Հրահատ Կարապետյան. անմահ հերոս

Շաքի բնակավայրի ցավն ավելի է սաստկանում՝ 5-րդ հերոսն է նահատակվել, 5 կիսատ մնացած կյանք: Այսօր էլ Հրահատ Կարապետյանն է եկել ձեզ միանալու տղերք…

Հրահատ Կարապետյանը ծնվել է 1983 թ-ին Սիսիան քաղաքում: Տեղի թիվ 2 դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է ԴՕՍԱԱՖ-ում ՝ որպես վարորդ: Այնուհետև 2001 թ.-ին զորակոչվել է հայոց բանակ՝ ծառայել Էջմիածնում: Զորացրվելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Շաքիի քարի արտադրամասում, ավելի քան 20 տարի ապրել է Շաքի բնակավայրում, ապա սոցիալական խնդիրների պատճառով մեկնել  ՌԴ, 2 տարի այնտեղ աշխատելուց հետո վերադարձել է հայրենիք՝ հավերժ հայրենիքում մնալու նպատակով: Նա գտնում էր, որ հայրենիքն ուրիշ է, միևնույնն է, օտար հողում մնում ես օտար, քո հայրենիքն է քեզ ուժ տվողը: Ամուսնանալով Հասմիկ Կարապետյանի հետ և ունենալով 3 զավակ՝ նոր համ ու երանգով շրջապատեց իրեն:

-Ընտանիքը զորեղ բան է,- ասում էր Հրահատը:

2013 թ.-ից  անցել է պայմանագրային  զինվորական ծառայության:
-Նա երբեք չէր խոսում իր ցավերի մասին: Ամեն բան լուռ էր տանում, որ չանհանգստանանք: Բոլորին սիրող ու հարգող էր, սիրտն էլ կհաներ ու կտար: Ժպտերես էր: Երբ ինչ-որ բան էր որոշում, ամեն ինչ անում էր, որ ասածը կատարեր: Շատ էր սիրում ընտանիքի հետ տեղ գնալ: Անգամ մահից առաջ՝ մինչ պատերազմն սկսելը, որոշել էր, որ Սևան ու Տաթև պիտի գնանք, բայց այդպես էլ երազանք մնաց,- հիշում է Հրահատի կինը՝ Հասմիկը:

Հրահատը շատ ընկերասեր ու հարգանքով լի էր: Նա ընտրեց, որ պետք է գնա ընկերների հետ: Գնաց՝ անվերադարձ:
-Անգամ մի կտոր հաց ուտելիս կոկորդով չէր գնում, եթե ընկերների հետ չէր: Ընկերներով շատ էին կապված: Գնալուց առաջ ընկերներն ասում էին, որ մնա, քանի որ երեք բալիկ ունի, սակայն Հրահատը չհամաձայնվեց, ասելով, որ չի կարող ընկերներին մենակ թողնել, պիտի անպայման գնա նրանց հետ: Այդպես էլ արեց: Միասին գնացին ու միասին էլ անմահացան,- շարունակում է Հասմիկը:

Հոկտեմբերի 8-ի գիշերը, դիրքերից իջեցնելիս, եղբայրն ասել էր, որ Հրահատի փոխարեն իրեն տանեն, սակայն չէր համաձայնվել:
-Վերջին անգամ հոկտեմբերի 9-ին՝ գիշերը ժամը 5:00-ին զանգեց: Մեր զրույցն ընդհատվեց,-հիշում է Հասմիկը:

Հրահատը զոհվել է Ղարաբաղում, բայց պատերազմի դաշտ չի հասցրել հասնել: Հոկտեմբերի 10-ին,Կարմիր շուկայի մոտ, իրենց մեքենան պայթեցրել են: Գնալուց առաջ Հրահատը մորն ասել է, որ Աստված ունի, ուրիշ բաներ չմտածեն, անպայման հետ է գալու: Սակայն շատ ու շատ կամավորների, զինվորների պես Հրահատն էլ գնաց հայրենիքի պաշտպանության սուրբ գործով և այդպես էլ ցավոք հետ չեկավ:

Թշնամին խլեց կյանքդ, զորեղ ընտանիքդ թևը կտրեց,  բայց քո հերոսությունը ու քո նման հերոսների ուժով տունդ փլատակ չի դառնա, նենգ թշնամին տանդ մոտ չի գա…հերոս, ննջիր խաղաղությամբ՝ քեզ հավերժ փառք: