hayk qalantaryan

Հին արահետներով

Ողջույն: Արդեն 5-րդ ամիսն է, ինչ ուսումս շարունակում եմ Գերմանիայում ու վերջապես հավաքեցի համարձակություն, որ ինքս ինձ հետ անկեղծանալուց ու մտքերիս մեջ իմ զգացումները դաջելուց բացի՝ անկեղծանամ նաև գրելով՝ առանց վախենալու, որ կսխալվեմ ինքնաարտահայտման անթափանց դրսևորումների մեջ ու կմնամ չհասկացված (կամ էլ` չկարդացված) մի թղթակից կամ կոչենք այնպես, ինչպես որ կկամենանք:

Գիտակցական տարիքից սկսած՝ ինքս ինձ ուժեղ դարձնելուց ու ինքնատրամադրումից, որ ես պետք է միշտ լինեմ ամուր ու անհողդողդ ինքնադրսևորման ու պայքարների բոլոր ասպարեզներում՝ ես Հայաստանից դուրս գալուց ընդամենը շաբաթներ անց պարտվեցի: Ես պարտվեցի ոչ թե այն բանի համար, որ ես չկարողացա հաղթահարել կարոտս ու մենակության հետ ճանապարհ ընկա, այլ որովհետև իմ՝ տարիների պայքարը ինքնաամրապնդման համար մի րոպեում ոչնչացավ ու ես հասկացա, որ զրոյից սկսել է պետք…

Երբեք չեմ վախեցել զրոյից սկսելուց, բայց էստեղ ինձ պետք էր նախ զրոյին մոտենալ մինուսների կողմից, այնուհետև շարունակել շարժս դրականների առանցքով: Ես կարող եմ ժամերով խոսել դրսում լինելու ուրախ ու անմոռաց հավես օրերից, կարծում եմ՝ դա բոլորն էլ գիտեն ու պատկերացնում են, բայց քչերն են փորձում պատկերացնել մարդկանց իրական «ես»-ի տատանումները, երբ նրանք հեռու են ամեն ինչից:

Բարևիդ բարև ասող չկա, «հալլո», «հելլո», «հայ» բառերն են, որոնք շպրտվում են երեսիդ՝ հիշեցնելով, որ դու քո մայրենիով չես խոսում հիմա: Հայերի ու ընկերներիդ ջերմ ու հոգատար դեմքերը փոխարինվում են սառած հայացքներով, որոնք երբմեն-երբեմն նույնիսկ թքած ունեն քո եղելության վրա: Ամեն անգամ «Հայկ» կանչելուց հետո լեզվիդ ծայրին ակնթարթում փոշիանում է «հա ջան» պատասխանը, որովհետև որքան էլ բացատրես իմաստն ու հոգին էդ բառի, տեղ ես հասցնելու լոկ ճմրթված թարգմանությունը… Ոչինչ ավելին…

Երեկոյան քայլում ես փողոցներով, ու ամեն մի տան պատուհաններից ատացոլվում է հեռուստացույցի լույսը, մարդիկ վազելով մտնում են տուն՝ մի բաժակ տաք թեյով տաքանալու՝ նստելով իրենց ամենասիրելի բազմոցին ու վայելելով տան մեջ եղած ջերմությունը:

Օրերը տաքանում են։ Երևի թե շուրջդ ամեն ինչ փոխվում է, ու քո աչքերին տեսանելի փոփոխությունը զուտ իրողության ըմբռնում է՝ առանց որևէ զգացմունքների, որովհետև դու շարունակում ես քայլել ու քայլել… Տան այգիներում երևի թե ամբողջ գերդաստանով հավաքված են ու վայելում են զով երեկոները՝ գերմանական գարեջրով ու շոկոլադներով, ընկերներով քայլում են փողոցներով ու իրար աչքերով հասկացնում, որ իրենք ընկերներն են հավեժության, իսկ դու հավաքում ես մատներդ ու սկսում ճանկռել ինքդ քեզ, վախենում ինքնախոստովանումից ու ներսից գոռում ու փորձում գտնել պատասխանը հարցի…

Որտե՞ղ փնտրեմ։

Պատասխանը գիտեմ բոլորից լավ։

3500 կիլոմետր…

Էս էն ճշմարտություններից ամենաազդեցիկն ու կարևորն ա, որը սովորել եմ էստեղ։ Էս ճշմարտությունը՝ թաթախված ջահելական բոլոր զգացումներով։

Բայց ես հատել եմ զրոյի սահմանը ու դրականի մեջ եզրագծել ոտնահետքերս։