Հոգատար Հերմանը

Եղանակը տաքացել էր, և մեր շունը՝ Հերմանը, արդեն ազատ ման էր գալիս բակում: Նրա օրը շատ հետաքրքիր էր անցնում՝ ֆուտբոլ էր խաղում եղբորս հետ, կատվին էր ջղայնացնում, խոտերի մեջ թավալ էր գալիս և սնվում համեղ սննդով: Սակայն հաճախ տեսնում էինք, թե ինչպես է նա դուրս գալիս բակից, հետո նորից վերադառնում, մի քանի անգամ թաթով հարվածում դարպասին, հետո դուռը բացելուց ներս էր սողոսկում: 

Լուսանկարը` Սոֆյա Աբրահամյանի

Լուսանկարը` Սոֆյա Աբրահամյանի

Մի անգամ երեկոյան հորդառատ անձրև սկսվեց: Հերմանը անձրև շատ է սիրում: Ամեն անգամ անձրևի ժամանակ դուրս է գալիս բակ և ջուրն է գցում մեր ամբողջ աշխատանքը (մենք նրան լողացնում ենք հատուկ շան համար պատրաստված լոգանքի գելերով, իսկ անձրևի տակ մնալուց հետո նրա վրայից նույն շան հոտն է գալիս): Դե, իր սովորության համաձայն, դուրս եկավ անձրևի տակ, հետո, երբ եղանակը ավելի ցրտեց, բարձրացավ պատշգամբ: Նա ամբողջովին թրջված էր և դողացնում էր: Իմ քունն էլ շատ էր տանում, բայց ես վերցրեցի լուսամփոփն ու գնացի խորդանոց` մի շոր գտնելու: Այնտեղ ոչինչ չգտնելով իջա նկուղ և դանթ գտա: Երբ դանթը (խսիր) ձեռքս գալիս էի, ձայներ լսեցի, բայց ուշադրություն չդարձրեցի:

Լուսանկարը` Սոֆյա Աբրահամյանի

Լուսանկարը` Սոֆյա Աբրահամյանի

Դանթը բերեցի, փռեցի պատշգամբում, Հերմանն էլ նստեց վրան, բայց դեռ նվնվում էր: Մտածեցի, որ սոված է, և մի կտոր հաց բերեցի: Նա հացը վերցնելով նայեց դեմքիս, հետո հացը մի կողմ շպրտեց: Մտածեցի, որ մի բան կա և որոշեցի նրան պատուհանից հետևել, որ ինձ չնկատի: Նա վերցրեց հացը, և բակ գնաց: Հետևեցի նրան և տեսա, որ հացը տարավ և տվեց մի խեղճ և անտեր շան, որը նույնպես մեր բակում էր, բայց այսքան ժամանակ չէի տեսել:

Լուսանկարը` Սոֆյա Աբրահամյանի

Լուսանկարը` Սոֆյա Աբրահամյանի

Ես թաքուն տուն մտա և շարունակեցի հետևել նրան: Նա հանգիստ եկավ, պառկեց դանթին և քնեց:

Առավոտյան ամբողջ բակը ման եկա, բայց այդ շանը չգտա. երևի պատահաբար էր բակ մտել: