Հունի~ս, հուլի~ս, օգոստո՞ս…

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Հունիս

Բոլորս ուրախ ենք. ամռան առաջին ամիսն է, և կարելի է մի լավ հանգստանալ: Յուրաքանչյուրս կարծում է, որ այս ամառն ամենից լավն է լինելու, և հանգիստը վայելելու իր տարբերակն է մշակում.

«Ծով, ճամբար, պիկնիկ, ամեն օր առավոտյան վազել, կրկին ծով…»:

Օրերն անցնում են, սակայն տարբերակներից քչերն են իրականություն դառնում, որովհետև ժամանակ ունենք. չէ՞ որ առաջին ամիսն է, կհասցնենք: Եվ այսպես, ամեն օր արդարանալով, մոտենում ենք երկրորդին:

Հուլիս

Կրկին ուրախ ենք` ամառ, շոգ, իսկևիսկ ծով գնալու ժամանակ: Սրտատրոփ սպասում ենք Վարդավառին, բայց ամեն անգամ` հաջորդ իսկ օրը, բողոքում, որ այն անհետաքրքիր էր: Ետ չենք մնում սովորությունից և շարունակում արդարանալ, որ կհասցնենք վայելել ամառը. առջևում օգոստոսն է: Մոտենում է հուլիսի վերջը, հիշեցնելով ամառվա վերջին ամսի և ամենավատը` սեպտեմբերին մոտ լինելու մասին:

Օգոստոս

Համատարած հիասթափություն, բողոքներ և զղջումներ: Բոլորս բողոքում ենք, որ ամառը շատ արագ անցավ, և չհասցրինք հանգստանալ: Բողոքում ենք` իմանալով, որ դրա պատճառը հենց մենք ենք: Շատերս զղջում ենք, որովհետև անցկացրել ենք անհետաքրքիր օրեր և ամեն անգամ սպասել ենք հաջորդին` հույս ունենալով, որ հաջորդն ավելի հետաքրքիր  կլինի: Հույսը դնելով վաղվա օրվա վրա` անցկացրել և շարունակում ենք անցկացնել ամառը:

Փորձս ցույց է տալիս, որ ներկայով ապրելն ավելի արդյունավետ և, միևնույն ժամանակ, հաճելի է: Բավականություն ստացիր նոր բացվող օրից, և ինչ անելու ես` արա հենց այսօր և հենց հիմա, իմաստավորիր օրդ: Հաճախ շատ հեռու գնալ պետք չէ հետաքրքիր ապրելու համար:

Իսկ վերջում լավ լուր. մի’ հուսահատվեք. մեզ են սպասում օգոստոսյան բարիքներն ու զով երեկոները: Սկսենք ապրել հենց այս պահից: