Հույս իմ, հավատ իմ, Բերձոր

Երբ հուշերը դառնում են ապագայի երազանք

Արցախի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվան Թիվ 1 միջնակարգ դպրոցի մնացյալ 220 աշակերտների նման, 9-րդ դասարանցի Ավանեսյան Սոսեն էլ իր ծնողների ու երկու քույրերի հետ, սեպտեմբերի վերջին, ստիպված թողել է հայրենի տունն ու սիրելի դպրոցը, անզուգական Բերձորը: Այսօր նրա ընտանիքը ժամանակավորապես ապաստան է գտել Աշտարակում, որը հիշեցնում է հեռվում՝ թշնամուն մնացած Բերձորը: Իսկ Բերձորը, նրա անմահական հողն ու ջուրը, նրա անզուգական բնությունն ու զուլալ կենցաղը դեռ շատ վառ ապրում է նրա սրտում, հոգում ու երազանքներում: 

Արցախյան վերջին պատերազմը, իր ֆիզիկական և հոգեբանական ծանր դրոշմն է թողել ողջ հայ ժողովրդի վրա, իսկ տեղահան եղած արցախցիների համար այն նաև ամեն օր ու ժամ իրեն հիշեցնող սուր ցավ է ու կարոտ, մորմոք ու տենչանք, որը պատկերացնելն անգամ մյուսներիս համար դժվար է:

Սոսեն իր այս ստեղծագործությամբ բացել է մի պատուհան, որով կարող ենք տեսնել ու զգալ, թե ի՞նչ են զգում մեր հայրենազրկված հայրենակիցները, ու որ ամենակարևորն է, ի՞նչ են զգում կարոտախտով տառապող, մանկությունը անցյալում թողած արցախցի մեր մանուկներն ու պատանիները: 

Սոսեն ծնվել ու իր ամբողջ կյանքն անց է կացրել հայրենի Բերձորում, որն այնքան գեղեցիկ կերպով նկարագրված է նրա նամակում: Եղել է առաջադեմ աշակերտուհի: Գրականությունն ու լեզուն միշտ էլ եղել են նրա տարերքը: Աչքի է ընկել դպրոցի ու քաղաքի բոլոր միջոցառումներին իր ակտիվ մասնակցությամբ:

Ունի երազանքներ, որոնցից մեկն է` տպագրության հանձնել իր ստեղծագործությունները, իսկ մյուսների մասին արդեն կկարդաք նրա տողերում… 

Սոսեն այս նամակն ուղարկել էր Բերձորի Վահան Թեքեյանի անվան քույր դպրոցի Գլենդելի ՖԼԱԳ Հայերեն Երկլեզու Ծրագրի Ջեֆերսոն դպրոցում սովորող Նարեին: Նարեից խնդրեցինք, որ անձնական նամակն իր մոտ պահի, իսկ այս գեղեցիկ գրությունը մեզ հանձնի, որպեսզի տեղադրենք համացանցում, որպեսզի նրա գեղեցիկ մտքերը հասանելի դառնան ավելի շատ մարդկանց: Հուսով ենք, որ Սոսեն ու նրա ընկերները կուրախանան` տեսնելով իրենց պատկերն ու Բերձորի տեսարանը: Մենք որոշել ենք մի օր իրար հանդիպել ազատագրված Բերձորում:

Միգանուշ Մելքոնյան-Աճեմյան

Գլենդելի ՖԼԱԳ Հայերեն Երկլեզու Ծրագրի Ջեֆերսոն դպրոց

Հույս իմ, հավատ իմ, Բերձոր

Ասում են՝ հույսը մարդու վատ օրերի լավ բարեկամն է, միշտ օգնում է հավատալ այն լավին, որը շատ երկար ժամանակ անհնար է թվում: Ու իմ հույսն էլ ապրեց ու ինձ ստիպեց ապրել. Կտրված, բայց ապրեցի, թեև պարզապես շնչում էի՝ հուսալով, որ նոր շնչի հետ հայրենիքս վերադարձնելու միջոց կգտնեմ:

Արդեն մոտ վեց ամիս ինձ նման հազարավոր մարդիկ իրենց անցյալի հուշերի հեքիաթներում են ապրում: Բայց նույնիսկ այդ հեքիաթները ինձ ցավեցնում են, չէ՞ որ պարզապես հեքիաթ են կոչվում:

Ես ապրում էի մի քաղաքում, ուր ամեն օր բացահայտելու անկյուն կար, իսկ ես միայն շտապում էի բողոքել ձանձրալի առօրյայից, այնինչ այսօր երազում եմ մեկ վայրկյան տեսնել՝ վեր հառնած շունչը գարնան հպարտ քաղաքիս վրա:

Այժմ ապրում եմ մեկ այլ հեքիաթում: Այն նույնպես գեղեցիկ է, յուրօրինակ, բայց ինձ համար նման հեքիաթները միապաղաղ են, ամեն օր կարող են հանդիպել, իսկ իմ Բերձորը հազվագյուտ հեքիաթ է: Այժմյան քաղաքս փարված է քառագագաթ Արագածի գրկում: Նույնքան հանգիստ քաղաք է, որքան Բերձորս: Երկուսն էլ ունեն մի ընդհանրություն. նրանք համեստ են, խոնարհ, բայց իրենց ներսում թաքնված է բնության մի չկրկնվող հրաշք, ու երկուսն էլ չեն սիրում գոռալ այդ մասին:

Երբ նոր էի եկել, խորթ էր ինձ քաղաքն այս, օտար էին քարերը, ծառերը, տերևների խշխշուն զրույցը: Սկզբում չսիրեցի քաղաքը, ինձ թշնամի թվաց, չնայած այդ օրերին բոլորն էին իմ թշնամին:

Այնքան դժվար է այստեղ ապրելը, քեզ հանդիպող ամեն մարդու բացատրելը, որ Արցախը միայն ոմանց համար է ընդամենը չլուծված հարց, ինձ համար ամեն ինչ է, վեր իմ կյանքից: Նրանք չգիտեն, թե որքան եմ հպարտանում, որ արցախցի եմ, որ ապրել եմ այդ չքնաղ աշխարհում, որ կերտել եմ այնտեղ ապագա, որ ուրախացել եմ այնտեղ, լացել, հաղթել ու նաև պարտվել: Բայց ոչ մի վայրկյան չեմ կորցրել հույսս, միշտ հավատացել եմ ինձ, իմ ուժերին, ու գիտե՞ք, այդ երկրի հողն ինձ ուժ էր տալիս, նոր մտքեր, ու երևի դրա համար էլ սիրում էի առանձնանալ բնության մի անկյունում ու լուռ մտածել:

Արդեն մի քանի անգամ հանդիպել եմ ընկերներիս, զրուցել ենք, կարոտել , միասին վերապրել մեր հաղթանակները, ձեռքբերումները, մեր լավ ու վատ օրերը: Ես այդ հանդիպումից հետո եկա տուն և լուռ նայեցի մայրիկիս, չկարողացա խոսել, նույնիսկ լռել չէի կարողանում, կորցրել էի լեզուս, նաև բառերս:

Ես ուղղակի մի պահ փակեցի աչքերս ու սկսեցի գիտակցել, որ ետ չեմ բերի կորցրածս, ու այդ պահին սիրտս չկարողացավ դիմանալ, ու ես՝ արցունքներով պատված աչքերս փակեցի մայրիկիս անուշ գրկում ու երբ բացեցի, բոլորը լուռ  նայում էին ինձ ու ժպտում:

Այստեղ արդեն ընկերներ ունեմ, նոր շրջապատ, նոր կյանք և մեծ սիրով եմ նրանց պատմում իմ հայրենիքի մասին ու խոստացել եմ տանել իմ Արցախ: