն է եղել թիրախային լսարանը:

- Կարծում եմ տարիքային սահմանափակումը չի կարող վերաբերել գրականությանը, քանի որ այն տնտեսագիտական կամ բնագիտական դասընթաց չէր: Գրականությունը ապրում է բոլորի մեջ, անգամ նրանց, ովքեր մոտ չեն գրականությանը, իսկ կոնկրետ թիրախային լսարանի սկզբունքը չի եղել: Լսարանը եղել է բաղկացած տարբեր տարիքային խմբի անդամներից:

Ժամանակաշրջանն իր անմիջական հետքն է թողնում գրականության վրա, անցկացվել են զուգահեռներ ներկայիս հետ, քանի որ հաճախ է լինում, երբ այլ ժամանակաշրջանի գործ ես ընթերցում, բայց կարծես հիմա գրված լինի:

- Միանշանակ համաձայն եմ: Երբ դասընթացի ընթացքում խոսում էի Մայակովսկու մասին՝ նշել էի, որ Մայակովսկին համարվում է բոլոր ժամանակաշրջանների գրողը, քանի որ լինելով ֆուտուրիստ (ապագայապաշտ) արտահայտում և ներկայացնում էր մեզ ապագային հարող մտքեր և ստեղծագոծություններ: Նույնը կարող ենք խոսել Թումանյանի մասին, որը պնդում էր դեռևս  1915 թվականին, որ ռուսները կարող են երկակի խաղ խաղալ Հայաստանի հետ, և պնդում էր, որ պետք չէ վստահել ռուս ժողովրդին: Սա բացահայտում  և վերաբերում է ներկա ժամանակին:

Ինչպիսի՞ն էր մասնակիցների արձագանքը, արդյո՞ք լինելու է դասընթացի շարունակություն:

- Պատկերացրեք, որ մասնակիցները ամբողջ դասընթացի ընթացքում հիշեցնում էին, որ դասընթացի ժամանակը քիչ է, և ավել ժամանակ էին պահանջում: Սա իհարկե ոգևորում է ինձ այնքան, որ որոշել եմ շարունակական դարձնել դասընթացները և ներկայացնել հեղինակներին այլ ձևաչափով: Հետաքրքիր էին նաև մասնակիցների հարցերը, որոնք միանշանակ խոսում էին նրանց ուշադիր լինելու և առավել ընկալունակ  մոտեցում ցուցաբերելու մասին:   Նշեմ, որ հաջորդական դասընթացները հանդես են գալու պոդքասթ ձևաչափով, ինչը կօգնի մասնակիցներին ՝ իրենց հարմար ժամանակ միացնել ու լսել ձայնադասընթացը: