Ani asryan

Հորեղբայրս

Վերքերը սպիանում են, բուժվում, բայց ոչ կորուստը: Մեկ տարվա մեջ 104 մարդու տուն սգով պատվեց: Սև քուղը ծածկեց բոլորի պատուհանները: Հայացքներ, որոնք հառելով ապակուն, սպասում են նրանց վերադարձին: Վերադարձ, որ այդպես էլ չի լինի: Ապրելով հորեղբորս՝ Սեդրակ Ասրյանի ընտանիքի կողքին, զգում եմ այն ցավը, որը այսօր զգում են իր որդիները: Երկու օր առաջ նրանց հյուրն էի: Նրա դուստրը՝ Մարիամը, հաճախ է ասում.

-Ես չեմ հավատում, որ պապաս չկա:

Մեծ աչքերով, գեղեցկադեմ աղջկա հոգում արդեն բուն է դրել անդառնալի ցավը՝ հոր կորուստը: Նստել էինք բազմոցին և զրուցում էինք, մինչ նրա հայացքը սավառնում էր դրսում: Հայացքը հառելով պատուհանին, նայում էր այն ճանապարհին, որով հայրը մեկ տարի առաջ աշխատանքից քայլելով վերադառնում էր տուն: Ասում է, որ ամեն անգամ տնից դուրս է նայում սպասումով, մտածում է, որ հետ կգա, կգա ու նորից մեկ բաժակ ջուր կխնդրի: Հաճախ իրեն հարց է տալիս.

-Տեսնես՝ պապաս կգա՞:

Նայում եմ նրա դեմքին, աչքերին, լռում եմ, որովհետև ասելու բան էլ չկա:

-Ան, գիտե՞ս, եթե իրեն տեսնեինք, մի փոքր սփոփանք կլիներ, բայց չտեսանք, միայն դատարկ դագաղն էր: Ան, հայրս մոխրացել է:

Ասում էր, հուզվում, նայում ժպտացող նկարին, մի պահ ժպտում, նորից լուռ արտասվում: Նայում եմ հորեղբորս անչափահաս տղային… Ինչ կարող եմ ասել, նույնիսկ սփոփել չեմ կարող: Ցավը անդառնալի է:

-Մարիա՛մ, չպետք է հույսդ կորցնես, էնպես արա՝ մամադ հպարտանա ձեզնով,-փորձեցի մխիթարել ես:

-Իմ մեջ մենակ հավատ է մնացել, ուրիշ ոչինչ: Գիտեմ, որ նա չի գա, որ երբեք չենք մոռանա իրեն, մոռանալն էլ է անհնար, բայց հավատում եմ, որ մի օր կգա…

Անօդաչու սարքի առաջացրած պայթյունից, ապրիլյան քառօրյա պատերազմին զոհ դարձավ նաև Սեդրակ Ասրյանը: Կատակասեր, ընկերասեր, բարի, անվերջ ժպտում էր: Մահվան չսպասող մարդ, նա այնքան նպատակներ ուներ, ուզում էր տուն գնել ընտանիքի համար: Ունի երկու զավակ՝ աղջիկ և տղա: Թողնելով ընտանիքին միայնակ, գնաց պատերազմ: Չհասած մարտի դաշտ՝ զոհվեց:

Ցավը խորն է, և չի սպիանում: