Gayane Avagyan

Հետ տվեք ժամանակի անիվը

Պարապմունքներ, դասեր ու ցուրտ օրեր: Ամեն օր չուզենալով արթնանալ ժամը յոթին ու գնալ դասի, դպրոցում յոթ ժամ մի կերպ մնալ ու հետո էլ` գնալ պարապմունքի ու օրվա վերջում, հոգնած ամեն ինչից, վերադառնալ տուն: Է~ , չեմ հավատում, կամ էլ, հա, ճիշտ եք, չեմ ուզում հավատալ, որ ամառը վերջացել է, ու սկսվել են իմ դաժան օրերը:

Այս ծանրաբեռնված օրերիս երազում եմ ամռան մասին ու մտքով հետ գնում դեպի ամառային օրեր ու հասկանում, թե ինչքան թանկ է ինձ համար տարվա այդ եղանակը:

Էլի ամառ բերեք, խնդրում եմ: Տաք օրերը թող շատ լինեն: Ամռան օրերին դու կարողանում ես ժպտալ, որովհետև ոչ ոք քեզ չի ստիպում նստել ու էդ մաթեմատիկայի, ֆիզիկայի գրքի դասերը կարդալ, որից ուղեղդ սկսում է բթանալ: Ամառը ստիպված չես հայոց լեզվի «քառահաստահատորափոր» շտեմարանները լուծել ու ամբողջ օրը Ռուբինա Նազարյանի «Մայրենին բոլորի համար» գիրքը ձեռքդ ման տալ, որ ազատ ժամանակ կարդաս (Հա, հա, դեղին գույնի գիրքը, հայոց պարապողները կհասկանան):

Ախր, ամռանը ամբողջովին ազատ ես թողնում մտքերդ: Դե, չէ, սխալ հասկացաք: Էլի կարդում ես, մի բան սովորում, բայց էդ դասագրքերի նեղ շրջանակից դուրս:

Եկեք մտածենք, թե ինչ են մեզ սովորեցնում դպրոցում: Խորը մտածել պետք չէ. միանգամից հիշում ենք գրականությունից` Թումանյանին, Ֆիզիկայից` Նյուտոնին, Երկրաչափությունից` Պյութագորասին, Ինֆորմատիկայից` Պասկալին… Դե, ասեք, որ այսպես չէ: Ահա, հենց այսպիսի մտքի շրջանակներ է գծում դպրոցը:

Բայց ախր, ես ուզում եմ ավելին իմանալ, իսկ դասերի հետ դա համատեղել չեմ կարողանում: Որքան էլ որ ցանկանամ համաշխարհային գրականության գոհարներին ծանոթանալ, չեմ կարողանա` կա պարտադիր գրականության ցանկ, իսկ դրանք կարդալուց հետո ժամանակ չի մնում…

Լավ, համաշխարհային գրականություն չէ, ինչո՞ւ ժամանակակից հայ գրողներին չենք ծանոթանում: Ու էսպես լիքը-լիքը ինչուներ, որոնց պատասխանները դպրոցը մեզ չի տալիս: Տալիս է դասագիրք ու ասում` սովորիր: Հիմա էլ պարապում եմ ու հասկանում, որ դպրոցը ավելի է խանգարում:

«Ավագ դպրոցը պետք է այնպես անի, որ աշակերտը պարապելու անհրաժեշտություն չունենա»,- վստահ եմ, շատ եք լսել: Բայց ախր, ո՞նց: Ես ընտրել էի հումանիտար հոսք, որ խորացված հայոց լեզու անցնեմ, իսկ հոսքը չբացվեց, որովհետև աշակերտները քիչ էին: Ու ես ստիպված երեք տարի է` բնագիտական առարկաներ եմ ուսումնասիրում: Ինչո՞ւ չփոխեցի դպրոցս: Ասեմ, ես չէի կարող ամեն օր ժամը վեցին արթնանալ, որ մեր տնից հասնեի մեր մյուս ավագ դպրոցը, չէի կարող թողնել ինը տարվա ընկերներիս ու ուսուցիչներիս ու դուրս գալ դպրոցից: Պատկերացնո՞ւմ եք, ինչ դժվար է գրականություն, հայոց լեզու, պատմություն սիրող աշակերտին սովորել լոգարիթմներ լուծել, գտնել տանգեսը և կոտանգեսը, հաշվել բուրգի ծավալը…

Եկեք անկեղծ լինենք` ամռանն ավելի շատ ես նորություններ ու տեղեկություններ իմանում, քան դասերի ժամանակ: Ու ավելին ես իմանում, որովհետև դու ինքդ ես կարդում, դու ես ընտրում այն, ինչ ուզում ես սովորել, այն, ինչ իրականում քեզ պետք է` ընտրության հնարավորություն ես ունենում:

Լավ է, ինչևէ ուզում եմ` դպրոցը աշակերտին ինքնուրույն մտածելու հնարավորություն տա, գրքային սահմանափակումներ չդնի: Մենք էլ ենք, չէ՞, ուզում բազմակողմանի գիտելիքներ ունենալ, իսկ դպրոցի դասերը, թեմաները մեզ խանգարում են: Ջնջեք այդ շրջանակը, թողեք մեր միտքը ազատ տարածվի:

Ասածս ինչ է ` ամռանը լավ էր: Հետ տվեք ժամանակի անիվը. մի հատ էլ ամառ…