Ani asryan

Մեր մանկությունը

Մանկությունն այն է, երբ լողանում էին՝ կրակի վրա ջուր տաքացնելով, սև ու սպիտակ մուլտֆիլմեր նայելով, քնելիս գորգի զարդանախշերը հաշվելով: Սա է այն մանկության բաղադրատոմսը, որը երբեք հնարավոր չէ մոռանալ: Այն իր մեջ է ընդգրկում դրախտի բոլոր բաղադրիչները:

Հաճախ է պատահում, որ ինչ-որ խնդրի հանդիպելիս ուզում եմ մանուկ դառնալ: Հետ գնալ, ապրել աշխարհից ոչինչ չհասկանալով, խաղալ տիկնիկով ու միայն լացել, երբ այն խլեն ինձնից: Հաճախ պատմում են, որ այդքան էլ խելոք փոքրիկ չեմ եղել: Մի անգամ մայրս պատմեց.

-Երբ տուն հյուր էր գալիս, գնում էիր սենյակ, բարձը դնում գլխիդ, տիկնիկիդ գրկում ու քնում: Իսկ լացելիս ձայնդ չէիր խնայում: Շատ էիր ուտում, իսկ սոված ժամանակ մեր կյանքն էիր ուտում:

Տատս պատմում է, որ ավելի շատ ինքն է ինձ պահել, լողացրել է, մազերս հյուսել: Ասում է, որ ինձ դեռ մանկուց շատ է սիրել՝ իր աղջկա պես, և հիմա էլ ես նրա աղջիկն եմ:

Մանուկ ժամանակ մի փոքրիկ տիկնիկ ունեի, շատ էի սիրում այդ խաղալիքը: Մազերը հարդարում էի, լողացնում: Այնքան հետաքրքիր էր, երբ լողացնում էի, մտածում էի, որ եթե աչքերի մեջ օճառ լցվի, տիկնիկը կլացի:

Հիմա մարդիկ շատ են ասում, որ փոքր եմ: Նրանք, ովքեր մանկությունը շատ են սիրում, երևի մանուկ են լինում նույնիսկ երիտասարդ տարիքում: Շատ է պատահում, երբ երիտասարդները, իրենց մեծ համարելով, փորձում են իշխել փոքրերին, կամ այլ կերպ են վերաբերվում այն երիտասարդներին, ովքեր սիրում են խաղալ փոքրերի հետ: Ես ավելի շատ սիրում եմ խաղալ ու շփվել փոքր երեխաների հետ, քան հասակակիցների: Նրանց հետ շփվելով՝ տեսնում եմ ինձ, ապրում նոր մանկություն նոր գույներով:

Հիմա նայում եմ երեխաների զգեստներին ու հիշում մեր վարդագույն տաբատները, կապույտ գուլպաներն ու երիցուկով մազակալները: Իմ մանկության ժամանակ քնում էինք անկողնու մոտ կախած գորգին նայելով, իսկ հիմա փոքրիկները կամ երգ լսելով են քնում, կամ հեռախոսով այնքան են խաղում մինչև քունը տանի։ Չեմ կարող ասել, որ իրենց մանկությունը հետաքրքիր չէ, երևի դա էլ իր յուրահատկությունն ունի, բայց մերն ուրիշ էր: Մենք վազվզել ենք, ընկել, խաղացել, լացել, ուրախացել: Աղքատիկ մանկություն էր, բայց և այնքան ջերմություն կար այդ ամենի մեջ: Հիշում եմ, երբ մանկապարտեզ էինք գնում, մայրիկը գունավոր էր հագցնում, ոչ մի զգեստ համապատասխան չէր, համադրում չկար: Հիմա հագնում ենք այն, ինչը նորաձև է, իսկ այն ժամանակ՝ այն, ինչ ունեինք: Երբ հավաքվում ենք ընկերներով, հիշում ենք տարօրինակ կրունկներով կոշիկները, մեր մշտական պոչիկ արած մազերը:

Ամեն մանրուք հիշելիս ասես փորձում ենք փշուր-փշուր հավաքել ու իմի բերել մեր մանկությունը, որ երբեք չմոռացվի: