Գուրգեն պապի անցած ուղին

Հայաստանի և հայերի համար յուրահատուկ օր է մայիսի 9-ը:

Սա և՛ ֆաշիստական Գերմանիայի դեմ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն է, որում իսկապես մեծ է հայ ժողովրդի դերը, և՛ Շուշիի ազատագրման օրն է, և՛ ազգային ազատագրական բանակի կազմավորման օրը: Այս երեք հերոսական առիթները միավորում են հայ ոգու արիությունն ու կամքը: Եվ բոլորովին պատահական չէ, որ դրանք երեքն էլ բաժին են ընկել միևնույն օրվան:

Ամեն տարի մայիսի 9-ին մենք եռակի ենք փառավորում ու ոգեշնչվում մեր խորհրդային և հետխորհրդային հերոսների տարած հաղթանակներով, քանի որ ունենք բանակ, որն իր մեջ կրում է այս պատմական հաղթանակների հերոսական ոգին՝ պատրաստ անհրաժեշտության դեպքում թշնամուն հիշեցնելու իր անզիջում պայքարի ու հերոսական մարտերի մասին:

Հայրենական պատերազմի մասին ես տեղեկացել եմ պատմության էջերից, մեծերի պատմածներից և ֆիլմերից: Մեր գյուղից շատերն են մասնակցել հայրենական պատերազմին: Ամեն տարի մայիսի 9-ին կազմակերպված միջոցառումերին ինքս էլ եմ մասնակից եղել, որտեղ մեծարվել ու փառաբանվել են նրանք՝ մեր հերոսները: Հիշում եմ նաև իմ մեծ պապիկին՝ Գուրգեն Գարսևանի Մանասյանին, ով մասնակից էր այդ պատերազմին:

Ամեն տարի մայիսի 9-ին նա մեծ հպարտությամբ էր հագնում իր տոնական զգեստը, որի կրծքին կային բազմաթիվ մեդալներ: Նրա համար այդ տոնը մեծ տոն էր: Նա իր շուրջն էր հավաքում բոլոր թոռնիկ-ծոռնիկներին ու պատմում էր պատերազմում իր անցած դժվարին ուղու մասին: Նա հիմա չկա, ու չնայած ես այն ժամանակ դեռ փոքր էի, բայց աղոտ հիշում եմ այս ամենը, ու հիմա հպարտ եմ, որ ճանաչել եմ պատերազմ անցած այդ բազմահազար մարդկանցից գեթ մեկին, լսել եմ նրա պատմածներն ու նստել եմ նրա բազմաչարչար ծնկին: Նրա քաջության ու արիության ապացույցն էին նրա պատվոգրերը, խրախուսանքները, շքանշանները: 1985 թվականին «Սովետական Հայաստան» թերթում հունիսի 21-ի համարում «Արզականի խիզախները» հոդվածի մեջ գրված է նաև պապիկիս մասին, և հատկապես նշվում է թերթում, որ «Գուրգեն Գարսևանի Մանասյանը իր մարտական մկրտությունն ստացավ 1941 թվականի օգոստոսին, Սմոլենսկ քաղաքի պաշտպանական ծանր մարտերում: Վորոնեժի սպայական դպրոցն ավարտելուց հետո նա, որպես դասակի հրամանատար, 50-րդ հրաձգային կորպուսի կազմում մասնակցեց Վորոնեժի համար ծավալված մարտերին: 1943 թվականի ձմռանը թշնամին ամրացել էր քաղաքի մատույցներում և ձգտում էր կասեցնել սովետական զորամասերի առաջխաղացումը: Հրամանատարության հանձնարարությամբ Մանասյանի դասակը դեսանտ իջեցվեց թշնամու թիկունքը և հակառակորդի համար անսպասելի գրոհի նետվեց:

Զավթիչները չդիմացան սովետական մարտիկների հարվածներին, մեծ կորուստներ կրելով, անկազմակերպ նահանջեցին: Այնուհետև նրա դասակը հերոսական մարտեր մղեց Օրիոլ-Կուրսկի աղեղում, Կիևի, Խարկովի, իսկ 1944 թվականի գարնանը՝ Բեսարաբիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի ազատագրման համար: Կարպատյան լեռներում նա անձամբ ոչնչացրեց 2 դզօտ, 15 հիտլերական, որի համար պարգևատրվեց Կարմիր աստղի շքանշանով: Նրա դասակը հաջողությամբ անցնելով Տիսա գետը, հարվածներ հասցրեց թշնամուն, այրեց 2 տանկ, գերի վերցրեց 35 հիտլերական զինվոր ու ապա և մեծ քանակությամբ ռազմական ավար: Այդ մարտերում դասակի մարտական գործողությունները լավագույնս ղեկավարելու և արիության համար լեյտենանտ Մանասյանը պարգևատրվեց Հայրենական պատերազմի Երկրորդ աստիճանի շքանշանով: Նրան ընդունեցին կոմունիստական կուսակցության շարքերը: 1945 թվականի հոկտեմբերին նա տուն վերադարձավ հաղթանակով: Նախկին ճակատայինը, այժմ էլ երիտասարդ ավյունով աշխատում է Չարենցավանում»:

Թերթում այսքանն է նշված պապիկիս մասին: Ավելին իմանալու համար գնացի իր տուն: Աղջիկները, որոնցից մեկը իմ տատիկն է՝ Էլիդա Պետրոսյանը, քույրը՝ Սուսաննա Մանասյանը, խնամքով պահում են իրենց հոր շքանշանները, պատվոգրերը, լուսանկարները, որոնք դուք հիմա տեսնում եք:

Դե՛, չնայած դա պապիկի շնորհիվ էլ է, որ ես հիմա կարող եմ տեսնել այս ամենը, քանի որ նա իր ծառայությունը և աշխատանքը գնահատելով, խնամքով պահպանել է իր անձնական իրերը և փոխանցել աղջկան, ով նույն կերպ խնամքով պահպանում և գնահատում է իր հոր կատարած սխրանքը: Նաև իր անձնական իրերի մեջ գտա իր ինքնակենսագրականը, որը գրել է ինքն իր ձեռքով…

Կարող եմ նաև մեջբերումներ անել ինքնակենսագրականից…

«Ես՝ Գուրգեն Գարսևանի Մանասյանս, ծնվել եմ 1920թ. նոյեմբերի 20-ին (Ախտայի շրջանի) Հրազդանի Արզական գյուղում, հայ չքավոր գյուղացու ընտանիքում:

1929թ-ին սովորել եմ Արզականի 7-ամյա դպրոցում:

1937-1940թ. միջնակարգ կրթությունը ստացել եմ Ախտայի շրջանի Ալափարսի միջնակարգ դպրոցում…»

Եվ այսպես՝ տետրի երեք էջ… Մինչև 1989թ.-ը»:

Պապիկս մահացել է 2002թ.-ին:

Ասեմ, որ դեռ ողջ է պապիկիս կինը՝ Գոհար Մանասյանը: Գուրգեն պապիկի մահից հետո, որպես վետերանի կնոջ, նրա թոշակի մի մասը հասնում է Գոհար տատիկին, ով արդեն 93 տարեկան է:

Գուրգեն պապիկը պատերազմից վերադառնալուց հետո ասել է.

-Սրանից հետո մայիսի 9-ին ենք նշելու իմ ծննդյան օրը:

Ու մենք բոլորս՝ թոռնիկ-ծոռնիկներով ամեն տարի այդ օրը հավաքվում ենք նրանց տանը՝ անկախ նրանից, որ նա արդեն 15 տարի է, ողջ չէ:

Եվ այս տարի էլ բացառություն չէ, պետք է գնանք… Պետք է գնանք Գուրգեն պապիկի գերեզմանին ծաղիկներ դնենք: Պապիկը շատ է սիրել ծաղիկներ, և բոլորը՝ ամեն մեկը, իրար հերթ չտալով կպատմեն նրա մասին, կհիշեն Գուրգեն պապիկի սխրանքները: Նաև ասեմ, որ պապիկը երեխաներ շատ է սիրել: Դա երևի կապված է եղել, ինչու ոչ, իր աշխատանքի հետ՝ «Լուսաբաց» ճամբարում 25 տարի աշխատել է որպես տնտեսական մասի վարիչ: