ANush Hovhannisyan

Հպարտությամբ սպասում եմ

Ամեն օր հաշվում եմ, թե քանի օր է մնացել, որ եղբայրս բանակում վերջացնի իր ծառայությունը ու վերադառնա տուն: Կարոտի անսահման զգացումը և օրերի դանդաղ ընթացքը կարծես մի ողջ հավերժություն թվա, բայց գիտեմ, որ բոլոր այն քույրիկները, ովքեր ունեն զինվոր եղբայր, ինձ նման անհամբեր սպասում են նրա սպասված վերադարձին, որ եղբայրը գա ու ասի` ես եկել եմ ու միշտ կողքիդ եմ լինելու այսուհետ:

Ամեն անգամ նրա ձայնը լսելուն պես աչքերս արցունքով են լցվում, չգիտեմ, դա հպարտությո՞ւնն է, կարո՞տը, թե՞ նրա արտասանած «իմ քուրիկ»-ն է ստիպում հուզվել: Բայց ինչևէ, ինձ հավաքում եմ, քանի որ եղբորս խոստացել եմ լաց չլինել, ու լարված ձայնով ասում եմ. «Ջան… Հայկս, գիտե՞ս քեզ մնաց մի քանի շաբաթ»: Ու երկուսս էլ սկսում ենք ծիծաղել, իսկ նրա ծիծաղը ինձ համար ամենաթանկն է:

Եղբայրս ծառայությունը անցկացնում է Լեռնային Ղարաբաղում: Եվ ապրիլյան այդ տխուր օրերը ինձ համար սարսափելի էին: Անհանգստություն ու հուզված աչքեր, իսկ մյուս կողմից` հպարտության մի հսկայական զգացում:

Անհամբեր սպասում եմ, որ վերջապես տեսնեմ իմ հերոսին: Եվ բոլոր զինվորների քույրիկներին անսահման համբերություն եմ ցանկանում, իմացեք, որ նրանք ձեզնով են հպարտ և սահմանին իրենք հանուն ձեզ են իրենց վտանգում: