arxiv

Հովնանը

Երբ շատ փոքր էր

Մի անգամ փոքր եղբայրս` Հովնանը, ինձ հարցրեց.

-Դու որ մեծանաս, մորուք պահելո՞ւ ես:

-Չգիտեմ,- պատասխանեցի ես,- իսկ դո՞ւ:

-Չէ, ես ձուկ եմ պահելու:

 

Հովնանը մի օր շատ լաց եղավ: Երբ կարողացանք հարցնել, թե ինչ է պատահել, ասաց.

-Ծնունդս չի գալիս, կարոտել եմ, չէ՞:

 

Մի անգամ փոքր եղբայրս հայրիկիս հարցրեց.

-Ինձ կոնֆետ կարելի՞ է:

-Այո՛,- պատասխանեց հայրիկը,- եթե ուզում ես՝ կեր:

-Բայց պետք է լինի, չէ՞, որ ուտեմ: Կգնե՞ս ինձ համար:

 

Մի անգամ հայրիկը գրկեց Հովնանին և ասաց.

-Մենք այնպես սիրում ենք մեկմեկու, չէ՞:

-Ինչի՞ մեկմեկու, միշտ, հայրիկ, միշտ:

 

Գրի առավ Մուշեղ Բաղդասարյանը

 

Ձախողված բանակցություններ

Ուշ գիշեր էր: Բոլորը պատրաստվում էին քնել: Ես մի օր առաջ որոշել էի, որ պետք է մասնակցեմ ֆիզկուլտուրայի դասին: Մեկ էլ միամիտ բացեցի կոշիկների տուփը, տեսա իմ բոթասները և հիշեցի, որ պետք է բոթաս տանեմ:

Ես ասացի մայրիկին.

-Ես վաղը ֆիզկուլտուրա չեմ անելու:

-Ինչո՞ւ:

-Որովհետև պետք է բոթաս տանեմ դպրոց:

-Է՜, դու էլ տար…

-Բոթասը ծանր է, իսկ ես պետք է դասարանից բոթասը վազեցնեմ մինչև հանդերձարան, համ էլ՝ մինչև հանվեմ-հագնվեմ, լիքը ժամանակ կանցնի:

-Դու էլ արագ շարժվիր:

-Ես դանդաղաշարժ եմ:

-Արագաշարժ դարձիր:

-Չեմ ուզում:

-Համ էլ՝ կնիհարես:

-Չեմ ուզում:

-Հետո էլ չես կարող նիհարել:

-Օ՜ֆ, չեմ անում, էլի:

-Անում ես, և վե՛րջ:

Ես էլ չէի կարող հակաճառել: Հաջորդ օրը շորերս վերցրեցի և գնացի դպրոց: Երանի դպրոցում մարզահագուստը պահելու տեղ լիներ:

9տ., 2004թ.

 

Խաղդ խաղա

-Կարելի՞ է ձեզ լուսանկարել,- հարցրեցի ես թղթախաղով տարված մի քանի պապիկների:

-Չէ, չի կարելի,- ասաց նրանցից մեկը, ով, ինչպես հետո պարզվեց, նրանց գլխավորն է, իսկ ավելի ճիշտ` ամենաշատն է խոսում:

-Ինչո՞ւ չի կարելի,- հարցրեց հայրիկս, ով իմ կողքին էր կանգնած:

-Դուք որտեղի՞ց եք,- հարցրեց նույն պապիկը:

-Երևանից:

-Բա ինչո՞ւ եք մեր գործարանները քանդել:

Մի պահ մենք շատ զարմացանք և չգիտեինք` ինչ պատասխանել:

-Էդ գործարանները քանդելու պատճառով է, էլի, որ ողջ օրն այս պատի տակ նստած` չգիտենք ինչով զբաղվել:

-Խաղդ խաղա,- ասաց կողքի պապիկը:

Բայց մյուս պապիկը դեռ շարունակում էր խոսել.

-Որ անընդհատ բողոքում եք, որ թուրքերը ցեղասպանություն են արել, բայց որ չթողնեիք, չէին անի: Դու գիտես, չէ՞, որ թուրքերը մոնղոլներից են: Տասնքանիերորդ դարում եկել են, Հայաստանը գրավել են:

-Ասում եմ` խաղդ շարունակիր, բոլորս էլ գիտենք, ինչ որ պատմում ես:

-Որտեղի՞ց պետք է իմանաս, առևտրի հետ կապված չի:

Եվ պապիկը շատ երկար էր խոսում, ու ես էլ հասցրեցի մի քանի անգամ նկարել: Մենք արդեն գնում էինք, հայրիկս ասաց, որ դեռ էլի կգա և իրենց մասին ֆիլմ կնկարահանի: Շատախոս պապիկը շատ ուրախացավ և ասաց, որ ինքը կարող է Տարզանի նման թռչել մի շենքի կտուրից մյուսին:

Հովնան Բաղդասարյան

12տ., 2007թ.